Սա ընդամենը սկիզբն է

30/09/2010

Քաղաքներն, ինչպես հայտնի է, հավերժ են, իսկ քաղաքապետները` անցողիկ: Այս ճշմարտությունը կարծես թե ոչ մի կապ չուներ մի քաղաքապետի հետ: Նա պաշտոնավարում էր` անվերջ ու անդադար հոգալով իր համաքաղաքացիների հոգսերն, ու միաժամանակ վստահ էր, որ վայելում է նրանց անանց սերը: Բայց օրը եկավ, եւ սույն մարդու գործերը թարսվեցին: Ռուսաստանի նախագահի համբերության բաժակը լցվեց, ինչի արդյունքում Յուրի Լուժկովը համալրեց մոսկվացի գործազուրկների եւ անկուսակցականների` առանց իրեն էլ ստվար շարքերը:

Քաղաքական դրդապատճառներ

Մեդվեդեւի այս որոշման հրապարակումով Ռուսաստանում, ըստ էության, մեկնարկ տրվեց նախագահական ընտրարշավին: Խաղադրույքներն անչափ մեծ են, այնքան մեծ, որ մեկնարկը տրվում է դրանցից շուրջ երկու տարի առաջ: Զարմանալու ոչինչ չկա, եթե հիշենք, որ այդ երկրի նախկին նախագահ Պուտինը պաշտոնից հեռանալուց հետո փոփոխեց երկրի Սահմանադրությունն այնպես, որպեսզի երաշխավորված վերադարձից հետո, այսինքն՝ 2012 թվականից սկսած, պաշտոնավարի եւս երկու ժամկետ, ամբողջ 12 տարի: Բայց, գործող նախագահ Մեդվեդեւը կարծես թե համաձայն չէ հարցի նման դրվածքին: Նա ինքն է ցանկանում եւս մեկ ժամկետ կառավարել: Դա են վկայում նրա իսկ կողմից հրապարակային հնչեցվող երկարաժամկետ համապետական նշանակության ծրագրերը: Այսինքն, ակնհայտ է, որ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունը հենց այս համատեքստում է տեղավորվում: Նախքան պաշտոնանկության` խայտառակ ձեւակերպումով հրամանագրի հրապարակումը՝ Լուժկովը հայտարարեց, որ ոչ մի պայմանով կամավոր հրաժարական չի տա` ոչ մի այլընտրանք չթողնելով երկրի նախագահին: Վերջինս ընդունեց մարտահրավերը՝ ցուցադրելով, որ լուժկովյան կլանը ջախջախելու ոչ միայն ցանկություն, այլեւ ռեսուրսներ ունի: Պաշտոնանկության հաջորդ օրն իսկ Լուժկովի կողմից վերահսկվող բոլոր բիզնես-ոլորտները հայտնվեցին համապատասխան կառույցների աչալուրջ հսկողության ներքո: Կասկած չկա, որ կբացահայտվեն բոլոր, նույնիսկ ամենաչնչին խախտումները՝ համապատասխան ծանր հետեւանքներով: Կհրապարակվե՞ն, թե՞ կպահվեն որպես ապագա ընտրություններում առեւտրի ռեսուրս, մոտ ապագայի խնդիր է: Ամեն դեպքում, Դ. Մեդվեդեւը ցուցադրաբար հրաժարվում է «դրածո» օպերացիայից եւ փաստում, որ պատրաստ է պայքարի շարունակությանը:

Ի՞նչ է անում այս առթիվ Պուտինը: Առանձնապես ոչինչ: Նա շտապեց հրապարակավ մեղադրել Լուժկովին՝ ժամանակին նախագահի հետ հարաբերությունները չկարգավորելու մեջ: Նույնիսկ «մեսիջ» ուղարկեց՝ հասկացնելով, որ անգամ մայրաքաղաքի քաղաքապետը չի կարող ինքզինքը նախագահից վեր դասել: Եթե նկատել եք, Լուժկովն այս ակնարկին չի հակադարձում, ասել է թե՝ ընդունում է, որ Պուտինի վերադարձից հետո պատրաստ է ենթարկվել ու շարունակել ծառայել երկրին ու քաղաքին: Նախկին խանդավառությամբ: Իսկ Մեդվեդեւին հակադարձում է՝ մեղադրելով 37 թվականի ոգին վերականգնելու մեջ: Նկատեք, ոչ թե փորձելու, այլ` վերականգնելու: Ավելին, փորձելու է դատարանում վիճարկել իր պաշտոնանկության օրինականությունը:

Քաղաքական հետեւանքներ

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը պաշտպանեց նախագահի քայլն անմիջապես, առաջարկելով քաղաքապետի թեկնածուի երեք տարբերակ: Հենց այստեղ է ամենահետաքրքիրը: Թեկնածուներից առաջինը, արտակարգ իրավիճակների` Լուժկովից էլ երկար պաշտոնավարող նախարար Սերգեյ Շոյգուն, քաղաքական վերնախավում վաղուց ի վեր Պուտինի մարդու համբավ ունի: Հաջորդ թեկնածուն՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Սոբյանինը, թեեւ Կրեմլ է բերվել Պուտինի կողմից, համարվում է Մեդվեդեւի համախոհ: Վերջապես, Վլադիմիր Շանցեւը, Նիժնի Նովգորոդի նահանգապետը, մասնագետների եւ այլոց կողմից գնահատվում է որպես Լուժկովի կլոն: Երկար տարիներ նա Լուժկովի առաջին տեղակալն էր եւ անհավատարմության մեջ կասկածվելու ոչ մի առիթ չի տվել: Ակնհայտ է, որ եթե վերջինս աջակցություն գտնի եւ դառնա Մոսկվայի քաղաքապետ, դա կլինի ընդամենը ժամանակավոր հրադադար հիմնական գրոհից առաջ: Հիմնական թեկնածուները կպահվեն որպես հաղթաթուղթ՝ վճռական պահի համար:

Մեդվեդեւի նման քայլը կարելի է տարբեր կերպ ընկալել ու մեկնաբանել, սակայն, ակնհայտ է, որ վերջին մեկ տարում Վլադիմիր Պուտինի քարոզչամեքենայի թափն ահագնանում է օր օրի, եթե չասենք՝ ժամ առ ժամ: Եվ ակնհայտ է, որ այն միտված է 2012 թվականին: Դմիտրի Մեդվեդեւն այս իրավիճակում պետք է կողմնորոշվեր. կամ պասիվ դիրք ընդունել եւ սպասել իր ժամկետի ավարտին, կամ` անցնել ակտիվ հակագրոհի: Ընտրեց երկրորդը: Հակագրոհը շարունակելու նախանշաններն ակներեւ են, արդեն իսկ շրջանառվում է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնանկության շշուկը: Իսկ թե ո՞վ է Մատվիենկոն Պուտինի համար, թերեւս բացատրելու կարիք չկա: Ի վերջո, Լուժկովի շուրջ աղմուկից մինչեւ իրական պաշտոնանկություն՝ տարածությունը ընդամենը 17 օր էր…

Ընդհանրական հետեւանքներ

Որքան էլ հակասական, Յուրի Լուժկովը Մոսկվայի համար չափազանց շատ բան էր նշանակում՝ արդեն իսկ որպես կերպար: Նրա կամ նրա մերձավորների կողմից վերահսկվող ոլորտները Մոսկվայում այնքան շատ են, որ չի կարելի բացառել ոչինչ: Օրինակ, հանկարծ կարող է պարզվել, որ Մոսկվան ավլող տաջիկներն ու կիրգիզները ապօրինի են զբաղվում այդ գործունեությամբ: Եվ նրանց բոլորին ետ կուղարկեն իրենց հայրենիքները: Պատկերացրեք 10 միլիոնանոց քաղաք՝ առանց աղբահանության թեկուզ մեկ շաբաթ: Կամ, առեւտրի ոլորտում աղաղակող սանիտարական եւ այլ խախտումներ հայտնաբերվեն: Մոսկվայի խանութների ցանցի 70 տոկոսը կարող է փակվել: Մի խոսքով, այս ամենը այնքան էլ միանշանակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Ի վերջո, մարդը դատի է տալիս ոչ այլ ում, երկրի գործող նախագահին: Ուրեմն վստահ է:

Հայկական հետեւանքներ

Գաղտնիք չենք բացի, եթե ասենք, որ հայաստանյան մեծահարուստներից շատ-շատերը բիզնես ունեն նաեւ Մոսկվայում: Նույնպես գաղտնիք չէ, որ այդ բիզնեսը ստեղծվել է հենց Լուժկովի դարաշրջանում եւ նրա հովանու ներքո: Ինչպիսի՞ն է լինելու այդ կարողությունների ճակատագիրը: Այս պահին դժվար է գուշակել, փողը ամենավախկոտ բանն է աշխարհում եւ իր գոյատեւման համար միշտ գտնում է ավելի հուսալի վայրեր: Տեր եւ տիկին Լուժկովներն իրենք էլ զգալի բիզնես ունեն Հայաստանում, հատկապես կապիտալ շինարարության ոլորտում: Մեր չափանիշներով զգալի, իհարկե: Քանզի Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Ասիայում եւ այլուր զգալի կապիտալներ տնօրինող ընտանիքը հազիվ թե միանգամից հիշի, թե որքան ներդրում է կատարել այս փոքրիկ երկրում: Ի՞նչ կլինի դրանց հետ: Այսօր պատասխաններ փնտրել անիմաստ է: Առայժմ ամեն անցնող ժամը նոր հարցեր է ծնում: Բայց խաղը սկսված է, եւ կարծես թե հետդարձի բոլոր հնարավորությունները` փակված:

Վահան ՄՈՎՍԻՍՅԱՆ