Դատելով վերջին տարիների զարգացումներից՝ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ ոչ ոք այլեւս չի կարողանա գերազանցել Ռոբերտ Քոչարյանին՝ կտրած «կարմիր ժապավենների» քանակով։
Խնդիրը ոչ միայն այն է, որ նախկին նախագահը խտրականություն չէր դնում եւ կարող էր նույն ոգեւորությամբ մասնակցել ինչպես 4-5 աշխատող ունեցող սննդի օբյեկտի, այնպես էլ խոշոր ընկերության բացմանը։ Վիճակը բարդանում է նրանով, որ այսօր մեր հանրապետությունում գրեթե ոչինչ չի բացվում։
Սակայն, ինչպես գիտեք, անելանելի վիճակներ, հատկապես մեր իշխանությունների համար, չկան։ Եթե չեն բացվում նոր գործարաններ, կարելի է այցելել արդեն գործող ընկերությունները։ Նախագահ Սերժ Սարգսյանն, օրինակ, երեկ այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն` հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ: Չէ, իհարկե, ոչ մի արտառոց բան չկա՝ մանավանդ, եթե հաշվի առնենք, որ աշխատող լուրջ գործարանները Հայաստանում կարելի է մատների վրա հաշվել, եւ բացի այդ՝ «Գրանդ Քենդին» վերջերս հայտնվեց Գինեսի գրքում՝ իր շատ մեծ շոկոլադե սալիկով։ Եվ վերջապես, ցանկացած նման արարողություն (այց, բացում, վերաբացում եւ այլն) արվում է հիմնականում մեկ նպատակով. որպեսզի լրատվականներում այդ ամենը երեւա, եւ լրագրողները կարողանան մի քանի հարց ուղղել բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ընդ որում, որպես կանոն, թեմայից դուրս։
Իհարկե, լինում են նաեւ թեմային վերաբերող մեկնաբանություններ։ Եվ լինում են նաեւ թեմային վերաբերող, ուշագրավ մեկնաբանություններ։ Օրինակ, երեկ Սերժ Սարգսյանի հետ «Գրանդ Քենդի» է այցելել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ մի այսպիսի հայտարարություն է արել. «Ճգնաժամային շրջանում շատ կարեւոր է, որ մենք կարողանանք աճի նոր խթաններ հայտնաբերել, հատկապես սննդի ոլորտում»։ Թե ինչու հատկապես սննդի ոլորտում՝ առավել քան պարզ է. նախարարը գտնվում էր սննդի ոլորտի ընկերությունում։ Սակայն ամենաուշագրավը առաջին երկու բառերն են՝ ճգնաժամային շրջանում։ Ուշագրավ է նրանով, որ խոսքերի հեղինակը նույն Ներսես Երիցյանն է, ով մի քանի ամիս առաջ խոսում էր ճգնաժամը պատվով հաղթահարելու մասին։ Փաստորեն՝ ճգնաժամը էկոնոմիկայի նախարարի համար վերածնվել է։
Իհարկե, հիմքեր կան այդպես կարծելու։ Ո՞ր ոլորտին ամենից շատ հարվածեց ճգնաժամը՝ իհարկե շինարարությանը։ Այսինքն՝ շինարարությունը մի տեսակ ինդիկատորի դեր է կատարում ճգնաժամի խորությունը չափելու համար, քանի որ (ուզենք թե չուզենք) այն մեր տնտեսության հիմնասյուներից մեկն է։ Այսօր այդ ճյուղը անկում է արձանագրել անգամ ճգնաժամային տարվա համեմատ։ Համախառն ներքին արդյունքն աճել է ընդամենը 3.1%-ով։ Սակայն մեզնից գոհ են։ Գոհ են նրանք, ովքեր ամենակարեւորն են մեր իշխանությունների համար՝ փող տվողները։ Օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը։
«2009 թ. ճգնաժամի ընթացքում իշխանությունները բարեհաջող կերպով մեղմել են բացասական ազդեցությունը բնակչության վրա` հավուր պատշաճի որդեգրելով հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականություն»,- երեկ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսան։
Նա նշել է, որ չնայած առեւտրի եւ փոխանցումների ծավալների վերականգնումը նոր շունչ է հաղորդում արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտներին, գյուղատնտեսության ոլորտի վրա ծանր ազդեցություն են թողել անբարենպաստ բնակլիմայական պայմանները: «Հետեւաբար, ակնկալում ենք, որ տնտեսական ակտիվության ընդհանուր մակարդակը 2010 թվականին կաճի մոտ 4%-ով, իսկ 2011-ին՝ 4.5 %-ով»,- ասել է ԱՄՀ պաշտոնյան։
Փաստորեն, ԱՄՀ-ի համար մեր իշխանություններն ամեն ինչ շատ ճիշտ են արել, պարզապես նրանց խանգարել են բնակլիմայական պայմանները։ Եվ որպես փայլուն աշխատանքի գնահատական՝ Հայաստանը մոտ ապագայում կարող է ստանալ 410 միլիոն դոլարանոց հերթական վարկի՝ 56 միլիոն դոլար չափաբաժինը։ Սակայն Գիլյերմո Տոլոսայի համար ամեն ինչ այնքան էլ իդեալական չէ, որքան թվում է առաջին հայացքից։ 2 ամիս առաջ նա հայտարարեց, որ Հայաստանի միկրոտնտեսությունն աշխատում է հնացած շարժիչով, եւ, որ այն հարկավոր է փոխել։ Այդ կոչ-առաջարկը մի տեսակ անուշադրության մատնվեց ՀՀ իշխանությունների կողմից։ Երեկ լրագրողները կրկին հետաքրքրվել են պրն Տոլոսայից՝ դեռեւս աշխատում ենք հին շարժիչո՞վ։ «Իսկապես նոր միջավայրում խիստ անհրաժեշտ է այդ նոր շարժիչը։ Այսօրվա դրությամբ դեռեւս հին շարժիչով ենք աշխատում, բայց տեսնում ենք, որ նոր շարժիչի առաջին մասերն արդեն ձեւավորվում են»,- ասել է Տոլոսան։ Ցանկացած «խադավիկ» ձեզ կասի, որ եթե շարժիչը հին է, ապա մնացած մյուս մասերի գովքն անելը անիմաստ զբաղմունք է։ Այսինքն, կարելի է ասել, որ ԱՄՀ ներկայացուցիչը խիստ բացասական գնահատական է տվել մեր տնտեսությանը, իսկ մնացած նախադասություններն ընդամենն այդ գնահատականը մեղմելու նպատակ ունեն։ Օրինակ այն, որ բանախոսը դրական է գնահատել հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ Հայաստանի կառավարության գործունեությունը, ասելով, թե կատարվում են դրական քայլեր, որոնց արդյունքը կերեւա ժամանակի ընթացքում։
Նկատենք նաեւ, որ մեր կողմից այդքան քննադատվող ԱՄՀ-ն իր մեկնաբանություններում ավելի անկեղծ ու իրատես է, քան մեր կառավարության անդամները։ Օրինակ, երեկ խոսելով արտահանման մասին՝ Ներսես Երիցյանն ասել է. «Արտահանելն այլ գիտելիք է պահանջում, արտադրելն` այլ: Ցավոք սրտի, արտահանման գիտելիքները բավարար չեն, եւ պետությունը պետք է աջակցի ընկերություններին այդ հարցում: Այս խնդրի ուղղությամբ աշխատանքներ արդեն իրականացվում են»։ Ի տարբերություն Երիցյանի, ով մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի համար մեղադրում է գործարարներին՝ ոչ բավարար գիտելիքների համար, Տոլոսան այլ պատճառ է նշում՝ գերավճարները։ Նա զավեշտալի է համարել ավելացված արժեքի գերավճարների բարձր չափը, որն արտահայտում է կառավարության պարտքը` արտահանողներին։
«Փոխանակ արտահանմանը օգնելու, վնասում եք»,- ասել է նա։
Սակայն պետք չէ հուսահատվել. ԱՄՀ-ն հավատում է մեր կառավարությանը եւ վստահ է, որ շարժիչը կփոխվի։ «Կարող ենք քննարկել՝ նոր շարժիչը պատրաստվո՞ւմ է պատշաճ արագությամբ։ Բայց էական կասկածներ չունենք, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ ուղղությամբ է շարժվում»,- ասել է Տոլոսան՝ ավելացնելով, որ իրենք հավատում են նաեւ ՀՀ պաշտոնական վիճակագրության ցուցանիշներին։