Արվեստի մարդկանց քաջ հայտնի է, որ այսօր Հայաստանում բացակայում են ժամանակակից, արդի կերպարային արվեստը (contemporary art) ներկայացնող հարթակներն ու հաստատությունները: Հետեւելով արվեստի բուհերի ծրագրին եւ տարբեր պետական ցուցահանդեսների ընթացքում ներկայացվող արվեստի գործերին, կարող է տպավորություն ստեղծվել, որ կերպարային արվեստի պատմությունը կանգ է առել մոդեռնիստական շրջանում եւ այլեւս կտրվել է համաշխարհային պրոցեսից: Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է` դեռ 1980-ականների վերջից սկսած հայ արվեստագետներից շատերը կարողացել են իրենց ուրույն տեղը զբաղեցնել այն մեծ օվկիանոսում, որը կոչվում է «contemporary art»: Հայաստանի անկախացումից հետո շատ արվեստագետներ լքեցին հայրենիքն ու նոր Սփյուռք դարձան: Սակայն նրանց ու նրանց հետնորդների արվեստը այդպես էլ չհավաքագրվեց որեւէ թանգարանում կամ գոնե արխիվային նյութերում: ԱՄՆ-ում ապրող, բայց Հայաստանի հետ կապը միշտ պահպանող քանդակագործ Սահակ Պողոսյանը վերջերս նամակով դիմել էր Հայաստանի կառավարությանը` հայրենիքում նոր ձեւ ու բովանդակություն ունեցող ժամանակակից արվեստի կենտրոն-թանգարան հիմնելու ցանկություն հայտնելով: «Իմ խորին համոզմամբ՝ սփյուռքահայ արվեստը հայկական մշակույթի մասն է կազմում, եւ բավականին ծանրակշիռ մասը»,- ասում է նա ու ընդգծում, որ ամերիկյան էքսպրեսիոնիստ Արշիլ Գորկուց բացի, մեր հասարակությունը արտասահմանում կայացած այլ արվեստագետների չի ճանաչում: «Աշխարհով մեկ սփռված արժեքներ ու զավակներ ունեցող եւ ազգային ինքնության պահպանումն առաջնահերթություն ընդունած Հայաստանի համար «շռայլություն» կլիներ տեր չկանգնելն այդ ամենին»,- իր բաց նամակում նշում է Ս.Պողոսյանն ու առաջարկում հայ արվեստագետների ու Սփյուռքի մշակութային հաստատությունների հետ ունեցած կապերի միջոցով արդի արվեստի պահպանման ու ցուցադրման կենտրոն ստեղծել:
Ժամանակակից արվեստն իր բնույթով` շատ դեմոկրատական է, քանի որ միտված է հեղինակի ու հանդիսատեսի տարբերությունները վերացնելով` դիտողին արվեստի համամասնակիցը դարձնել: Մուտք գործելով հանրային ոլորտ` ժամանակակից արվեստը ազատ մտածող հասարակություն է ձեւավորում: Արդի արվեստը «այսօր» ու «հիմա» ներգործող գործիք է, որին ոչ մի պետություն չի թերագնահատում: Եվ եթե պետությունն այդ գործիքի կարիքը չի զգում, ապա գործիքը կարող է պետականության դեմ օգտագործվել: Ժամանակակից արվեստը, միեւնույն է, շրջանառության մեջ է մտնում, սակայն սկսում է աշխատել միայն ընդհատակում: «Ժամանակակից արվեստն ինքնարտահայտման այլընտրանքային ձեւեր է փնտրում, ինչը հաճախ բերում է ընդդիմադիր կեցվածքին, առանց այդ էլ սրված քաղաքացիական դիմադրության դաշտի առավել լարմանը: Սա, մեր խորին համոզմամբ, չի նպաստում հասարակության շահերին: Իսկապես տաղանդավոր արվեստագետներից շատերը 2 ելք ունեն. հեռանալ երկրից կամ գնալ դեպի ընդդիմություն»,- նշում է արվեստաբան Լիլիթ Սարգսյանը:
Եվ եթե ուշադիր հետեւենք քաղաքական ընդդիմադիր ուժերի կարգախոսներին, ապա ակնհայտ կդառնա, որ գործի են դրվում հենց ժամանակակից արվեստի սիմվոլներն ու կոչերը: Այսինքն` այնպիսի քայլեր են նախանշվում, որոնք հասկանալի ու գրավիչ են հասարակության համար (այնպես, ինչպես «contemporary art»-ն է դրդում արվեստագետին ու դիտողին երկխոսություն վարել, այնպես էլ` քաղաքական դրույթներն են դիալոգ ենթադրում): Լ. Սարգսյանը նշում է, որ հայ արվեստի պատմության մեջ դատարկ էջերը խորանում են. «Չէ՞ որ տասնամյակներ անց մերօրյա «արդիականը» վեր է ածվելու «ավանդականի», եւ այդ դեպքում ի՞նչ պատասխան պետք է տրվի սերունդներին` թե որտե՞ղ է անկախության առաջին տասնամյակների հայկական ժամանակակից արվեստը: Իսկ ո՞ւր մնաց սփյուռքահայ հատվածն այն դեպքում, երբ երկրում պաշտոնապես քարոզվում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսը»: «Նոր տեսակի (contemporary) մշակութային կենտրոնի ստեղծումը ուղղակի ժամանակի հրամայականն է, քանի որ այն կնպաստի հայրենիքում հայ արվեստագետների կայացմանը, ճանաչմանն ու համաշխարհային մշակույթին ինտեգրվելուն»,- նշում է Սահակ Պողոսյանը՝ բոլոր սփյուռքահայ արվեստագետների անունից: Եվ եթե պետությունը որոշի առաջին քայլն անել, ապա ըստ արվեստագետների` մնացածը կանեն իրենք` սեփական կապերով ու հայրենիքին օգտակար լինելու մղումից դրդված:
Նշենք, որ արվեստագետների կազմած նամակ-առաջարկությունը հայտնվել է «փակ շրջանում», այսինքն` վերադասները այն կրկին Մշակույթի նախարարություն են ուղարկել, որտեղ նամակը բարեհաջող մոռացության է մատնվել: