Վերջին շրջանում Հայաստանում գնաճի վերաբերյալ կարծիքները բաժանվում են, սակայն պետք է պարզապես ընդունել ճշմարտությունը. մեր երկրում գներն աճում են: Իսկ թե ինչո՞ւ, դա արդեն հարցի մյուս կողմն է: Վիճակագրության ազգային ծառայության պաշտոնական տվյալներով` հուլիս ամսին գները նվազել են 3,5%-ով (հարկ է հիշեցնել, որ սպառողական զամբյուղի մեջ, որի միջոցով հաշվարկվում է սպառողական գների ինդեքսը, մտնում է 400 ապրանքատեսակ): Այնուամենայնիվ, թաքցնել ակնհայտն անհնարին է. յուրաքանչյուրս մեր առօրյայում առնչվում ենք առեւտրի հետ եւ նկատում, որ օգոստոսից սկսած սպառողական շատ ապրանքների գներ բարձրացել են: Բերենք մի քանի ակնհայտ օրինակներ՝ զուգարանի թուղթ, աման լվանալու հեղուկ, օճառ, մազի ներկ, օծանելիք, երեխայի տակդիրներ եւ այլն։ Այսինքն` այն, ինչի հետ առնչվում ենք ամեն օր։ Այս հանգամանքը թերեւս հնարավոր է բացատրել դոլարի փոխարժեքի աճով օգոստոս ամսին: Դոլարը թանկացավ, հետեւաբար` ներմուծվող ապրանքներն էլ թանկացան տեղական շուկայում: Բայց այս դեպքում անհասկանալի է, թե դրամի վերստին արժեքավորումից հետո շատ ապրանքների գներ ինչո՞ւ չնվազեցին: Գուցե ներմուծող ընկերությունները հաշվի են առնում փոխարժեքի անկայունությունը եւ սպասում են վերջինիս տատանումների վերանալո՞ւն, որպեսզի իրենք հստակ ու կայուն գնային քաղաքականություն մշակեն:
Ընդունելով գների աճի փաստը նույնիսկ դրամի արժեքավորման փուլում՝ ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բաղդասարյանն այն բացատրում է գների նկատմամբ վերահսկողության մեխանիզմի բացակայությամբ: Ո՞վ է պատասխանատու գնաճի համար: Օրենքով այդ մարմինը կենտրոնական բանկն է, որը բազմիցս հայտարարում է, թե ամեն ինչ անում է, որպեսզի գնաճի նպատակադրված մակարդակից շեղումներ չլինեն: Բայց, այնուամենայնիվ, բնակչությունն «իր վրա» զգում է գների բարձրացման ծանր բեռը: Վ. Բաղդասարյանը գնաճի հիմնավոր պատճառներից մեկը համարում է բենզինի միջազգային գնի բարձրացումը, քանի որ վերջինս օգտագործվում է տնտեսության բոլոր ոլորտներում: Նույն բացատրությունն է տալիս նաեւ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Սակայն այս դեպքում եւս` տրամաբանական հիմնավորումը միակողմանի է աշխատում, այսինքն, երբ բենզինի գինը միջազգային շուկայում ընկնում է, Հայաստանում միջինժամկետ հատվածում նույնը չի կատարվում, քանի որ մեր ներմուծող ընկերությունները, որոնք մեծ քանակությամբ են ներկրում, դեռ պետք է իրացնեն արդեն թանկ գնով գնված բենզինը: «Գների բարձրացումից օգտվում է անհատների որոշակի խումբ»,- համոզված է Վ. Բաղդասարյանը: Կարելի է այստեղից ենթադրել, որ դրանք խոշոր ներմուծողներն են:
Շատ հարցեր մնում են անպատասխան: Օրինակ, անցած տարի 1 հեկտար արտից ցորենը հավաքելու համար կոմբայնավարի ծառայության համար վճարվում էր 10.000 դրամ, իսկ այս տարի նույնիսկ այստեղ նկատվում է գների աճ՝ 15.000 դրամ: Ի դեպ, վառելիքի գնի աճով այն չի կարելի պայմանավորել, քանի որ վառելիքը կոմբայնավարին տրամադրվում է առանձին: Ուրեմն շուկայական ո՞ր մեխանիզմն է այստեղ աշխատում: Դժվար է այս հարցին պատասխանել. միգուցե հոգեբանական գործո՞նն է ընկած սրա հիմքում: Յուրաքանչյուր ծառայություն մատուցող կարող է մտածել. «Եթե ամեն ինչի գները աճում են, ես ինչո՞ւ չբարձրացնեմ իմ կատարած աշխատանքի վարձատրության չափը»:
Անդրադառնանք բնակչության գնողունակության նվազմանը: Եթե նույնիսկ որոշ ապրանքատեսակների գները մնում են անփոփոխ դրամային արտահայտությամբ, ապա դոլարով դրանց գները միանշանակ աճում են, քանի որ դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Իսկ բնակչության մի ստվար զանգված հսկայական գումարներ է ստանում արտասահմանում բնակվող կամ աշխատող իր հարազատներից, որոնց համար, այսպես թե այնպես, յուրօրինակ գնաճ գոյություն ունի: