ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) դեռեւս Խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած ռեսուրսները, առայժմ, մեղմ ասած` «ատամներով» պահպանում է: ԳԱԱ Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքում գործող Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների եւ Ֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտները Խորհրդային տարիներին մեր տարածաշրջանում համարվում էին գիտական պոտենցիալի իսկական «դարբնոց», իսկ գիտնականների հայտնագործությունները արձագանք էինք գտնում ոչ միայն Սովետական Միությունում, այլեւ` ողջ աշխարհում: Այսօր, սակայն, մասնավորապես ռադիոֆիզիկայի բնագավառը գոյատեւում է զուտ մի խումբ մասնագետների էնտուզիազմի շնորհիվ: Ի դեպ, հարկ է նշել, որ Երեւանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետում այս տարի դիմորդների թիվը շատ քիչ է եղել: «Որովհետեւ երիտասարդները ռադիոֆիզիկայի մասնագետներին նայելով` չեն ցանկանում այդ ճանապարհն ընտրել: Հայաստանում այսօր գիտական այդ բնագավառը շատ վատ վիճակում է. թեեւ ողջ գիտությունն է այդ վիճակում, բայց ռադիոֆիզիկան այսօր աշխարհում այնքան արագ զարգացող գիտություն է, որ օրինակ` ԱՄՆ-ում դա եւ՛ գիտություն է, եւ՛ բիզնես»,- ասում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Integra technologies» ընկերության հիմնադիր, մեր հայրենակից Հաբեթ Բարսեղյանը: Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջ աշխարհի գիտնականների համար ինքնարտահայտվելու եւ նոր գաղափարներ իրագործելու լայն հնարավորություն է ստեղծում: Այս երկիրը ողջ մոլորակի «ուղեղների» առջեւ դռները բացում է, այնուհետեւ օգտագործելով այդ գիտական ներուժը` մի ցանց է ստեղծում, որտեղ ներգրավված են աշխարհի բոլոր երկրների շուկաները: Այլ կերպ ասած` աշխատեցնելով «ուղեղները»` զարգացնում է իր շուկան: Հայաստանի գիտնականներից շատերը դեռեւս Խորհրդային կայսրության փլուզումից հետո մեկնեցին ԱՄՆ կամ եվրոպական երկրներ, որտեղ իրականացնելով իրենց հայտնագործությունները` այդ երկրներին թե՛ հեղինակություն, թե՛ եկամուտներ բերեցին: ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված կոնֆերանսն առիթ էր ԱՄՆ-ում գործող գիտնականներին Հայաստան հրավիրելու համար: Այս օրերին ԳԱԱ-ն նաեւ «Տերահերցային եւ միկրոալիքների տեխնիկան եւ կիրառությունները կենսաբժշկական ու ռադարային տեխնոլոգիաներում եւ Երկրի հեռամխանման բնագավառում» թեմայով միջազգային գիտաժողով էր անցկացնում: Գիտաժողովին մասնակցում էին տարբեր երկրներում բնակվող եւ գործող մեր հայրենակից գիտնականները: Մենք զրուցեցինք «Integra technologies» ընկերության հիմնադիր Հաբեթ Բարսեղյանի հետ, ով Հայաստանում ռադիոֆիզիկայի բնագավառում գիտահետազոտական որոշ աշխատանքներով զբաղվելուց հետո 1989թ. մեկնել եւ հաստատվել է ԱՄՆ-ում:
– Այդ տարիներին գիտնականների մեծ հոսք Հայաստանից տեղափոխվեց այլ երկրներ: Մեկնեցիք, որովհետեւ միայն դրսո՞ւմ էր հնարավոր ինքնադրսեւորվել:
– Սովետական Միության ժամանակ դեռ աշխատանքային որոշ տեղեր կային, որ իմ կարգավիճակը թույլ չէր տալիս աշխատանքի անցնել: Որոշ ձեռնարկություններում աշխատելու իրավունք ես չունեի այն պատճառով, որ հորս ընտանիքը 1946թ.-ին աքսորվել էր Սիբիր: Աքսորվածների ժառանգների համար «դոպուսկ» ստանալն անհնար էր, իսկ իմ մասնագիտությամբ աշխատելու համար՝ խորհրդային կառավարության կողմից ես պարտադիր պիտի «դոպուսկ» ստանայի: Այն տարիներին ցանկացած գիտահետազոտական ինստիտուտում աշխատելը աքսորվածների ժառանգներին արգելված էր, հետեւաբար՝ կրթություն ստանալուց հետո ստիպված պետք է կամ այլ երկիր մեկնեիր, կամ հրաժարվեիր գիտական աշխատանքից: Բարեբախտաբար, արտասահմանում ազգականներ ունեինք, եւ ես որոշեցի ԱՄՆ-ում ռադիոֆիզիկայի ոլորտի իմ գաղափարներն իրականացնել:
– Հիմա արդեն գիտության եւ առհասարակ որեւէ բնագավառում աշխատելու համար Հայաստանում «դոպուսկի» խնդիր չկա: Չե՞ք ուզում վերադառնալ հայրենիք:
– Եթե անկեղծ խոսեմ, ապա մշտապես ետ վերադառնալու կանչը մտքումս կա, բայց, այնուամենայնիվ, չեմ կարող հիմնավորվել այստեղ: Հիմա աշխարհի դրվածքն այնպես է, որ նյութականդ ցանկացած երկրում կարող ես ապահովել, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, բայց մտավոր, գիտական ծրագրերդ այստեղ չես կարող կյանքի կոչել: Հայաստան վերադառնալու պատճառը պայմանավորված չէ ԱՄՆ-ում ապահով կյանք ապրելուց հրաժարվելու հետ, պարզապես անորոշություն է` գալ մի երկիր, որտեղ ոչինչ կայուն չէ… Հարցն այն է, որ գիտնականները, գիտության բնագավառի գիտաշխատողները չեն կարող այստեղ մասնագիտական նվաճումների հասնել, իսկ ինձ համար մասնագիտական առաջընթացն ամեն ինչից վեր է:
– ԱՄՆ-ում ի՞նչ գործունեություն եք իրականացնում:
– Ես Լոս Անջելեսում եմ բնակվում: Զբաղվում եմ գերբարձր հաճախականության տիրույթում հիմնականում ուժեղացուցիչների, տրանզիստորների նախագծմամբ, ինչպես նաեւ` արտադրությամբ: 1998թ.-ին հիմնադրել ենք «Integra technologies» ընկերությունը: Պետք է նշեմ, որ այս համաշխարհային ճգնաժամի պայմաններում մեր առեւտրային ծավալները ոչ միայն չեն նվազել, այլեւ` այս տարի նախորդ տարվա համեմատ 25% աճ ենք արձանագրել: Մեր ունեցած` վիճակագրական տվյալների վրա հիմնվելով՝ պետք է նշեմ, որ եւս 25% աճ էլ կանխատեսում ենք հաջորդ տարվա համար: Համագործակցում ենք Չինաստանի, Հնդկաստանի, Իտալիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Հարավային Կորեայի եւ մի շարք այլ երկրների հետ: Հիմա արդեն համագործակցում ենք նաեւ Հայաստանի հետ:
– Ռադիոֆիզիկայի ոլորտում նոր նախագծեր ունե՞ք, թե՞ ընկերության աշխատանքը սահմանափակվել է գիտահետազոտական աշխատանքներով:
– Անշուշտ, նախագծեր միշտ էլ կան: Ավելին ասեմ` մեր ինդուստրիայի մեխանիզմն այնպիսին է, որ մշտապես նոր նախագծերի պահանջարկ կա, որպեսզի առաջընթաց, զարգացում լինի: Այլապես 2-3 տարում այս բիզնեսը կմահանա: Տեխնոլոգիայի արագ զարգացումը ստիպում է ժամանակի հետ համընթաց քայլել, հակառակ դեպքում` եթե մի քայլ ետ մնացիր` ամբողջովին կկորցնես ունեցածդ: Տեխնոլոգիաների զարգացումից ետ մնալը շատ դեպքերում կարող է կործանիչ լինել որեւէ արտադրության համար: Օրինակ` մեր բնագավառում նախկինում տրանզիստորները կառուցում էին սիլիկոնային նյութից, իսկ այժմ կիսահաղորդչային նոր նյութեր կան, որոնց հետազոտմամբ էլ մենք զբաղվում ենք: Փորձում ենք այդ նյութերի վրա տրանզիստորներ օգտագործել, որոնք ավելի բարձր հաճախությունների վրա աշխատելու հնարավորություն կստանան եւ հզորության խտությունը մեկ միավորից ավելի կմեծանա:
– Հայաստանում բոլորը ազդարարում են գիտության «վախճանի» մասին: Գիտությունը երկրի զարգացման համար կարեւոր բնագավառների համար դարձել է «անպետք» մի ոլորտ: Ավելին, գիտությունը մեզանում նաեւ համարվում է ծերացող ոլորտ, քանի որ երիտասարդները տեսնելով գիտնականների անապահով կենսակերպը, առաջընթացի համար ոչ բարենպաստ պայմանները` «վախենում» են գիտությամբ զբաղվել:
– Հայաստանում իսկապես նվիրված մարդիկ շատ կան, ովքեր անկախ ամեն ինչից՝ աշխատում եւ պահպանում են գիտությունը: Կա մի հիմնական գործոն, որը պիտի կատարենք: Ենթադրենք, մեկը զբաղվում է տեսական ֆիզիկայով եւ հայտնագործություններ է կատարում: Այդ հայտնագործությունը պիտի կիրառվի, կյանքի կոչվի, որպեսզի երկրում առաջընթաց արձանագրվի: Օրինակ` ԱՄՆ-ում վերջին 20 տարում հայտնաբերեցին բջջային հեռախոսները, ինտերնետային կապը եւ դրանց հիման վրա ողջ աշխարհում ամենահզոր շուկան ստեղծեցին: Համակարգիչների եւ հարակից գործիքների, տպագրիչների, հեռախոսների, կապի եւ այլ սարքերի, սարքավորումների վաճառքը ԱՄՆ-ին ահռելի, անհավանական եկամուտներ է բերում: Իմ կարծիքով` Հայաստանի խնդիրը տեսական գիտության բնագավառից կիրառական բնագավառին անցնելն է: Անհրաժեշտ է որոշակի գիտատեխնիկական, արտադրական միավորումներ ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան հայտնագործությունները կիրառել, աշխատել, արտադրանք տալ եւ եկամուտներ ապահովել:
– Բայց իսկապե՞ս լինում են այնպիսի գյուտեր, որոնք իրագործելու համար արժե փող ծախսել:
– Հայաստանում մեծ ծրագրերի վրա փող ծախսել, հասկանալի է, որ անհնար է: Պետք է փոքրից սկսել, օրինակ` չափիչ սարքերից, որոշ տիրույթների համար ուժեղացուցիչներից, բժշկական սարքերից: Ընդ որում` մարդիկ կան, որոնք այդ գիտելիքներին փայլուն տիրապետում են, լավ գաղափարներ ունեն: Պետք է փոքրիկ արտադրություններ ստեղծել, որպեսզի նախ երկիրը համախառն արտադրանք ունենա, հակառակ դեպքում՝ այսօր Հայաստանի հիմնական արտադրանքը շինարարությունն է: Այստեղ անհատները, տնտեսվարող սուբյեկտները նույնիսկ տեխնոլոգիայի մեջ ներդրում կատարելուց են խուսափում:
– Տեխնոլոգիայի մեջ ներդրում կատարելիս ձախողման հավանականությունն ավելի շատ է, քան հաջողություն ակնկալելը, քանի որ այն աշխարհում զարգանում է ժամ առ ժամ: Հետեւաբար կորստի գիտակցումը տնտեսվարող սուբյեկտին դրդում է ռիսկի չդիմել:
– Անշուշտ, ձախողման հավանականությունը մեծ է, բայց երբ տեխնոլոգիայի մեջ ներդրում ես կատարում` վերադարձն անմիջապես չի կատարվում, 2-5 տարի է անհրաժեշտ արտադրանք ստեղծելու եւ շուկայում շրջանառելու համար: Այսօր փող ունեցող մարդիկ խաղի այդ կանոնները չեն ընդունում, դրա համար էլ ներդրումներ չեն կատարում: Մի բան պետությունը հաստատ կարող է անել, այն է` ժամանակավորապես տուրքերից ազատել այն տնտեսվարող սուբյեկտներին, ովքեր փորձում են շուկա ստեղծել` իրագործելով գիտության բնագավառի գաղափարները: Օրինակ` ուժեղացուցիչ արտադրող որեւէ ընկերություն, որն արտերկրից կոմպոնենտներ է ներկրում` լավ կլինի ազատված լինի տուրքերից, մինչեւ կարողանա «ոտքի» կանգնել եւ հարկվելուն պատրաստ լինի: Այս խրախուսական մեխանիզմները կարող են օպտիմալ դաշտ ստեղծել տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Այս խթանիչները կարող են մեր գործարարների համար գայթակղիչ լինել, ինչի արդյունքում, հավատացե՛ք, թե՛ գիտությունը, թե՛ բիզնեսը Հայաստանում կզարգանա: Զարգացած կապիտալիստական երկրներում երբ պետությունը փորձում է բիզնեսին միջամտել` մեծ հակասություններ են առաջանում, որովհետեւ մասնավոր ընկերությունները կառավարությանն ասում են` դու գործ չունես բիզնեսի հետ: Այսինքն` դրամագլուխ ունեցողները ներդրում են կատարում տեխնոլոգիայի, դեղագործության, բժշկության բնագավառում, այնուհետեւ նվաճում են շուկան: Գաղափարը դառնում է արտադրանք եւ շուկայում իր տեղն է գտնում, այսինքն` գիտությունը վերածվում է բիզնեսի: Զարգացող երկրներում` ինչպիսին Հայաստանն է, պետական գլոբալ ծրագիր է պետք, որպեսզի փոքր ընկերությունների ստեղծմանը զարկ տրվի: Մյուս քայլն այն է, որ Հայաստանը պետք է գնա այլ երկրների մեծ ընկերությունների մոտ եւ փորձի նրանց համոզել` արտադրություն կազմակերպել Հայաստանում: Օրինակ` ավտոմոբիլային, էլեկտրոնային ընկերությունները` «Sony»,«Phillips», «Panasonic», որոնք հիմա ճգնաժամի մեջ են: Պետք է նրանց հետ բանակցությունների միջոցով այդ արտադրանքն այստեղ կազմակերպել: Օրինակ` «Synopsys»-ի մեխանիզմը Հայաստանի համար շատ լավ քայլ է, խթանում է տնտեսությունը:
– ԱՄՆ-ը եւ եվրոպական մի շարք երկրներ այսօր հայ գիտնականների գիտական ռեսուրսը բարձր են գնահատում: Օրինակ` ասում են՝ աշխարհի գիտահետազոտական ինստիտուտներում, գիտական կառույցներում հայ գիտնականներ շատ կան: Նաեւ բարձր են գնահատում Խորհրդային երկրների գիտնականների կրթական պատրաստվածությունը:
– Այո, պետք է ասեմ, որ ԵՊՀ-ն շատ լավ, արտակարգ կրթական ծրագրով է մեզ ուսուցանել: Երբ ես տեղափոխվեցի ԱՄՆ եւ աշխատանքի անցա` հասկացա, որ այն գիտելիքները, որն ինձ համալսարանն է տվել, մի քանի անգամ ավելի բարձր են տվյալ գիտական աշխատանքը կատարելու համար: Հավատացեք, որ հայ գիտնականի միտքը շատ սուր է: Մեր խնդիրն է նաեւ, որ այդ պոտենցիալը չկորցնենք, որովհետեւ դասախոսների, մասնագետների մի խումբ կա, որը շուտով կենսաթոշակային տարիքի է դառնալու: Պետք է մտածել, որ հանկարծ վակուում չստեղծվի նրանցից հետո:
– Աշխարհում տեխնոլոգիաները զարգանում են, մարդկությունը նույնպես, քաղաքակրթությունը նոր երկրներ է մուտք գործում… Իսկ Հայաստանո՞ւմ: Ամեն տարի այստեղ այցելելով` զարգացում տեսնո՞ւմ եք:
– Օդանավակայանից դուրս գալուն պես առաջինը նկատում ես մեքենաների քանակը եւ ճանապարհների որակը: Փոփոխություններ, անշուշտ, ամեն տարի նկատում եմ, որովհետեւ եւ ճանապարհների որակն է ինչ-որ չափով լավանում, եւ մեքենաների տեսակը, ինչն, իհարկե, զարմանալիորեն հակասում է Հայաստանի բնակչության կենսամակարդակին: Մեկ էլ շատ զարմացնում է սրճարանների մեծ քանակությունը, որովհետեւ անգամ ԱՄՆ-ում այսքան սրճարան չես տեսնի: Բայց, երբ մտնում եմ մթերային խանութ եւ հաշվարկում եմ, թե, ասենք, մի ընտանիքի համար կերակուրի ծախսը որքա՞ն կարող է կազմել, եւ որքա՞ն է մարդկանց միջին աշխատավարձը` դժվարությամբ եմ ըմբռնում, թե մարդիկ ինչպե՞ս են ապրում: Ի դեպ, նույն իրավիճակը Ռուսաստանում է: Տարին մեկ անգամ այնտեղ եմ լինում եւ պետք է ասեմ, որ այնտեղ էլ կա նույն խնդիրը, պարզապես Ռուսաստանում որոշ տեղերում աշխատավարձը բարձր է: