«Սա Երեւանն է, այստեղ դու տանն ես,
Ուր քեզ սպասում են, դեռ չեն մոռացել…»:
Ռուբեն Հախվերդյան
Անցած կիրակի նշվում էր մեր սիրելի Երեւանի 2787-ամյակը: Այս տոնի պատմությունը սկսվում է 1968 թվից, երբ Խորհրդային Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը որոշեց մեծ շուքով նշել մեր քաղաքի 2750-ամյակը: Ես չեմ հիշում, թե ինչպես է այդ օրը նշվել, սակայն գիտեմ, որ Հանրապետության եւ Շահումյանի հրապարակների միջեւ գործող 2750 շատրվանները մեր քաղաքին նվեր են մնացել այդ տոնակատարությունից հետո: Ավելի ուշ, երբ Խորհրդային Միության տարբեր քաղաքներ սկսեցին նշել իրենց քաղաքի օրը (Թբիլիսին` Թբիլիսոբան, Մոսկվան` Մոսկվայի օրը եւ այլն), երեւանցիները եւս սկսեցին նշել իրենց տոնը, որը կոչվում էր Էրեբունի-Երեւան: Մի կողմ թողնենք այդ տոնակատարությունների լավ եւ վատ կողմերը եւ անդրադառնանք այսօրվա Երեւանին: Նախ` սկսենք նրանից, որ այս տոնակատարության ողջ գովազդային արշավը նման էր տաքսի սերվիսի գովազդի, որի անվանումը տաքսի «Երեւան» էր, իսկ հեռախոսի համարը` 27-87: Ուղղակի, եթե այսօր իրական տաքսի սերվիսների վարորդները հիմնականում բարձրագույնն ավարտած նախկին ինժեներներ եւ տնտեսագետներ են, գիտնականներ եւ մանկավարժներ, ապա «Երեւանի վարորդներն» իրոք նախկին տաքսու վարորդներ են: Համենայն դեպս, այդպիսին է տպավորությունը: Դրա ապացույցն էր այն հանդիսավոր նիստը եւ «տոնական համերգը», որն, այդպես էլ չհասկացանք, անցյալ դարի Կոմկուսի պլենո՞ւմ էր, թե՞ 60-ական թվականների Շամշադինի Կուլտուրայի պալատում կայացած համերգ: Ես, իհարկե, չեմ կարող մեղադրել ոչ մեկին, որովհետեւ այդ տոնակատարության կազմակերպիչները փոքր հասակում ինչ տեսել, այն էլ սովորել են: Ուղղակի այսօր «սալյուտը» դառել է «ֆեերվերկ»: Սակայն էականը դա չէ, քանզի սրանք մանրուքներ են եւ, որ ամենակարեւորն է` շտկվող մանրուքներ: Ես կուզանայի խոսել այն խնդիրների մասին, որոնք ժամանակի ընթացքում կարող են անդառնալի բնույթ կրել: Ես ամենեւին էլ դեմ չեմ, որ մեր քաղաքը վերակառուցվի եւ ստանա 21-րդ դարի մայրաքաղաքին վայել տեսք: Խոսքս անգամ «ծամոն դարձած» «էլիտար շենքերի» մասին չէ (հուսով եմ, որ գոնե մեր չինովնիկների մի մասն այս առիթով իմացավ, թե ով է Փավստոս Բուզանդը, չնայած համոզված եմ, որ շատերի համար այդ անունը դեռ «իմպորտնի հայհոյանք» է): Ես ուզում եմ խոսել ամենատարրական բաների մասին: Ամեն անգամ, երբ ես, քայլելով Երեւանի փողոցներով, փնտրում եմ աղբարկղ, որպեսզի գցեմ սիգարետի մնացորդը կամ երեխայի կոնֆետի թուղթը, անհաջող բառերով եմ հիշում Երեւանի անհաջող «վարորդներին»: Չնայած, ամառվա շոգին Երեւանի ցայտաղբյուրներից ջուր խմելը դառել է լեգենդ, որը սերնդեսերունդ կպատմվի ապագա երեւանցիներին, որովհետեւ մի էրկու «գեղցի բիզմեսմեններ» «գազով կամ առանց գազի ջրի ցեխ են դրել, ու պուլպուլակներն իրենց գործին խփում են»: Իհարկե, «պուլպուլակներից» պետության բյուջե հարկ չի մտնում: Բայց ես չեմ կարծում, որ մեր այդ կարգի «բիզմեսմեններն» այնքան հարկ են մուծում, որ դրա համար արժե ոչնչացնել այն, ինչով մեր քաղաքը պարծենում էր եւ տարբերվում աշխարհի շատ քաղաքներից: Ավտոկանգառների պրոբլեմը բոլոր մեծ քաղաքներում ամենադժվար խնդիրներից մեկն է, բայց դա չի նշանակում, որ ով ուզենա` կարող է թեւին կապել 20-դարում «Օլվեյս պլասին» փոխարինող կտորը եւ դուրս գալ փողոց ու սկսել գումար հավաքել վարորդներից, ավելի խճճելով առանց այն էլ բարդ երեւանյան երթեւեկությունը: Ես ուրախ եմ, որ մեր քաղաքի կենտրոնը վերակառուցվում եւ գեղեցկանում է, սակայն եվրոպական կոստյումներով, բայց տրեխային մտածելակերպով մեր չինովնիկներին ուզում եմ հիշեցնել, որ ողջ աշխարհում էլիտար շենքերն ու առանձնատները կառուցվում են ոչ թե քաղաքի կենտրոնում, այլ արվարձաններում: Իսկ կենտրոնում, սովորաբար, կառուցվում են բանկեր, գրասենյակներ, խանութներ, զվարճանքի վայրեր եւ այլն: Այսինքն` մինի բիզնես-քաղաք: Այդպիսին են ժամանակակից քաղաքաշինության օրենքները, որոնք, ի դեպ, ես չեմ գրել: Ու հետո` շենքերը մայթերի վրա չեն կառուցում: Էգուց-մյուս օրը ձեր երեխաները շենքի մուտքից միանգամից փողոց են դուրս գալու ու ընկնելու են ձեր կոլեգաների անիմաստ մեծ մեքենաների տակ: Գոնե այդ երեխաների մասին մտածեք: Ինչ վերաբերում է այն Երեւանին, որին վարդագույն եւ տուֆակերտ էին անվանում, որտեղ խոսում էին էրեւանցու բարբառով, ես կարծում եմ, այդ Երեւանը մնաց անցյալում: Ինչպես ժամանակին անցյալում էին մնացել Աստաֆյան փողոցն ու այն խաղողի այգիները, որոնց տեղում կառուցվել էին «Ցեկան» ու Գերագույն խորհուրդը: Այսօր Երեւանը ավելի շատ մոխրագույն ու պանելակերտ է, որտեղ խոսում են անհասկանալի «պանելակերտի» բարբառով: Եվ եթե երեւանցիները չեն կարողանում դրսից եկածներին ստիպել ապրել իրենց կանոներով, ուրեմն պետք է հաշտվեն այն կանոնների հետ, որոնք մեզ թելադրում են դրսից եկածները: Այդպիսին են բնության օրենքները: Դարվին կարդացեք եւ ապրեք այնպես, որ մեր երեխաները` ապագա երեւանցիները, ապրեն այնպիսի քաղաքում (անկախ այդ քաղաքի գույնից եւ տեսքից), որի մասին իրենց երեխաներին ու թոռներին կպատմեն հաճույքով, ինչում, ելնելով իմ պաշտոնից (խոսքս օպտիմիստի մասին է), ես չեմ կասկածում:
Երեւանում ծնված, Երեւանում մեծացած եւ Երեւանը երբեք չլքած հայ` Ա. Ք.