Իսկ օրենքը կգործի՞ Իսպանիայի տարածքում

30/09/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Դեռեւս Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը «Շքեղության հարկի մասին» օրինագիծ էր հեղինակել:

Օրինագիծն ԱԺ-ում չքննարկվեց, կառավարությունը մի շարք դիտողություններով բացասական եզրակացություն էր ներկայացրել: Վ.Դալլաքյանը որոշել է ներկայացնել օրինագծի լրամշակված տարբերակը, կառավարության հետ փոխհամաձայնության գալ եւ ներկայացնել երկուստեք ընդունելի նախագիծ:

Հիշեցնենք, որ Վ.Դալլաքյանն առաջարկել էր, որ շքեղ, թանկարժեք շարժական եւ անշարժ գույքի համար սեփականատերերը պետք է հարկ վճարեն: Ընդ որում, գույքի յուրաքանչյուր տեսակի համար նախագծում սահմանված էին հարկման չափորոշիչներն ու դրույքաչափերը: Օրինակ, 10 հեկտարը գերազանցող եւ մինչեւ 30 հեկտար հողատարածքի համար սեփականատերը պետք է վճարի այդ գույքի կադաստրային արժեքի 5 տոկոսը: Կամ` Երեւանի բնակիչը բազմաբնակարան շենքում 40 քառակուսի մետրը գերազանցող յուրաքանչյուր մասի համար պետք է վճարի այդ մակերեսի արժեքի 20 տոկոսի չափով հարկ: Եթե ՀՀ քաղաքացու անձնական օգտագործման մարդատար մեքենան 50.000 դոլարից ավելի արժի, բայց չի գերազանցում 100.000 դոլարը, ապա դրա սեփականատերը ամեն տարի պետք է վճարի այդ թվերի միջակայքում ընկած գումարի 15 տոկոսի չափով հարկ: Եվ այդպես շարունակ: Ընդ որում, պատգամավորն իր նախագծի մեջ նշել էր, թե այդ գումարները պետք է ուղղվեն պետական բյուջե եւ օգտագործվեն բացառապես սոցիալական, առողջապահական, կրթական եւ նման այլ խնդիրները լուծելու համար: Կառավարությունն իր եզրակացության մեջ «անհիմն բարձր» էր համարել Վ.Դալլաքյանի սահմանած դրույքաչափերը: Նաեւ ավելացրել էր, թե «Հայաստանում արդեն իսկ սահմանված են եկամտային ու գույքային հարկերի պրոգրեսիվ դրույքաչափեր: Դա նշանակում է, որ բարձր եկամուտներ եւ մեծ սեփականություն ունեցող անձինք հարկեր վճարում են ավելի մեծ չափով, հետեւաբար նոր հարկատեսակի ներդրման անհրաժեշտություն չկա»: Իսկ եթե, այնուամենայնիվ, նախագիծը ներկայացնելու նպատակը հարուստ խավի հարկային բեռի վերանայումն է, ապա կառավարությունն առավել նպատակահարմար էր համարել դա կատարել գույքային եւ եկամտային հարկերի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով: Կառավարությունն արել էր մի քանի այլ դիտողություններ եւս, սակայն իր եզրակացության վերջում նաեւ նշել էր, թե կիսում է պատգամավորի տեսակետը շքեղության հարկ սահմանելու անհրաժեշտության հարցում: Եվ օրինագծի հեղինակին առաջարկում է «համագործակցել Ֆինանսների նախարարության հետ` խնդրի կարգավորման երկուստեք ընդունելի մեխանիզմների մշակման գործում»:

Եվ հիմա Վ.Դալլաքյանը նոր օրինագիծ է մշակում, որը պետք է քննարկի կառավարության ստեղծած աշխատանքային խմբի հետ երկուստեք ընդհանուր տարբերակ գտնելու համար: Այսինքն կառավարությունն ընդունել է, որ հարուստ մարդիկ պետք է ավելի շատ հարկվեն, ու հիմա պետք է որոշեն, թե դա ինչ ճանապարհով են անելու: Նո՞ր հարկ են սահմանելու, թե՞ վերը նշված օրենքներում բարձրացնելու են հարկման դրույքաչափերը: Բայց կառավարությունը դժգոհ էր նաեւ Վ.Դալլաքյանի սահմանած դրույքաչափերի բարձր չափից: Այսինքն` եթե նույնիսկ որոշակի փոփոխություն էլ արվի այս հարկման դաշտում, ուրեմն դա ավելի ցածր է լինելու, քան պատգամավորն էր առաջարկել: Հնարավո՞ր է, որ կառավարության հետ մշակվելիք օրենսդրական նախաձեռնության մեջ այդ հարկման չափն այնքան ցածր սահմանվի, որ այն աննշան լինի եւ իմաստ չունենա: «Ես կարծում եմ, որ կառավարությունը նման առաջարկություն չի կատարի, որ օրենսդրական նախաձեռնությունը դառնա անիմաստ, որովհետեւ սա նաեւ լրացուցիչ ֆինանսական հնարավորություններ է ընձեռում կառավարությանը լուծելու սոցիալական որոշակի խնդիրներ»,- ասում է Վ.Դալլաքյանը:

Փորձը ցույց է տալիս, որ կառավարության ներկայացրած օրինագծերն ԱԺ-ում լավագույն դեպքում «մի թեթեւ» են փոփոխվում: Օրենսդիրը միշտ էլ ընդունել է գործադիրի առաջարկությունը: Աղմուկ է բարձրացել միայն այն ժամանակ, երբ այդ օրինագիծը խփելու էր պատգամավորների իսկ սեփական գրպանին: Միգուցե Դալլաքյանի ու կառավարության այս օրինագի՞ծն էլ արժանանա պատգամավորների բուռն քննադատությանը եւ չընդունվի: Չէ՞ որ նրանցից շատերն ունեն սեփական բիզնես, շքեղ բնակարաններ, առանձնատներ ու ավտոմեքենաներ եւ առանձնապես չեն փայլում հարկեր վճարելու պատրաստակամությամբ: Ավելին, դրանք թաքցնում են եւ գրանցում իրենց զոքանչների կամ «քեռու մարդու» անունով: Այս դեպքում Վ.Դալլաքյանը գտնում է, որ այս նախաձեռնությունը ավելի շահեկան է լինելու նման պատգամավորների համար: «Նման պատգամավորների համար ավելի շահեկան է գործել օրենքի շրջանակներում, եւ իրենց ունեցվածքը ձեւակերպել ոչ թե զոքանչների կամ բարեկամների անուններով, այլ հայտարարեն, որ ունեն այս-այս ունեցվածքը եւ դրանից հարկեր վճարեն: Դրանով նաեւ որոշակիորեն ապահովագրվեն լրագրողներից»,- կարծում է պատգամավորը:

Սակայն նույն պատգամավորները երբեք չեն զլացել հարկերը չվճարելու կամ իրենց ունեցվածքը հասարակությունից թաքցնելու համար դիմել կոռուպցիոն տարբեր միջոցների: Օրինակ՝ կարող են կադաստրում կամ վարչական այլ մարմիններում դրանց ղեկավարների հետ համագործակցելով` իրենց գույքի չափերն ու արժեքը ավելի փոքր ներկայացնել: Եվ արդեն պարզ չէ, թե այս օրինագիծը բյուջեին որոշակի եկամուտներ կբերի՞, թե՞ հարուստների համար կդառնա կոռուպցիայի մեկ այլ հնարավորություն: «Հայաստանի խնդիրը օրենքների չկատարելն է: Ընտրական օրենսգրքում գրված չէ, թե պետք է արկղը գողանալ կամ լցնել: Հակառակը, ես ու Բաղդասարյան Արթուրը գրել ենք, որ դրա համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Բայց դա չի կիրառվում: Սա ուրիշ խնդիր է: Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը: Եթե ընտրությունները պետք է կեղծվեն, ուրեմն Հայաստանին ընտրական օրենսգիրք պետք չէ: Դա սխալ տրամաբանություն է: Պետք է հասնել նրան, իսկ դա ժամանակի խնդիր է, որ օրենքները գործեն: ՀՀ խնդիրը ոչ թե անկատար օրենքներն են կամ ոչ այնքան կատարյալ օրենքներն են, որքան օրենքների չկատարելը»,- ասում է Վ.Դալլաքյանը: