Միջամտության արդյունքը

30/09/2010

Հայ Ազգային կոնգրեսը երեկ հայտարարություն է տարածել Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի սեպտեմբերի 16-ի որոշման վերաբերյալ, որով Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանին անվստահություն էին հայտնել: Ըստ ՀԱԿ-ի` այդ որոշումը «խոր մտահոգություն է առաջացրել Հայաստանի ժողովրդավարության զարգացումով եւ եվրոպական արժեքների տարածմամբ հետաքրքրված հասարակության շրջանում»: «Անվստահության հարցը հարուցվել եւ իրականացվել է այն ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, որոնք մշտապես լռել են Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի կապակցությամբ: Այդ կազմակերպությունները, եւ մասնավորապես, իշխանական կոալիցիայի բացահայտ աջակցությունը վայելող «Եվրոպական շարժում» կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում իրենց դրսեւորել են եւ հայ հասարակության կողմից ճանաչված են որպես ավազակապետական վարչակարգի ամենաջերմեռանդ սատարողներ: Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի ձեւավորումով Հայաստանի հասարակության շրջանում հույսեր արթնացան, որ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության նոր փուլը, որի հիմքում պետք է դրվեր Ասոցիացման պայմանագիրը, բեկում կբերի Հայաստանում այդքան պահանջված ժողովրդավարական բարեփոխումների համար: Սակայն ՀՀ իշխանությունները ոչ միայն սկսեցին ձգձգել պայմանագրի շուրջ բանակցությունները, այլեւ շարունակաբար ձախողեցին իրենց իսկ կողմից եվրոպական կառույցների հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումը: Այսօր արդեն ՀՀ իշխանությունները բացահայտ փորձ են անում միջամտել այնպիսի մի կառույցի գործունեությանը, որը կոչված է վերահսկել պայմանագրի բանակցությունների ընթացքն ու Հայաստանի պարտավորությունների կատարումը: ՀՀ իշխանությունների հովանավորությամբ իրականացվող այս գործընթացները բացասական անդրադարձ կունենան Արեւելյան գործընկերության ծրագրի եւ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության վրա»,- ասված է հայտարարության մեջ: