Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի խորհրդական Գրիգոր Նազարյանը երեկ մամուլի ասուլիսում անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե «Արմավիայի» սեփականատեր, խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովը պատրաստվում է վաճառել «Արմավիան»: Ըստ նրա` քաղավիացիայի իրավասության շրջանակներից դուրս է տնտեսվարողների գործերին միջամտելը, եւ սեփական բաժնեմասը վաճառել-չվաճառելու որոշումը Միխայիլ Բաղդասարովինն է: «Չեմ կարող մեկնաբանել այդ լուրերը, թե Բաղդասարովը պատրաստվում է վաճառել իր բաժնեմասը, միայն կարող եմ ասել, որ դրան պետությունը չի կարող միջամտել»,- հայտարարել է ՔԱԳՎ աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը` հավելելով, թե տնտեսվարողների խնդիրները լուծվում են օրենսդրական դաշտում, եւ քաղավիացիայի իրավասության մեջ չի մտնում տնտեսվարողների գործերին միջամտելը: «Ես միայն կարող եմ ասել, որ մենք ամեն ինչ անում ենք, որ ուղեւորները վստահ լինեն, որ իրենց թռիչքն անվտանգ է»,- ասել է Ս. Հակոբյանը: Դիտարկմանը, որ «Արմավիան» ազգային փոխադրող է, Հակոբյանը պատասխանել է. «Եթե այդպես դատենք, «Զվարթնոցն» էլ ազգային օդանավակայան է»:
Անդրադառնալով «Արմավիայի» աշխատակիցների` երկար ժամանակ աշխատավարձ չստանալու մասին բողոքներին, ՔԱԳՎ ներկայացուցիչները հայտարարել են, որ Քաղավիացիայի վարչությունը չի կարող միջամտել այդ հարցին: «Այս տարվա սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ հիշյալ ավիաընկերությունն ուղեւորափոխադրումների մոտ 13 տոկոս աճ է ապահովել, որը գրեթե հավասար է քաղավիացիայի ոլորտում նույն ժամանակաշրջանում արձանագրված ուղեւորափոխադրումների աճին: Սա կանոնավորության եւ վստահելի աշխատանքի արդյունք է»: