ՀՀ ազգային անվտանգության դրույթով նախատեսված ՀՀ Ֆինանսների նախարարության գործունեության ծրագիր» անունով փաստաթուղթն ընթերցողի հոգին փառավորում է: Լավ փաստաթուղթ է: Հասկանալի գրված: Պարզ շարադրված դասագրքային ճշմարտությունները կարող են հասկանալի լինել անգամ մեր խորհրդարանականներին: Ոչ բոլորին, իհարկե: Բայց տեսական պարզ մակարդակում ներկայացված է մակրոտնտեսական կայունության, տնտեսության ճյուղերի համամասնական զարգացման անհրաժեշտությունը: Ինչպես նաեւ այլ այբուբենային ճշմարտություններ: Մի խոսքով` պիտանի փաստաթուղթ է: Նույնիսկ կարելի է օգտագործել որպես դասագիրք: Տնտեսագիտական ֆակուլտետների ցածր կուրսերի համար: Սակայն ինչ-որ իմաստով այն նաեւ անկեղծ փաստաթուղթ է, որտեղ արձանագրված է տնտեսության ներկա վիճակը: Պաշտոնապես ընդունվում է, որ մեր երկիրն արդեն ֆինանսական խնդիրներ ունի: Մասնավորապես նշվում է, որ խոչընդոտներ կան «արտաքին աղբյուրներից արտոնյալ պայմաններով վարկավորման» հարցում: Սա նորություն էր: Մեր կառավարությունը վերջին երկու տարիներին ոգեւորված կրկնապատկեց երկրի արտաքին պարտքը: Կարելի է ենթադրել, որ այն սպասված արդյունքներ չապահովեց: Դրական իմաստով չապահովեց: Փոխարենը` արտաքին պարտքի ներկա ծավալը «սահմանափակում է արտոնյալ վարկավորման հնարավորությունները»: Վարկերի անարդյունավետ օգտագործումը, անիմաստ (կամ, ավելի մեղմ ասած, անհասկանալի նպատակներով վերցված ու ծախսված) վարկերի բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա միշտ էլ կարելի է հիմնավորել: Օրինակ` համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Կարելի է պնդել, որ վերջին տարիների տնտեսական անկումն առանց այդ վարկերի ավելի սոսկալի կլիներ: Տնտեսագետներից ոմանք մեր տնտեսության այսօրվա վիճակը համադրելի են համարում 1999թ. հետ: 1998թ. երկրորդ կիսամյակում ակնհայտ էր, որ այդ պահի վարչապետ Արմեն Դարբինյանի կառավարությունը քաղաքական իմաստով ապագա չուներ: Տնտեսության կառավարման փոխարեն այդ կառավարությունը զբաղված էր իր քաղաքական հետագան կարգավորելով: Վարչապետը 1999-ի խորհրդարանական ընտրություններին էր պատրաստվում, կուսակցություն հիմնում եւ այլն: Այդ պատճառով 1999-ի առաջին կիսամյակում տնտեսական անկում արձանագրվեց: Բոլոր նախարարները գիտեին, որ կորցնելու են պաշտոնները: Տարվա երկրորդ կեսին նոր վարչապետի` Վազգեն Սարգսյանի կառավարությունը չհասցրեց աշխատել: Հոկտեմբերի 27-ին նոր կառավարությունը գնդակահարվեց: Դեպքերն աղետալի ազդեցություն ունեցան տնտեսության վրա: Ճիշտ ինչպես այսօր` այնժամ էլ մեր իշխանությունների համար «սահմանափակվել էր արտաքին վարկավորման հնարավորությունը»: Բայց իշխանությունների հետագա քայլերը բավական ճշգրիտ էին: Այդ շրջանի ՀՀ ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը հայտարարեց, որ տնտեսական ծանր վիճակում անգամ հարկավոր է դիմակայել ամեն գնով արտաքին վարկեր վերցնելու գայթակղությանը: Իշխանությունները հստակ հայտարարեցին, որ պատրաստ են վարկ վերցնել միմիայն արտոնյալ պայմաններով: Նման հստակ դիրքորոշումն, ի վերջո, դրական ազդեցություն ունեցավ: Բայց վերջին երկու տարում վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը չդիմացավ գայթակղությանը: Երկրի պարտքն աճեց աննախադեպ տեմպով: Բայց տնտեսությունը դեռ երազում է վարկավորման մասին: Ազգային անվտանգության տեսանկյունից գրված տնտեսական փաստաթղթում նշվում է, որ ստեղծված իրավիճակը «կառավարությանը պարտադրում է առեւտրային պայմաններով փոխառու միջոցներ ներգրավել»: Այսինքն` մեզանից չեն թաքցնում այն փաստը, որ կառավարությունը շարունակելու է հարաճուն տեմպերով ավելացնել երկրի պարտքը: Նույն կառավարությունը, որի վարկառու քաղաքականությունն արտաքին պարտքի ցուցանիշները հասցրեց այսօրվա վիճակին: Վիճակ, երբ պաշտոնապես է ընդունվում, որ պարտք վերցնելու հարցում դժվարություններ կան: Նույն կառավարությունը, որն այսօր դժվարություններ ունի նախկին` արտոնյալ պայմաններով վերցրած պարտքերի մարման ոլորտում: Անկեղծ լինելով պետք է արձանագրել, որ նախկինում էլ մեր կառավարությունները, որպես կանոն, հասարակությանը հստակ չեն բացատրել, թե ինչ նպատակների համար են վարկեր վերցվել ու ծախսվել: Որպես կանոն, մեր բոլոր խորհրդարանները, առանց բացառության, հաստատել են կառավարության վերցրած վարկային ծրագրերը: Միայն մեկ անգամ է մեր խորհրդարանականներին հետաքրքրել վարկային միջոցների ծախսման արդյունավետությունը: Այդ թեմայով խորհրդարանական քննարկումներ եղել են միայն 1998-ին կամ 99-ին: Հաշվետվության պես մի բան ներկայացրեց Արմեն Դարբինյանի կառավարությունը: Բայց դա ավելի շուտ քաղաքական քննարկում էր, քան տնտեսական: Այդ պահի խորհրդարանական մեծամասնությունը` «Երկրապահ» պատգամավորական խումբը, նպատակ ուներ թուլացնել կառավարության դիրքերը երկրի քաղաքական կյանքում: Եվ հենց «Երկրապահները» հասան իրենց քաղաքական նպատակին՝ միանգամից դադարեցին հետաքրքրվել վարկերի ծախսման արդյունավետության խնդիրներով: Հիմա պատկերն այլ է: Կառավարությունն արդեն բաց տեքստով տեղեկացնում է (թե՞ զգուշացնում), որ պատրաստվում է առեւտրային, այսինքն` ավելի բարձր տոկոսներով պարտքեր վերցնել: Տեղեկացնում է միայն պարտք վերցնելու մասին: Չի ճշտում, թե ինչու եւ ինչ նպատակով է վերցնելու նոր պարտքերը: Եվ պայծառատես լինել պետք չէ` գուշակելու համար, որ դրանց անհրաժեշտությունը եւ ծախսման արդյունավետությունը գնահատող քաղաքական քննարկումներ չեն կազմակերպվելու: Ահա այսպիսին է մեր բոլոր ժամանակների կառավարությունների գործունեության նմանությունների տարբերությունը: Անկախ ներքին թե համաշխարհային տնտեսական ճգնաժամերի առկայությունից: