ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում «Ժառանգությունը» այլեւս չի սատարելու ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նա նաեւ հայտարարել է, որ իրենք հանդես են գալու սեփական թեկնածուով` «Ժառանգության» հիմնադիր-ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի տեսքով:
Այն, որ այսօրվա քաղաքական դաշտում «Ժառանգությունն» այլեւս չունի նախկին հմայքն ու կշիռը, դա փաստ է: Այդ մասին խոստովանում են նույնիսկ «Ժառանգության» ներկայացուցիչները: Բայց` մասնավոր զրույցներում, որն էլ խիստ տարբերվում է նրանց հրապարակային ելույթներից: Երեկ Ա. Մարտիրոսյանն անդրադարձել է նաեւ բոլոր նրանց, ովքեր ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ «Ժառանգությունն» այլեւս քաղաքական գործոն չէ. «Հայաստանում մի շրջանակ կա, որ «ժառանգագիտությամբ» է զբաղվում: Մարդկանց մի խումբ կա, որը քնում-արթնանում է՝ քննարկելով «Ժառանգության» խնդիրները»,- ասել է նա: Հետո պատասխանել է այն հարցադրումներին, թե ինչո՞ւ «Ժառանգությունը» սատարեց Համաժողովրդական շարժմանը, երբ Լեռնային Ղարաբաղի հարցում երկուսի տեսակետները տարբեր էին: «Կարող եք բացել եւ կարդալ մամուլի արխիվները, որտեղ մեր կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Համաժողովրդական շարժմանն աջակցում ենք` սպասարկելով հասարակական պահանջը: 2008թ. Համաժողովրդական շարժման նպատակը ոչ թե Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն էր, այլ Հայաստանում իշխանափոխության իրականացումը: Եվ քանի որ սա էր խնդիրը, մենք սատարեցինք Համաժողովրդական շարժմանը՝ բավարարելու ժողովրդի պահանջը, իրականացնելու ազատ, արդար ընտրություններ»:
Ա. Մարտիրոսյանն անդրադարձել է նաեւ ՀՀԿ-ԲՀԿ միջեւ տեղի ունեցող զարգացումներին` ասելով, թե այն «ձեւական հակամարտություն» է: «Այս պահին ես այդքան էլ լավ չեմ պատկերացնում, որ հիմնականում տնտեսական գործունեությամբ շատ հայտնի Գագիկ Ծառուկյանը կարող է հայտնվել ընդդիմադիրի կարգավիճակում, որովհետեւ մենք բոլորս տեսել ենք, թե ընդդիմադիր օլիգարխների հետ կապված ինչ պատմություններ կարող են լինել՝ վառ օրինակ ունենալով Խաչատուր Սուքիասյանի հետ պատահածը: Ուստի, այս ամենը հաշվի առնելով, ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանը տնտեսական գործոնից եւ գործչից կարող է դառնալ այդպիսի քաղաքական գործոն եւ գործիչ: Ինձ համար այդ տրանսֆորմացիան բարդ է պատկերացնելը: ԲՀԿ-ում, բացի Գագիկ Ծառուկյանից, կան մեծ թվով տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներ: ՕԵԿ-ի հետ պատահածից էլ պարզ դարձավ, որ տնտեսական գործունեությամբ զբաղվող մարդիկ, որոնց ճակատին ՕԵԿ է գրված, ինչպես են շատ կարճ ժամանակամիջոցում հայտնվում իշխանական դաշտում եւ հասկանում, որ իրենք միայն իշխանություն են սիրում եւ միայն նրանց կողքին պետք է կանգնած լինեն»: Նաեւ հավելել է. «Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն կլինի այն հզոր քաղաքական ուժը, որն ընդդիմություն կարող է ներկայացնել: Սա է իմ դիտարկումը ԲՀԿ-ՀՀԿ ձեւական հակամարտության հետ կապված»: Հարցին, թե` ԲՀԿ-ի նկատմամբ հալածանքներ կա՞ն, Ա. Մարտիրոսյանը պատասխանել է, թե չի կարծում, որ իրականում նման խնդիր կա, քանի որ այդ հալածանքների արձագանքները շատ մեծ պետք է լինեն. «Կարծում եմ՝ այստեղ հետեւյալ խնդիրը կա. ի տարբերություն 2007թ., այժմ ձայները խիստ, չասեմ՝ բեւեռացված են, բայց հստակ կողմնորոշված են, եւ ազատ ձայներ, կարծում եմ, շատ քիչ են լինելու: Այդ թվում՝ նաեւ վարչական ռեսուրսին եւ ընտրակաշառքին ենթակա ձայները հնարավոր է համեմատաբար քիչ լինեն, եւ այսօր պայքար է գնում հենց այդ վարչական ռեսուրսի ձայների համար: Ուստի ՀՀԿ-ի ձայների որոշակի կենտրոնացում, այնուամենայնիվ, պետք կլինի»,- նշել է Ա. Մարտիրոսյանը: Այնպես որ, ըստ Ա. Մարտիրոսյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր դաշտ գործուղվելու մասին խոսակցությունները արհեստածին են: Անդրադառնալով ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանի հրաժարականին, Ա. Մարտիրոսյանն ասել է, թե չի կարծում, որ Արեւիկ Պետրոսյանի փոփոխությունը Սամվել Բալասանյանով կարող է մեծ խթան հանդիսանալ ԲՀԿ-ի ակտիվացման համար, քանի որ ակտիվությունը պայմանավորված է ոչ թե փոխխոսնակի անձով, այլ խմբակցության եւ կուսակցության աշխատանքով: «Սա ընդամենը կարծես թե թուլացումն էր ռոբերտքոչարյանական թեւի, որովհետեւ Արեւիկ Պետրոսյանը համարվում էր Ռոբերտ Քոչարյանի կադրերից մեկը: Ինձ համար որոշակիորեն, որպես քաղաքացու, շատ ավելի հաճելի էր ամբիոնում տեսնել գրագետ, կիրթ կնոջ եւ հատկապես կնոջ՝ մի փոքր փորձելով ոչ ամբողջական, բայց լուծում տալ նաեւ կանանց դերի մեծացմանը քաղաքական գործընթացներում: Այդ տեսանկյունից Ա. Պետրոսյանի այնտեղ լինելն ավելի ճիշտ էր: Բայց պետք է նշեմ, որ երկու պարագայում էլ քաղաքական առումով անհամաձայնությունների շարքը շատ մեծ է լինելու ինչպես Ա. Պետրոսյանի, այնպես էլ Սամվել Բալասանյանի պարագայում»: Իսկ հարցին, թե ինչպես է «Ժառանգությունը» քվեարկելու ԱԺ փոխնախագահի ընտրության դեպքում, Ա. Մարտիրոսյանը պատասխանել է, թե խմբակցությունում դրա վերաբերյալ քննարկումներ դեռեւս չեն եղել, բայց, ըստ նրա` «Ժառանգությունը», ամենայն հավանականությամբ, քվեարկությանը չի մասնակցի, քանի որ` «Բալասանյանի նշանակումն արդեն կատարված է»:
Ի դեպ, Ա. Մարտիրոսյանի համոզմամբ` անցած երկու տարիների ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ հասարակական տրամադրություններ կային, ինչից, սակայն, «ընդդիմությունը չօգտվեց»: Իսկ այժմ արտահերթ ընտրությունների հավանականություն նա չի տեսնում. «Չեմ կարծում, որ ԼՂ հարցով արտակարգ իրավիճակ կստեղծվի, կամ իշխանությունները կգնան ինչ-որ փաստաթղթի ստորագրման: Քաղաքական դաշտը հստակ գնում է ընտրությունների: Արտահերթ ընտրությունների հավանականությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե իշխանությունն իր ներսում գտնի, որ դա պետք է, բայց, ցավոք սրտի, դա չի լինի ընդդիմության աշխատանքի արդյունքը»: