Թուրքական ԶԼՄ-ներում լայն տարածում է գտել տեղեկատվությունն այն մասին, որ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին հայկական ծագում ունի, եւ նրա նախնիները եղել են կրոնափոխ եղած հայեր: Երեկ այս մասին ասել է թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը: Հիշեցնենք, որ օրերս Բահչելին հայտարարել էր, որ պատրաստվում է իր կուսակիցների հետ Անիի մայր տաճարում զանգվածային նամազ կազմակերպել` ի պատասխան Աղթամարի Սուրբ Խաչում տեղի ունեցած պատարագի: «Թուրքական հասարակությունում տիրող հակահայկական, հակաքրիստոնեական տրամադրություններն իրենց արտացոլանքն են գտնում նաեւ ներքաղաքական օրակարգում, եւ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագն ընդդիմությունը փորձում է օգտագործել իշխող կուսակցության դեմ»,- նշել է նա: «Այն հանգամանքը, որ ընդդիմադիր «Ազգայնական շարժումը» փորձում է շահարկել այս հարցը, ցույց է տալիս, որ թուրքական հասարակության մեջ մեծ մասը ոչ հանդուրժողական տրամադրություն ունի քրիստոնյաների եւ հայերի նկատմամբ։ Անիի Մայր տաճարում նամազ անցկացնելու նրա պատասխան քայլը մեծ խանդավառություն է առաջացրել հասարակության մոտ, եւ դրանով Բահչելին փորձում է ավելացնել իր կուսակցության վարկանիշը: Միգուցե նրա մոտ ցանկություն է առաջացել նախնիների տաճարում աղոթելու։ Եվ նրան պետք է հարցնել, թե իր աղոթքում ի վերջո ո՞ւմ է դիմելու: Կարող ենք մաղթել, որ աղոթքով հստակեցնի իր ինքնությունը եւ իր համար պարզի, թե ո՞վ է նա իրականում»,- ասել է Ռ. Մելքոնյանը:
Անդրադառնալով Թուրքիայի տնտեսական կյանքում հայերի ներգրավվածությանը, Ռ. Մելքոնյանն ասել է, որ դեռեւս նախորդ դարում Թուրքիայում «տնտեսական ցեղասպանություն» է իրականացվել: «Այսինքն՝ հարկումն արվել է ըստ ազգային ու կրոնական պատկանելության: Այժմ, սակայն, իրավիճակը մի փոքր մեղմացված է, բայց քիչ հայ տնտեսվարողներ կան: Հայկական համայնքում ես 10 հոգի գործարար եմ հաշվել, իսկ այդ թիվը մեծ չէ»,- ասել է նա` հավելելով, որ Ստամբուլ-Երեւան չվերթն իրականացնող գործարարը իր հաշված հայերից է: