Մինչ օրս Տավուշի մարզի Կիրանց գյուղում հիշում են «նասկիավաճառ» թուրք լրտեսին: Մեկ տարի առաջ լրտես «վաճառականը»` համր ձեւանալով, հայտնվել էր գյուղում: «Գալիս էր` զաբոռների տակ կանգնում: Ասում էինք՝ լալ ա, խեղճուկրակ մարդ ա: Մի տեսակ խիղճներս տանջում էր: Ուզում էինք մի բան առնեինք նրանից»,- պատմում են գյուղի բնակիչները, ովքեր այն ժամանակ չէին էլ երեւակայում, որ այդ «խեղճուկրակ» մարդը լրտես է: Ըստ գյուղացիների՝ լրտեսի այցելությունների շրջանում գյուղում գրանցվում էին անասնագողության դեպքեր, սակայն նրանց մտքով երբեք չի անցել, որ դա որեւէ կերպ կապ ունի «խեղճ նասկիավաճառի» հետ: «Ո՞վ կպատկերացներ, որ էդ խեղճուկրակ մարդը թուրք լրտես ա: Մի օր էլ մեր հարեւան գյուղում՝ Բաղանիսում, սրան բռնում են: Էդ լալը մտել էր անասնագոմ ու դուռը փակել հետեւից: Գյուղացիներից մեկը պատահաբար կողքով անցնելիս ա լինում ու հանկարծ լսում ա, թե լալը ոնց ա թուրքերեն խոսում հեռախոսով: Ու հենց էդ պահին դուռը շրխկացնում ա վրան, զամոկով փակում: Մի խոսքով՝ բռնում ենք էդ գողին»,- ասում են կիրանցեցիները՝ հավելելով, որ նրան «բացահայտելուց» հետո գյուղում այլեւս անասնագողության դեպք չի գրանցվել: Նրանք հիշեցին նաեւ ամիսներ առաջ կատարված դեպքը, երբ գյուղի հովիվներից մեկի ամբողջ հոտը հատել էր սահմանը: «Աղջիկ ջան, գյուղում ականապատված տարածքներ չկան: Մեր գեղի չոբաններից մեկի հերթի ժամանակ մի ամբողջ հոտ կոտորվեց: Սաղ ոչխարներն անցել էին սահմանը: Դե, էդ սահմանից էն կողմ էլ մինայապատված տարածք էր: Ոչխարները ոչնչացան»,- շարունակում են հիշել սահմանամերձ գյուղի բնակիչները, որոնց համար առավոտյան նախավարժանքի պես սովորական են դարձել կրակոցները:
Անցյալ՝ ներկայի մեջ
Կիրանց գյուղը նախկինում կոչվում էր Գետաշեն: Գյուղն այդպես էլ անվանում էին՝ Իջեւանի Գետաշեն: Կիրանցեցիները գյուղի հյուրերին վախվորած մատնացույց են անում Ադրբեջանի հետ սահմանը, որտեղից ուշի ուշով հետեւում են իրենց: «Մեր ամեն մի քայլն իրենք տեսնում են»,- ասում են գյուղացիները:
Զարմանալի կոլորիտ ունի Կիրանցը՝ շարք կանգնած տների առջեւ ձմեռվա փայտի պաշարներն են, ու այնպիսի տպավորություն է, թե բոլոր բակերի առջեւ կուտակված փայտը կտրել-դարսել է նույն մարդը: Փողոցները նեղլիկ են, որտեղ ելումուտ անելու մենաշնորհը խոզերինն է: «Հիմա այծերի բազմացման ժամանակ ա, գյուղից ահավոր հոտ ա գալիս»,- նշում են գյուղացիները՝ սրտնեղելով տուն ներթափանցած հոտից: «Ի՞նչ անես, գյուղ ա, գոմ կա»,- իրենց բնորոշ պարզությամբ նկատում են բնակիչները: Գյուղին առանձնակի հմայք են հաղորդում բակերում կուտակված խոտի բուրգերն ու դրանց հենած փայտյա աստիճանները: Պատերազմից հետո գյուղի ու գյուղացիների կյանքը փոխվեց: Գյուղն այսօր էլ կրում է պատերազմի հետքերը՝ փլված ու վիրավոր շենքեր, որոնք մասամբ ծածկվել են խոտերով: «Գյուղը 18 զոհ տվեց»,- նշում են կիրանցեցիները, որոնցից շատերն այսօր էլ շարունակում են «կռիվ» տալ պատերազմի ուրվականի հետ: «Երանի եմ տալիս մեռնողներին: 20 տարեկան բալես էլ չկա: Մանկավարժ էր աշխատում գյուղում: Ցերեկը դպրոցում էր լինում, գիշերը՝ պոստերում: 21 օր էր մնացել, որ տուն գար: Բայց դե… Մինչեւ էսօր վառվում եմ: Հրայրս՝ տղաս, գնաց ու հետք էլ չի թողել»,- հիշում է զոհվածի մայրը` տիկին Սեդան, ով քիչ հետո Երկրապահ կամավորական միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանից ստացավ որդու հետմահու պատվոգիրն ու շքանշանը: Կինն ավելի քան հուզված էր, ասում է՝ ճիշտ է, կյանքն իր համար անարժեք է դարձել, բայց էլի հաճելի է, որ Երկրապահ կամավորական միության նախագահն ու տղաները հիշում են իրենց որդիներին: Ի դեպ, նշենք, որ օրեր առաջ Երկրապահ կամավորական միությունն ուխտագնացություն էր կազմակերպել դեպի Տավուշի մարզ, որտեղ առաջին կանգառը Կիրանց գյուղն էր: «Մենք մենակ մրմռում ենք, որ հանկարծ պատերազմ չլինի»,- ասում են կիրանցեցիները: Նրանցից ամեն մեկը պատերազմը հիշում է այնպիսի պարզությամբ, ասես երեկ էր եղել: Գյուղացի կանայք հիշեցին պատերազմական գործողությունների ժամանակ եղած ծննդաբերությունները, տղամարդիկ՝ թաղման արարողակարգերը, երբ հոգեհանգստի հացը բաժանում էին զինվորներին: «Կյանքը կախված էր ակնթարթից»,- ավելացնում են սահմանամերձ գյուղի բնակիչները, որոնց համար մշակութային կյանք կոչվածը հին օրերի երգերից է:
Գյուղն, արդեն երկար տարիներ է՝ չունի գրադարան: Տիկին Հասմիկը գյուղի գրադարանի նախկին գրադարանավարուհին է: Նա պատմում է, թե պատերազմի ժամանակ ինչպես ռմբակոծվեց գրադարանի շենքը: «Ես էնքան մեծ ցավ էի ապրում, երբ տեսնում էի փլված շենքի մեջ մեր գրքերը: Ու էլ հնար չկար՝ բերեցի մեր տուն: Տանս մի սենյակը սարքեցի գրադարան, ընթերցասրահ: Գրքերի հիմնական մասը պահեցի»,- հիշում է տիկին Հասմիկը՝ թվարկելով գրքերը: Մինչ օրս ռմբակոծված գրադարանը չի վերականգնվել, իսկ գրքերը պահվում են տիկին Հասմիկենց տան սենյակ-պահոցում՝ ձմեռվա սոխի ու ընկույզի հետ: «Սիրտս չի տալիս, որ ձեզ էդ սենյակ տանեմ: Էնքան վատ վիճակ ա էնտեղ, բայց ես էլ ուրիշ ելք չունեի»,- աչքերը գետնին խոնարհելով՝ նշում է կինը, ում շնորհիվ, այսպես ասած՝ «փրկվել» է գյուղի գրադարանը: Բացի գրադարանից, գյուղը երբեւէ չի ունեցել մանկապարտեզ: Իսկ գյուղի մշակութային կյանքն ամփոփված է դպրոցի կիսախարխուլ դասասենյակներում:
Գյուղի հիմնական դպրոցի տեղում նախկինում վարչական հաստատություն էր: Եվ շենքը, ինչպես դպրոցի տնօրենն է նկատում, հարմարեցված է դպրոցին: Երկհարկանի փոքրիկ դպրոցում հատակը ճռճռում է այնպիսի հանդարտությամբ, կարծես օրորոցային է երգում, իսկ դասասենյակները խցերից տարբերվում են միայն պատուհանների առկայությամբ: Դպրոցը տարիներ շարունակ չունի թե՛ մարզադահլիճ, թե՛ համերգային միջոցառումների համար նախատեսված դահլիճ: Դժվար է անգամ երեւակայել, որ ցուրտ ու խարխուլ սենյակը, որտեղ մարզական գույքի մասին խոսելն անգամ երազ է, ծառայում է իբրեւ մարզադահլիճ: «Հատկապես ձմռանը երեխաները մրսում են: Ես ինքս այս երկու սենյակները (մատնացույց է անում իրար կից խցերը.- Մ.Մ) սարքեցի՝ որպես հանդերձասենյակներ: Ուրիշ տարբերակ չկար»,- նշում է դպրոցի տնօրեն Վոլոդյա Պապինյանը՝ ուղեկցելով դեպի դահլիճ, որտեղ պատուհաններին կախված կտորները միակ «կահ-կարասին» էին: Գյուղի մշակութային միջոցառումները անցկացվում են մի սենյակում, որտեղ չկան աթոռներ, գույք, ու, ընդհանրապես, այն տպավորությունն է, թե դպրոց մտել ես ռմբակոծությունից օրեր անց: Մինչդեռ այստեղ սովորում է 44 երեխա: ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը տնօրենին խոստացել է վերանորոգել մարզադահլիճն ու դահլիճը։ «Դե խոստացել ա, կկատարի»,- ասաց Վ. Պապինյանը:
«Ախր, գյուղերում կյանքը կտրված ա: Եկող-գնացողով ապրում ենք: Ու մի տեսակ մեզ համար տոն ա դառնում էդ օրը»,- երանությամբ ասում էին կիրանցեցիները՝ պատերազմի ու խաղաղության սահմանագծում ապրողները: