Լինելով ցածրաստիճան եւ անհայտ մի բյուրոկրատ՝ Յուրի Լուժկովը դարձավ ժամանակակից Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։ Խորհրդային Միության փլուզման տարիներին նա արագ աճեց՝ անցնելով Մոսկվայի քաղաքապետարանի բոլոր աստիճաններով եւ 1992թ. այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինի աջակցությամբ զբաղեցրեց Մոսկվայի քաղաքապետի աթոռը։ Լուժկովը վերընտրվեց 1996, 1999 եւ 2003 թվականներին, իսկ այնուհետեւ նշանակվեց նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ 18 տարի շարունակ Լուժկովը ամեն ինչ անում էր գահը չկորցնելու համար։ Եվ չհամաձայնեց ինքնակամ հրաժարվել պաշտոնից, ինչից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պարզապես ազատեց նրան։ «Մոսկվայի քաղաքապետի լիազորությունները դադարեցնելու մասին» Մեդվեդեւի որոշումը նախագահական կայքում հայտնվեց այն ժամանակ, երբ ՌԴ նախագահը պաշտոնական այցով գտնվում էր Չինաստանում։ Այնտեղ նշվում է, որ Լուժկովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ կորցրել է վստահությունը Ռուսաստանի նախագահի մոտ։ Նախկին քաղաքապետի վերքի վրա աղ լցրեց նախագահի օգնական Նատալյա Տիմակովան՝ Շանհայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարելով, որ նախագահը չի պատրաստվում հանդիպել նախկին քաղաքապետի հետ։ Լուժկովի առաջին տեղակալը՝ Վլադիմիր Ռեսինը, նշանակվել է որպես քաղաքապետի պաշտոնակատար։ Սակայն հաշվի առնելով Ռեսինի սերտ կապերը Լուժկովի հետ՝ նրա հիմնական նշանակումն այդ պաշտոնին գրեթե բացառված է։
Մեդվեդեւի քայլը կանխատեսելի էր։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Լուժկովն ու իր միլիարդատեր կինը՝ Ելենա Բատուրինան, գտնվում էին իշխանությունների ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ների սուր քննադատության թիրախում։ Իշխանության կողմից հովանավորվող NTV հեռուստաալիքը ռեպորտաժներ հեռարձակեց, որոնք պատմում էին Լուժկովի ապօրինությունների մասին։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում էր հայտնվել ճարտարապետական արժեք ներկայացնող հին շենքերի քանդումը՝ նորերը կառուցելու նպատակով, եւ Լուժկովի անգործությունը հրդեհների հետեւանքով առաջացած ճգնաժամային իրավիճակում։ Ռուսաստանի խոշորագույն շինարարական ընկերությունների սեփականատեր Ելենա Բատուրինան իր ամուսնու շնորհիվ դարձավ առաջին կին միլիարդատերը, որը նրան շինարարական պայմանագրեր էր «նվիրում»։ Լուժկովն ու իր կինը երկար ժամանակ հերքում էին այդ մեղադրանքները։ Ավելին, քննադատությանն ի պատասխան՝ Բատուրինան մեկ քայլ առաջ գնաց եւ «Forbes» հանդեսին տված իր հարցազրույցում իրենց դեմ սկսված արշավը կապեց 2012թ. նախագահական ընտրությունների հետ։ Նա մեղադրեց Մեդվեդեւին, որ վերջինս վախենում է, թե Լուժկովն ընտրություններին կսատարի մյուս թեկնածուին՝ ներկայիս վարչապետ Պուտինին, եւ այդ իսկ պատճառով ցանկանում է չեզոքացնել նրա քաղաքական ուժը։
Նախկին քաղաքապետի «ժառանգությունը»
Լուժկովի անունը դարձել է «քաղաքական գոյատեւում» արտահայտության հոմանիշը, քանի որ մի շարք սկանդալային պատմություններից հետո նա կարողացել է պահպանել իր պաշտոնը։ Խարիզմատիկ Լուժկովն, իհարկե, շատ համակիրներ ուներ մոսկվաբնակների շրջանում։ Իր խորհրդանշական կեպիով եւ հասարակ մոսկվացիներին սիրաշահելու մեծ ունակությամբ՝ Լուժկովը կարողացավ երկար ժամանակ պահպանել Ռուսաստանի երրորդ ամենակարեւոր պաշտոնը՝ նախագահի եւ վարչապետի պաշտոններից հետո։ Նրա օրոք Մոսկվան լուրջ տրանսֆորմացիայի ենթարկվեց՝ քաղաքում եւ քաղաքից դուրս ընթացող լայնածավալ շինարարության արդյունքում։ Քրիստոս Փրկչի տաճարը վերակառուցելու որոշման շնորհիվ՝ Լուժկովը շահեց մոսկվացիների մեծ մասի համակրանքը։ Այնուհետեւ նա որոշեց հասարակական աջակցությունը վերածել ավելի առարկայական իշխանության եւ 1998թ. նախագահական ընտրություններին առաջադրեց իր թեկնածությունը՝ որպես «Օտեչեստվո» կուսակցության ղեկավար։ Նա պարտություն կրեց, հաղթանակ տարավ Պուտինը, եւ Լուժկովը կրկին ստիպված եղավ սահմանափակել իր հավակնությունները Մոսկվայի շրջանակներում։ Մոսկվայի քաղաքապետը ցանկանում էր իր անունը գրել պատմության էջերում՝ որպես մի մարդ, ով վերակառուցեց մայրաքաղաքը։ Սակայն հենց այդ վերակառուցման մոլուցքն էլ հող նախապատրաստեց նրա պաշտոնանկության համար։ Շինարարական բիզնեսը Մոսկվայում շատ եկամտաբեր է, քանի որ անշարժ գույքի գները որոշ դեպքերում գերազանցում են անգամ Լոնդոնի կամ Նյու Յորքի մակարդակը։ Լուժկովը եւ նրա շրջապատը հաճախ են մեղադրվել շինարարական թույտվություններ տրամադրելու հարցում իրենց լիազորությունները գերազանցելու մեջ։ Մեղադրանքների մեծ մասն ուղղված էր Բատուրինայի դեմ, որի շինարարական ընկերությունը՝ «Ինտեկոն», մեծապես շահում էր քաղաքապետարանի հետ ունեցած սերտ հարաբերությունների շնորհիվ։ Այն փաստը, որ Լուժկովի եւ Բատուրինայի եկամուտը 2009թ. կազմել է 1 միլիարդ դոլար, ցավագին ընդունվեց գնաճի դեմ պայքարող մոսկվացիների կողմից։ Հաջորդ բողոքի ալիքը բարձրացավ, երբ քաղաքապետը, անտեսելով արվեստի բոլոր քննադատների կարծիքը, որոշեց Մոսկվան զարդարել իր սիրելի քանդակագործ Զուրաբ Ծերեթելիի բրոնզաձույլ գործերով՝ միաժամանակ քանդելով հին շենքերն ու Մոսկվայի արվարձաններում գտնվող փոքրիկ գյուղերը, օրինակ՝ Րեչնիկ համայնքը։
Կրեմլի եւ Մոսկվայի քաղաքապետարանի միջեւ հարաբերությունները սրվեցին հատկապես այն ժամանակ, երբ ամառվա ամենաթեժ սեզոնին Լուժկովը պատվիրեց դեպի Շերեմետեւո օդանավակայան տանող ճանապարհի կառուցումը։ Դա կազմալուծեց օդային տրանսպորտի եւ մյուս օդանավակայանի՝ Դոմոդեդովոյի բնականոն աշխատանքը։ Այս քայլը մեծացրեց Լուժկովի հանդեպ դժգոհությունը, որի տեղակալ Ալեքսանդր Րյաբինինի նկատմամբ արդեն իսկ քրեական գործ էր հարուցված։ Նա մեղադրվում է հողերի ապօրինի սեփականաշնորհման մեջ, երբ համատեղում էր փոխքաղաքապետի եւ քաղաքապետարանի վերահսկողական ծառայության պետի պաշտոնները։
Իրավիճակը սրվեց այս ամռանը, երբ հրդեհների հետեւանքով Մոսկվան պատվեց թունավոր ծխով։ Մասնագետների խոսքերով, դա հանգեցրեց մահացության դեպքերի 50% աճի եւ կաթվածահար արեց մայրաքաղաքի տնտեսական կյանքը։ Սակայն մինչ քաղաքը պայքարում էր ծխի դեմ, Լուժկովը ժամանակ էր անցկացնում քաղաքի սահմաններից դուրս՝ իբր սպորտային վնասվածքի պատճառով։ Հասարակության եւ նախագահի կողմից հնչած քննադատությունից հետո նա ստիպված վերադարձավ իր գրասենյակ, սակայն անմիջապես էլ մեկնեց արձակուրդ։ Լուժկովը առաջնորդին վայել վարքագիծ չդրսեւորեց այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ էր, չապահովեց նախապատրաստական միջոցառումներ եւ չէվակուացրեց երեխաներին ու ծերերին։ Այդ ամենը բողոքի մեծ ալիք բարձրացրեց քաղաքապետի դեմ։
Ամփոփում եւ եզրակացություններ
Լուժկովի անփառունակ պաշտոնանկությունը երեւան է հանում ռուսական քաղաքականության մի շարք հետաքրքիր նրբերանգներ։ Առաջին, Լուժկովի ընտանիքի «բաժանիր, որ տիրես» ռազմավարությունը ձախողվեց։ Բատուրինայի ռիսկային փորձը՝ ընտրություններից առաջ Մեդվեդեւին հանել Պուտինի դեմ, ակնհայտորեն չաշխատեց։ Պուտինի լռությունը վկայում է այն մասին, որ վարչապետն ու նախագահը աշխատում են տանդեմով։ Երկրորդ, Մեդվեդեւը հակված է սերնդափոխություն իրականացնել Ռուսաստանի իշխանական շրջանակներում։ Այս ամառ նա առանց ավելորդ աղմուկի հեռացրեց Բաշկորտոստանի ղեկավար Մուրզաթա Ռահիմովին, որին նշանակել էր Ելցինը, եւ որը ներկայացնում էր հին գվարդիան։ Սակայն, ի տարբերություն Լուժկովի, նա չպայքարեց եւ ինքնակամ հրաժարական տվեց, երբ Կրեմլը խնդրեց այդ բանն անել։ Մեդվեդեւը հետեւողականորեն գնում է մոդեռնիզացիայի ճանապարհով, որը 2012թ. ընտրություններից առաջ նրա քաղաքական պլատֆորմի առանցքն է։ Քաղաքական վերնախավի մոդեռնիզացիան, անշուշտ, այդ քաղաքականության բաղկացուցիչն է։ Ինչ վերաբերում է Մոսկվային, իշխանության փոփոխությունը իր հերթին ենթադրում է նախկին քաղաքապետի հետ փոխկապակցված բիզնեսների վերակազմավորում։ Ամենացայտուն օրինակն այս առումով կլինի Մոսկվայի քաղաքապետարանի հսկողության տակ գտնվող Մոսկվայի բանկը, որտեղ կլինեն ղեկավար անձնակազմի եւ քաղաքականության փոփոխություններ։ Բանկն իր եկամուտների եւ լիկվիդային դեպոզիտների մեծ մասը ստանում է քաղաքային իշխանություններից, եւ ակտիվորեն ներգրավված է Մոսկվայի անշարժ գույքի շուկայում։ Քաղաքային ղեկավարների հետ սերտ կապերը բանկի համար դրական գործոն է եղել՝ նպաստելով հուսալիության վարկանիշին։ Սակայն Լուժկովի եւ նրա մտերիմ մարդկանց հեռացումը կարող է սպառնալ բանկի կայունությանը։
Դեռեւս պարզ չէ, թե որն է լինելու 74-ամյա Լուժկովի հաջորդ քայլը։ Եթե նա որոշի անցնել ընդդիմության շարքերը, իսկ նրա կինը շարունակի բանտարկված օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկուն աջակցող հայտարարություններ անել, ապա այս զույգը Կրեմլում հզոր թշնամիներ ձեռք կբերի։ Հաշվի առնելով, որ Լուժկովն ու իր կինն իրենց հարստությունը դիզել են վերջին տարիների ընթացքում՝ կոռուպցիոն մեղադրանքների ստվերի ներքո, նախկին քաղաքապետի համար ամենաճիշտ որոշումը թերեւս կլինի քաղաքականությունից հեռանալը՝ ավելորդ ռիսկերից խուսափելու համար։
IHS Global Insight
Մեծ Բրիտանիա