Ընդդիմությունը միավորվելու է

16/10/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախորդ շաբաթ Մոսկվայում վրաերթի է ենթարկվել «Նոր ժամանակներ» (ՆԺ) կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի մեքենան: Դիտավորությո՞ւն էր դա, թե՞ պատահականություն: ՆԺ ղեկավարը դժվարանում է պատասխանել այս հարցին` բավարար տեղեկատվություն չունենալու պատճառով:

Նա նկատում է սակայն, որ վերջին երկու տարվա ընթացքում սա արդեն երրորդ նմանատիպ դեպքն է: «Այսպիսի կապ կա. հենց այստեղ քաղաքական դաշտում սրացում է գնում, այնտեղ (Մոսկվայում) դեպք է պատահում»,- շեշտում է ՆԺ առաջնորդը: Ըստ նրա, նախորդ երկու դեպքերում ոչինչ պարզել չի հաջողվել: Ա. Կարապետյանի նկարագրմամբ՝ բոլոր երեք դեպքերում էլ մեքենային հարված է հասցվել կարմիր լույսի տակ կանգնած ժամանակ: «Հնարավոր է, որ դա պատահականություն է, բայց պատահաբար նման բաներ…մի քիչ բարդ է»,- մտորում է նա: Ա. Կարապետյանի խոսքերով՝ այս գործողության (եթե դա գործողություն է) հիմնական իմաստը մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելը չէ: «Սա, ընդհանուր առմամբ, հատուկ ծառայությունների աշխատանքի ոճում անվանվում է զգուշացում»,- ասում է նա, միաժամանակ շեշտելով, որ ինքը որեւէ ինֆորմացիա չունի, որ դա դիտավորություն էր: Լավ, իսկ ինչո՞ւ Մոսկվայում: ՆԺ ղեկավարի կարծիքով, հնարավոր դիտավորությունները կատարվում են Մոսկվայում, ավելի շատ` Մոսկվայի նրա ընկերներին, բարեկամներին ցույց տալու համար, որ հակառակ կողմը գործողության պատրաստ է, սակայն ովքե՞ր են դրանք, Ա. Կարապետյանը չգիտի: «Ուզում են ցույց տալ, որ նույնիսկ Մոսկվայում հնարավորություն ունեն որեւէ բան անելու»,- շարունակելով հավանական դիտավորության մասին դատողությունները` ասում է ՆԺ ղեկավարը: «Հայաստանում գործընթացները պետք է շարունակություն ունենան, անկախ նրանից` այդ դեպքը պատահականությո՞ւն էր, թե՞ դիտավորություն»,- կարծում է նա: Իսկ այդ ի՞նչ գործընթացներ են, որ պետք է շարունակվեն: Հիշեցնենք, որ «ազգային հեղափոխության» իրականացման ճանապարհին ՆԺ հրավիրած վերջին հանրահավաքում Ա. Կարապետյանը նշել էր, որ իրենք «թայմ աութ» են վերցնում՝ մինչեւ սեպտեմբեր: Սակայն սեպտեմբերն ավարտվեց, բայց «թայմ աութը», կարծեք թե, շարունակվում է: ՆԺ ղեկավարի կարծիքով՝ այնպես չէ, որ այս ընթացքում որեւէ բան չի արվել: Նրա համոզմամբ՝ «թայմ աութը» շատ արդյունավետ է օգտագործվել: Ա. Կարապետյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերին եւ հոկտեմբերի այս ժամանակահատվածում հաջողվել է կազմել ընդդիմության միասնական ճակատ: Սակայն 17 կուսակցությունների թվին չեն պատկանում ընդդիմադիր դաշտի մի քանի կուսակցություններ, ինչը հնարավորություն է տալիս, որ այդ «ճակատը» համարվի ոչ այնքան միասնական: «Նրանք, ովքեր չեն միացել 17-ին, չի նշանակում, թե նրանք համաքայլ չեն քայլելու: Ես վստահ եմ, որ թե՛ «Ազգային Միաբանությունը», թե՛ «Ժառանգությունը» գնալու են իրենց ճանապարհով, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ, բայց որ վերջին կիզակետում բոլորը միանալու են, դրանում ես կասկած չունեմ»,- հակադարձում է Ա. Կարապետյանը: Սակայն նախագահական ընտրությունների ժամանակ «վերջին կիզակետում» ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց միավորվել: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ ՆԺ առաջնորդը կարծիք հայտնեց, որ ամբիցիաները Հայաստանում միշտ էլ ավելի բարձր են եղել, քան գործը: «Այս անգամ միավորվել կստացվի, որովհետեւ այստեղ ամբիցիաների խնդիր չկա»,- ասում է նա: Նկատում է, որ քաղաքական անդորրի պայմաններում իրենց կողմից հրավիրված հանրահավաքներն ավելի մարդաշատ էին, քան «Արդարություն» դաշինքի անցկացրած հանրահավաքները: Ինչեւէ, Ա. Կարապետյանի հաշվարկները ցույց են տալիս, որ առանց կեղծիքների հնարավոր չի լինելու ապահովել հանրաքվեի դրական արդյունքը: Հաշվի առնելով այն, որ եվրոպական կառույցները շահագրգռված են հանրաքվեի հաջող ելքով, մեր ընդդիմադիրները մտավախություն չունե՞ն, որ եվրոպացիներն աչք կփակեն հնարավոր ընտրակեղծիքների վրա: ՆԺ առաջնորդը հիշեցնում է, որ հանրաքվեն մի անգամ արդեն տապալվել է: Նրա կարծիքով` միջազգային կառույցները հաշվի չեն առնում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: «Սահմանադրական փոփոխությունները վերագրվեցին իշխանությանը: Եվ այսօր հստակ հասկանալի է, որ այդ իշխանության տարբերակի մերժումը հաշվի չի առնելու, թե ինչ է ասվելու դրսից: Դրսից ասում են, որ գրված հոդվածները լավն են: Ներսում մարդիկ ասում են՝ հետո՞ ինչ, որ լավն են, ո՞վ է դա կիրառելու»,- հարցնում է ՆԺ ղեկավարը եւ նկատում, որ1937-ի ԽՍՀՄ Սահմանադրությունը հետագայում ՄԱԿ-ի վերլուծաբանների կողմից ճանաչվել է ամենամարդասիրականներից մեկը: Պրն Կարապետյանը համաձայն է եվրոպական կառույցների հետ, որ առաջարկվող տարբերակը համապատասխանում է միջազգային չափանիշներին: «Դա շատ լավ է, բայց Ժիսկար Դեստենի միջազգային չափանիշներով գրված Եվրամիության Սահմանադրությունը, իր հայրենիքում՝ Ֆրանսիայում, չանցավ, այն դեպքում, երբ եվրոպական բոլոր կառույցներն օրը 20 ժամ քարոզում էին, որ այն ամենալավ տարբերակն է»,- ասում է նա: Սակայն մտավախություն չունե՞ն մեր ընդդիմադիրները, որ եվրոկառույցներին հակառակվելը կարող է պակասեցնել իշխանության գալու իրենց հույսերը: «2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունը հակառակվեց ամբողջ աշխարհին: Հետո՞ ինչ»,- ասում է Ա. Կարապետյանը եւ շեշտում, որ եվրոպական կառույցների հետ որեւէ խնդիր չկա: