Մարսել Պրուստ «Ընդդեմ Սենտ-Բյովի»

30/09/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Նախաբանի ուրվագծեր

Օրըստօրե ես առավել ու առավել քիչ նշանակություն եմ տալիս ինտելեկտին: Օրըստօրե ես առավել պարզ եմ գիտակցում, որ լոկ ինտելեկտի սահմաններից անդին գրողին վաղեմի տպավորություններից ինչ-որ բան որսալու հնարավորություն է ընձեռվում, այլ կերպ ասած, իր ներսում ինչ-որ բան ըմբռնելու եւ ձեռք բերելու արվեստի միակ առարկան: Այն, ինչ ինտելեկտը մատուցում է մեզ անցյալի անվան տակ, այն չէ: Իրականում մեր կյանքի յուրաքանչյուր անցած ժամ իր համար կացարան է գտնում ինչ-որ նյութական առարկայում եւ մարմնավորվում է նրանում, ինչպես դա պատահում է մեռյալների հոգիների հետ որոշ ժողովրդական առասպելներում: Նա դառնում է առարկայի գերին, նրա հավերժական գերին, եթե, իհարկե, մենք չպատահենք այդ առարկային: Նրա օգնությամբ մենք ճանաչում ենք այդ անցած ժամը, կանչում ենք այն, եւ նա ազատագրվում է: Սակայն այն ծածկող առարկան կամ զգացողությունը, քանզի ամենայն առարկա մեզ հետ հարաբերակցության մեջ` զգացողություն է, կարող է երբեք չհայտնվել մեր ճանապարհին: Եվ մեր կյանքի ինչ-որ ժամեր երբեք հարություն չեն առնի: Եվ այդ ամենն այն պատճառով, որ այդ առարկան այնքան փոքր է, այնքան կորսված է աշխարհում, որ նրան դեմ առնելու հնարավորությունն աննշան է: Քանիցս ես ամառն անցկացրել եմ քաղաքամերձ մի տանը: Երբեմն մտովի վերադառնում էի առ այդ ամառային ամիսները, բայց դրանք այն չէին: Ամեն ինչ հանգում էր այն բանին, որպեսզի դրանք ընդմիշտ մահանան ինձ համար: Իրենց հարությամբ դրանք, ինչպես եւ ցանկացած հարություն, պարտ են պարզ մի դիպվածի: Մի ձմեռային երեկո, սարսռալով սառնամանիքից, ես տուն դարձա եւ տեղավորվեցի գիրքը ձեռքիս լամպի տակ` իմ ննջարանում, բայց մեկ է, չէի կարողանում տաքանալ, իմ ծեր խոհարարուհին ինձ թեյ առաջարկեց, թեպետ սովորաբար ես թեյ չեմ խմում: Եվ ահա այնպես պատահեց, որ թեյի հետ նա բովվահաց մատուցեց: Ես բովվահացը թաթախեցի թեյի մեջ, դրեցի այն լեզվիս վրա, եւ այդ պահին, երբ զգացի նրա համը` թեյի մեջ փափկած չոր հացի համը, ինձ հետ ինչ-որ բան կատարվեց` ես լսեցի խորդենու եւ նարնջենիների բույրը, ինձ թաղեց ինչ-որ ապշեցուցիչ մի բանի հոսքը, երջանկության հոսքը, ես անշարժացել էի, երկնչելով թեկուզ մի ժեստով խախտել մեջս տեղի ունեցող գաղտնախորհուրդը, եւ անընդհատ կառչում էի թեյով ներծծված հացի համից, որից, թվում էր, սերում էր այդ հրաշալի ազդեցությունը, մեկ էլ հանկարծ իմ հիշողության ապշած անջրպետներն ընկրկում էին, եւ մերձքաղաքային տանն անցկացրած ամառային ամիսները, առավոտներով, որ իրենց հետ բերում էին արբեցուցիչ ժամերի անվերջանալի բեռը, ներխուժեցին իմ գիտակցության մեջ: Եվ այդժամ ես հիշեցի` լուսադեմին, հագնված, ես իջնում էի պապիս մոտ եւ նրան գտնում էի թեյախմության պահին: Չորահացը թեյի մեջ թաթախելով, նա այն ինձ էր մեկնում: Իսկ երբ այդ ամառային ամիսներն անցյալի գիրկն անցան, թեյի մեջ թաթախված չորահացի համը դարձավ մեկն այն կացարաններից, որոնցում թաքչում էին ինտելեկտի համար մեռած ժամերը, եւ որտեղ ես դրանք ոչ մի գնով չէի գտնի, եթե ձմեռային մի երեկո, սառնամանիքից սարսռած տուն դառնալով, չփորձեի իմ խոհարարուհու առաջարկած ըմպելիքը, որի հետ ինձ անհայտ կախարդական պայմանագրով կապված էր հարությունը: Եվ բավ էր, որ ես փորձեի չորահացը, եւ ես տեղնուտեղը վերագտա այգին, որ մինչ այդ աղոտ, ցաքուցրիվ հառնում էր իմ ներքին հայացքի առջեւ, ողջ այգին՝ իր լքված ծառուղիներով, իր բոլոր գույներով սկսեց ուրվագծվել թեյի բաժակի մեջ, հար եւ նման ճապոնական նրբենի ծաղիկներին, որ բացվում են միայն ջրի մեջ:

Ճիշտ նույնպես էլ ինձ համար մեռյալ էին Վենետիկում անցկացրած շատ ու շատ օրերը, քանզի ինտելեկտը զորու չէր դրանք ինձ վերադարձնելու, բայց անցյալ տարի, մի բակով անցնելիս, ես հանկարծ ասես մեխված կանգ առա խորդուբորդ եւ կոկած գետաքարով փռված ճանապարհի վրա: Ընկերներս անհանգստացան, արդյո՞ք ես չեմ սայթաքել, բայց ես նրանց ճանապարհը շարունակելու նշան արի` ես, իբր, կհասնեմ, իմ ուշադրությունը մեխված էր ինչ-որ առավել կարեւոր մի բանի, ես դեռ չգիտեի, ինչ է դա, բայց զգացի, թե ինչպես իմ էության խորքում սասանվեց, կենդանանալով, անցյալը, որը ես չէի ճանաչում, ես այդ ապրեցի, երբ ոտք դրեցի սալահատակի քարերի վրա: Ես զգում էի` ինձ լեցնում է երջանկությունը, ինձ կշնորհվի հենց մեր միջի անաղարտ էության կաթիլը, որը հենց վաղեմի տպավորությունն է, ինձ շնորհ կարվի այն մաքուր, իր մաքրությամբ պահպանված կյանքը (որը ճանաչել մենք կարող ենք սոսկ պահածոյացված տեսքով, որովհետեւ այն պահին, երբ մենք ապրում ենք այն, այն չի հառնում մեր հիշողության առաջ, այլ թաղված է իրեն ճնշող զգացմունքների ներքո)` կյանքը, որ պահանջում է ազատ արձակել այդ էությունը, հնարավորություն տալ իրեն հարստացնելու պոեզիայի եւ գոյության իմ գանձարանը: Բայց նրան ազատ արձակելու ուժ ես իմ մեջ չէի զգում: Ես վախենում էի, որ անցյաlն ինձանից խույս կտա: Ոչ, համանման պահին ինտելեկտն ինձ ոչնչով չէր կարող օգնել: Ես մի քանի քայլ ետ գնացի, որպեսզի դարձյալ հայտնվեմ սալահատակի խորդուբորդ կոկած քարերի վրա եւ ջանամ վերադառնալ առ նույն վիճակը: Եվ հանկարծ ինձ թաղեց լույսի հոսքը: Ոտքերի տակ զգացվում էր նույնը, ինչը որ ապրել էի Սուրբ Մարկոսի բապտիստերիայի սլկուն եւ թեթեւակի անհարթ հատակի վրա: Այդ օրը ամպը, որ կախված էր ջրանցքի վրա, ուր ինձ էր սպասում գոնդոլը, ողջ երանությունը, այն ժամերի բոլոր անգին ընծաները տեղացին ինձ վրա այդ ապրված զգացողության ետքից, եւ այդ օրից ապրվածը հարություն առավ ինձ համար: Դեռ բավ չէ, որ ինտելեկտն անզոր է հարություն պարգեւելու անցյալի ժամերին, դրանք նաեւ թաքչում են սոսկ այն առարկաների մեջ, որոնցում նա չի էլ ջանում մարմնավորել դրանք: Առարկաները, որոնց օգնությամբ դուք փորձում էիք գիտակցաբար կապեր հաստատել մի ժամանակ ձեր ապրած ժամի հետ, չեն կարող կացարան ծառայել այդ ժամի համար: Ավելին, եթե ինչ-որ այլ բան կարող էլ է հարություն պարգեւել անցած ժամերին, նրա հետ վերակենդանանալով, ապա դրանք պոեզիայից զուրկ կլինեն:

Հիշում եմ, մի անգամ գնացքում, պատուհանի մոտ նստած, ես ջանում էի տպավորություններ քաղել կողքանց անցնող բնանկարից: Ես գրում էի, աչք նետելով փոքրիկ գյուղական գերեզմանի վրա, արեւի շողերով ուրվածված ծառերի վրա, համանման նրանց, որ նկարագրել է Բալզակը «Հովտաշուշանում»: Այդ ժամանակից ի վեր, մտածելով արեւաշող այդ ծառերի մասին, այդ գյուղական գերեզմանոցի մասին, ես հաճախ փորձում էի հիշողությանս մեջ վերականգնել այն օրը, ես նկատի ունեմ հենց այն օրը, այլ ոչ թե նրա պաղ ուրվականը: Դա ինձ ոչ մի կերպ չէր հաջողվում, եւ ես արդեն դադարել էի հույս տածել. մեկ էլ հանկարծ օրերս նախաճաշի ժամին գդալս վայր ընկավ: Բախվելով ափսեին, նա զրնգաց ճիշտ նույնպես, ինչպես զնգում էր մուրճը, որով շղթայակցողն այն օրը կանգառների ժամանակ խփում էր գնացքի անիվներին: Հենց տեղնուտեղը շամփրող եւ ապշեցնող, այդ կերպ հնչյունավորված ժամը վերակենդանացավ ինձ համար, իսկ նրա հետ եւ ողջ այդ օրն իր պոեզիայով, որից վերցված էին սոսկ գյուղական գերեզմանոցը, արեւաշող ծառերի բները եւ մեկ էլ միտումնավոր զննման առարկա դարձած բալզակյան ուղեմերձ ծաղիկները, եւ կնշանակի, պոետական վերածննդին ծառայելու ունակությունը կորցրած:

Ավաղ: Երբեմն մեր ճանապարհին պատահում է այդ առարկան, մոռացված զգացողությունը թափ է տալիս մեզ, բայց շատ ջրեր են անցել` մենք անզոր ենք ճանաչելու այդ զգացողությունը, այն կյանքի կոչելու, այն հարություն չի առնում: Վերջերս բուֆետով անցնելիս, ես հանկարծ կանգ առա կանաչ սփռոցի կտորի առաջ, որով փակել էին ջարդված պատուհանը, եւ սկսեցի ունկ դնել ինձ: Ամառային միջօրեի շողանքը համակեց ինձ: Ինչո՞ւ: Ես ջանում էի հիշել: Տեսնում էի կրետներին արեւի շողերի ներքո, լսում էի սեղանի վրա փռված բալերի բույրը, բայց հիշել չէր հաջողվում: Ինչ-որ մի պահ ես նման էի գիշերվա կեսին արթնացած մի մարդու` նա անօգ փորձում է գլխի ընկնել, թե որտեղ է գտնվում, բայց չի կարողանում հասկանալ, թե քանի տարեկան է, թե որ անկողնում է, եւ կամ թե երկրի որ վայրում է նա պառկած: Ես այդ վիճակում ընդամենը մի ակնթարթ էի, ձգտելով կանաչ սփռոցի կտորի մեջ ճանաչել տեղն ու ժամանակը, որոնցում կբնավորվեր իմ նորիցնոր արթնացող հուշը: Ես միաժամանակ տատանվում էի իմ կյանքի բոլոր աղոտ, գիտցած եւ կորուսյալ տպավորությունների միջեւ, դա ձգվում էր մի ակնթարթից ոչ ավելի, շուտով ես դադարեցի որեւէ բան զանազանել, հիշողությունն ընդմիշտ թաղվեց քնի մեջ: Քանի անգամ զբոսանքի ժամանակ ընկերներս ականատես են եղել, թե ես ինչպես նույն կերպ կանգ էի առնում ծառուղու կամ պուրակի առաջ եւ խնդրում էի նրանց կարճ ժամանակով ինձ մենակ թողնել: Երբեմն դա ոչինչ չէր տալիս` ապարդյուն գոցում էի աչքերս, որպեսզի հիշողության ետքից ընկած թարմ ուժեր ձեռք բերեմ եւ ցրեմ բոլոր մտքերը, եւ այնուհետեւ հանկարծ նորից հայտնաբերեմ դրանք, ասես առաջին անգամ տեսնեմ այդ ծառերը, ես այդպես էլ չէի կարողանում հասկանալ, թե որտեղ եմ դրանք տեսել: Ես ճանաչում էի նրանց, վայրը, ու նրանք աճում էին. նրանց վերնամասերի ուրվանշած գիծը, թվում էր, պատճենած ինչ-որ առեղծվածային սիրելի նկարից, որ թրթռում էր իմ սրտում: Բայց դրանով էլ ամեն ինչ ավարտվում էր, նրանք ինքները պարզասիրտ եւ ներշնչյալ կարծես թե ափսոսանք էին դրսեւորում, որ չեն կարողանում արտահայտել իրենց, պատմել ինձ գաղտնիքը, որը, նրանք դա լավ գիտեին, ես չեմ կարող մեկնել: Թանկ, անսահմանորեն թանկ անցյալի ուրվականները, որ ստիպում էին մինչեւ ուժասպառվելը սիրտս բաբախել, ինձ էին մեկնում անօգ ձեռքերը ստվերի հանգույն, որոնց հանդիպել էր Էնեոսը դժոխքում: Տեսել էի ես դրանք քաղաքով զբոսնելի՞ս, երբ երջանիկ փոքրիկ տղա էի, թե՞ միայն այն երեւակայական վայրում, որտեղ ավելի ուշ պատկերացնում էի ծանր հիվանդ մորս անտառի լճի մոտ, ուր ողջ գիշեր լույս է` սոսկ երազի վայրում, սակայն համարյա նույնքան իրական, ինչպես եւ իմ մանկության վայրը, որն արդեն ավելին չէ՞ր, քան երազը: Ես չգիտեի: Մնում էր հասնել ընկերներիս, որ ինձ էին սպասում ճանապարհի շրջադարձին, եւ, կարոտից կեղեքվելով, ընդմիշտ անցյալից երես թեքել, որն ինձ այլեւս տրված չէր ճանաչելու, մնում էր հրաժարվել մեռյալներից, որ դեպ ինձ էին մեկնում անօգ ու նուրբ ձեռքերը, ասես կանչելով` «Մեզ հարություն պարգեւիր»: Մինչեւ ընկերներիս հետ հավասարվելն ու նրանց հետ խոսակցելը, ես մի քանի անգամ շրջվում էի, ավելի ու ավելի պակաս խորաթափանց հայացք նետելով պերճախոս ու համր ծառերի խուսափուկ գծին, որ դեռ թարթվում էին աչքերիս առաջ, սակայն արդեն ոչինչ չասելով սրտիս:

Այդ անցյալի կողքին` հենց մեր թաքնաթաքուր էության, ինտելեկտի ճշմարտությունները թվում են առավել պակաս իրական: Այդ պատճառով, հատկապես այն պահից, երբ մեր ուժերը սկսում են նվազել, մենք նետվում ենք այն ամենին ընդառաջ, ինչն ունակ է օգնելու մեզ ձեռք բերելու այդ անցյալը, թող նույնիսկ մենք մնանք չհասկացված այն ինտելեկտուալների համար, որոնց հայտնի չէ, որ արվեստագետն ապրում է մենության մեջ, որ նրա հայացքի առջեւ հառնող առարկաների բացարձակ արժեքը նրա համար նշանակություն չունի, որ արժեքների սանդղակը պարփակված է լոկ իր ներսում: Պատահում է, որ ինչ-որ գավառական թատրոնում որեւէ երաժշտական զազրելի ներկայացում, բալ, որ ճաշակավոր մարդկանց անհեթեթ են թվում, նրա մեջ հիշողություններ են արթնացնում կամ ավելի շատ են առնչվում նրա զգացողությունների եւ տենչանքների կարգին, քան անբասիր ներկայացումն Օպերայում կամ չափազանց նրբաճաշակ ընդունելությունը Սեն-Ժերմենի արվարձանում: Հյուսիսային երկաթուղու չվացուցակում կայարանի անունը, որտեղ նա իր երեւակայության մեջ իջնում է աշնանային մի երեկո, երբ ծառերն արդեն մերկացել եւ սուր բուրում են թարմաշունչ օդում, ինչ-որ գրքույկ, ճաշակավոր մարդկանց աչքին աննշան մի բան, բայց որում կան իր փոքրուց չլսած անունները, իր համար կարող են միանգամայն այլ նշանակություն ունենալ, քան չգերազանցված փիլիսոփայական աշխատությունները, եւ դա ճաշակավոր մարդկանց դրդում է պնդելու, որ տաղանդավոր մարդու համար նա չափազանց ցածր պահանջներ ունի:

Ոմանք, երեւի թե, զարմանան, որ, այդքան քիչ նշանակություն տալով ինտելեկտին, ես հետագա մի քանի էջերը նվիրել եմ որոշ նկատառումների, որոնք թելադրված են հենց ինտելեկտով եւ հակասում են այն տափակություններին, որոնք մենք լսում կամ կարդում ենք: Այն ժամին, երբ օրերը հաշված են (ի դեպ, արդյո՞ք այդ առումով մենք բոլորս հավասար չենք), ինտելեկտուալ ստեղծագործություն հորինելը` կնշանակի ոչ քիչ թեթեւամտություն ցուցաբերել: Սակայն մյուս տեսանկյունից ինտելեկտի ճշմարտությունները, թող որ նվազ թանկարժեք, քան զգացողության այն գաղտնիքները, որոնց մասին ես հենց նոր խոսում էի, նույնպես անհետաքրքիր չեն: Գրողը` ընդամենը բանաստեղծ է: Մեր ժամանակի նույնիսկ ամենաերեւելի ներկայացուցիչները մեր անկատար աշխարհում, որտեղ արվեստի գլուխգործոցները ավելին չեն, քան մեծ ուղեղների կործանման մնացորդներ, ովքեր փոխադրել են այստեղ ու այնտեղ գործվածքով փողփողացող զգացմունքների մարգարիտները: Եվ եթե համարենք, որ իրենց ժամանակի լավերից լավագույնները մոլորված են սույն ոչ անկարեւոր հարցում, վրա է հասնում այն պահը, երբ թոթափում ես ծուլությունը եւ այդ մասին խոսելու անհրաժեշտություն ես զգում: Առաջին հայացքից կարող է մտքովդ անցնել՝ դե, արդյո՞ք մի մեծ բան է` Սենտ-Բյովի մեթոդը: Սակայն, հնարավոր է, հետագա էջերը կհամոզեն այն բանում, որ այդ մեթոդը շոշափում է կարեւորագույն ինտելեկտուալ խնդիրները, որոնցից բարձր արվեստագետի համար ոչինչ չկա, եւ կապ ունի ինտելեկտի թերարժեքության հետ, որից էլ ես սկսեցի: Եվ այդուհանդերձ, այդ թերարժեքությունը պիտի հաստատի հենց ինտելեկտը: Չէ՞ որ, եթե այն արժանի էլ չէ առաջնության արմավենուն, միեւնույն է, նա է այն շնորհում:

Եվ եթե առաքինությունների աստիճանակարգում նա երկրորդ տեղն է գրավում, միայն նա էլ ունակ է հայտարարելու, որ առաջին տեղն իրավամբ պատկանում է բնազդին: Թեպետ օրըստօրե ավելի քիչ նշանակություն եմ տալիս քննադատությանը եւ նույնիսկ, հարկ է խոստովանել, ինտելեկտին, քանի որ ավելի ու ավելի եմ հակվում այն բանին, որ այն ընդունակ է վերստեղծելու իրականությունը, որից էլ սերում է ողջ արվեստը, հենց ինտելեկտին եմ տրվում ես այժմ, սկսելով այս քննադատական էսսեն:

Սենտ-Բյով

Օրըստօրե ես ավելի քիչ նշանակություն եմ տալիս ինտելեկտին… Օրըստօրե ես ավելի ու ավելի պարզ եմ զգում, որ ոլորտը, որ գրողին օգնում է վերակենդանացնելու վաղեմի տպավորությունները, որոնք էլ հենց կազմում են արվեստի առարկան, գտնվում է նրա հասանելիության սահմաններից անդին: Ինտելեկտը ունակ չէ դրան: Բանն այն է, որ մեր գոյության յուրաքանչյուր անցնող ժամ, հար եւ նման անտիկ առասպելների ննջեցյալների հոգիներին, տեղնուտեղը մարմնավորվում է ինչ-որ առարկայի, նյութի ինչ-որ մասնիկի եւ կենում է նրանց գերին մինչեւ այն պահը, երբ մենք դեմ ենք առնում նրանց: Այդժամ նա ազատագրվում է…

…Մայրս գնում է, ես մտովի վերադառնում եմ իմ էսսեին, եւ հանկարծ իմ մեջ ծագում է «Ընդդեմ Սենտ-Բյովի» գալիք հոդվածի գաղափարը: Վերջերս ես վերընթերցեցի նրա ստեղծագործությունները եւ սովորության հակառակ՝ բավական նշումներ արեցի, որոնք ձեռքի տակ եմ պահում` սեղանի դարակում. այդ առթիվ ես ասելիք ունեմ: Սկսում եմ մտքիս մեջ կառուցել հոդվածը: Րոպե առ րոպե մեջս նոր մտքեր են ծնվում: Եվ կես ժամ էլ չի անցնում, եւ հոդվածն ուղեղիս մեջ արդեն պատրաստ է: Կուզենայի իմանալ, թե ինչ է այդ մասին մտածում մայրս: Կանչում եմ նրան, ոչ մի պատասխան: Կրկին կանչում եմ` թեթեւ քայլեր են լսվում, դռան ճռռոցը, ինչ-որ մեկը վճռում է մտնել:

– Մայրի՞կ:

– Դու կանչո՞ւմ էիր ինձ, թանկագինս:

Այո:

– Գիտես, ես վախենում էի, թե սխալվել եմ, եւ իմ գայլն ինձ ասում է.

– Դո՞ւ, Եսթեր: Առանց արձագանքի սպասելո՞ւ:

Չու: Քայլե՞ր… Ո՞վ, հանդուգն, կարող էր առանց թույլտվության շեմը հատել:

– Դե ոչ, մայրիկ:

– Ինչի՞ց ես երկնչում դու, Եսթեր, իմ դղյակո՞ւմ:

Կարգն այս խիստ քեզ համար չէ սահմանված:

– Այդուհանդերձ, թե արթնացնեի ես իմ գայլին, չգիտեմ, արդյո՞ք այդքան հոժարակամ նա ինձ կմեկներ իր ոսկյա գայիսոնը:

– Լսիր, ես ուզում էի քեզ հետ խորհրդակցել: Նստիր:

– Սպասիր, բազկաթոռ գտնեմ, քեզ մոտ այնքան էլ լուսավոր չէ: Կարե՞լի է Ֆելիսիին խնդրել լուսամփոփ բերի:

– Ոչ, ոչ, թե չէ ես կքնեմ:

Մայրիկը ծիծաղում է.

– Այս անգամ Մոլիեր:

Ալկմենա անուշիկս: Մեզ ջահեր պետք չեն:

– Դե ահա: Ահա թե ինչ էի ես ուզում քեզ ասել: Ես կամենում եմ քեզ շարադրել հոդվածի գաղափարը:

– Բայց չէ՞ որ դու գիտես, որ այդպիսի բաներում մայրդ խորհրդատու չէ: Չէ՞ որ ես, քեզ պես, չեմ սովորել «ըստ մեծ Սիրիուսի»:

– Դե ուրեմն լսիր: Գաղափարն այսպիսին է` ընդդեմ Սենտ-Բյովի մեթոդի:

– Ինչպես: Իսկ ես էլ մտածում էի, թե Սենտ-Բյովը` դա այնքան լավ է: Թենի էսսեում եւ Բուրժեի հոդվածում, որոնք դու տվել իր ինձ կարդալու, ասվում է, որ այդ մեթոդն այնքան հիանալի է, որ 19-րդ դարում չգտնվեց մի մարդ, որ այն կիրառի:

– Ավաղ, ճիշտ է, այնտեղ այդպես է ասված, բայց դա հիմարություն է: Գիտե՞ս, թե որն է այդ մեթոդը:

– Պատմիր այնպես, ասես ես չգիտեմ…

– Նա համարում էր…

Ես կկամենայի հոդված գրել Սենտ-Բյովի մասին, կուզենայի ցույց տալ, որ նրա քննադատական մեթոդը, որն այդպիսի հիացմունք է հարուցում, անհեթեթ է, որ նա ինքը` վատ գրող է, հնարավոր է, դա ինձ կդրդեր առավել կարեւոր ճշմարտություններ արտահայտելու:

– Ինչպես: Իսկ ես կարծում էի, թե Սենտ-Բյովը հիասքանչ է (մայրս երբեք չէր ասում` սա լավ է, իսկ սա` ոչ, նա սեփական կարծիք ունենալը հնարավոր չէր համարում):

– Դու սխալվում ես:

«Համանման մեթոդն այնքան շատ ժամանակ է պահանջում եւ այլն,- կհավելի պարոն Բուրժեն,- որ դրանով է բացատրվում, թե ինչու ոչ ոք, բացի հեղինակից…», եւ այդպես շարունակ:

Հենց իրեն` Սենտ-Բյովին եւս անհանգստացնում էր, որ իր մեթոդը ոչ միշտ է կիրառելի: «Հների ուսումնասիրման համար»,- արդարանում է նա: Սակայն մեթոդի հեղինակն իզուր չէր մտահոգվում` այն կիրառելի չէ եւ ժամանակակիցների ուսումնասիրման համար… Այսպես, Սենտ-Բյովը կշտամբում էր նրանց, ովքեր կարող էին մեզ թողնել վավերագրական վկայություններ եւ չեն թողել… Վալենկուրին… եւ բոլոր նրանց, որ լավ իմացել են այս կամ այն գրողին:

«Այս մետրի աշակերտները բազում չեն, այնինչ դրանք պետք է շատ լինեին` այնքան որ հիասքանչ է նրա մեթոդը: «Երկուշաբթիների» հեղինակը քննադատությունը բնութագրում էր որպես բարոյական բուսաբանություն: Նա պահանջում էր, որպեսզի գրականության հետազոտողը, նախքան ստեղծագործության մասին դատելը, ջանա այն հասկանալ…»:

Սենտ-Բյովի մեթոդը

Ինձ համար այժմ մի այնպիսի շրջան է, կամ, եթե կհաճեք, իրավիճակներն այնպես են դասավորվում, որ անհանգստանալու հիմքեր կան այն մտքերի համար, որոնք ամենից շատ կկամենայի արտահայտել, կամ` ընկալման նվազման եւ տաղանդի սպառման պատճառով այդպիսիք չունենալու պատճառով, տագնապում եմ այլոց համար, որ գալիս են առաջինների ետքից, սակայն, որոնց հետ համեմատած, այսինքն` վսեմ եւ թաքույց իդեալի, ըստ իս՝ այնքան էլ գնահատելի չեն, թեպետ ես ոչ մի տեղ դրանք չեմ կարդացել, եւ կարելի է ենթադրել, որ ոչ ոք, բացի ինձանից, դրանք չի արտահայտի, եւ դրանք նկատելիորեն միտված են իմ բանականության առավել մակերեսային մասին` այսինքն լեզու-բերան չեն գալիս, եւ սա է ամենը: Եվ ահա քեզ ընկալում ես լոկ որպես ինտելեկտի գաղտնիքների պահապան, ինչը որ հիմա-հիմա կարող է անհետանալ, իսկ դրա հետ նաեւ հենց գաղտնիքները. եւ ահա կամենում ես խանգարել բնածին ծուլության իներցիային, հետեւելով Հովհաննու Ավետարանի Քրիստոսի հիասքանչ պատգամին՝ «Գնացեք, քանի դեռ լույսն ունեք»: Ինձ թվում է, ես կարող էի ասել Սենտ-Բյովի մասին, իսկ այնուհետեւ ավելի շատ նրա առթիվ, քան հենց իր մասին, ինչ-որ արժեքավոր մի բան, բացահայտելով, թե ինչում է նա, ըստ իս, մեղանչել՝ որպես գրող եւ որպես քննադատ, եւ գուցե թե, ես վերջապես կարտահայտվեմ այն մասին, թե ինչպիսին պետք է լինի քննադատությունը, եւ թե ինչ է արվեստը` ես հաճախ եմ մտածել այդ մասին: Ի դեպ, հպանցիկ, ինչպես դա շատ հաճախ անում է նա ինքը, ես նրան կօգտագործեմ որպես կյանքի որոշ դրսեւորումների մասին խոսակցության առիթ… Ես կկարողանայի արտահայտվել նաեւ նրա որոշ ժամանակակիցների մասին, որոնց առթիվ եւս իմ մեջ սեփական կարծիք է ձեւավորվել: Այնուհետեւ, քննադատական վերլուծության ենթարկելով այլոց եւ Սենտ-Բյովին վերջնականապես հանգիստ թողնելով, ես կփորձեմ շարադրել, թե ինչ կարող էր դառնալ արվեստն ինձ համար, եթե… Սենտ-Բյովի մեթոդը բնութագրելու համար եւ ի գովեստ նրա՝ ես դիմեցի պարոն Պոլ Բուրժեի հոդվածին, քանզի նրա ձեւակերպումը սեղմ էր, իսկ գովեստը` հեղինակավորված: Բայց ես կարող էի մեջբերել նաեւ եւ շատ այլ քննադատների կարծիքները: Հետազոտել մտքերի բնական պատմությունը, դիմել ստեղծագործողի կենսագրությանը, նրա ընտանիքին, նրա յուրօրինակությանը, նրա ստեղծագործությունների իմաստին եւ նրա հանճարի բնույթին` ահա թե ինչ է ամենքի համար մեթոդի յուրահատկությունը, նա ինքն ընդունում էր դա, ինչը, ի դեպ ասած, ճիշտ էր: Նույնիսկ Թենը, որ երազում էր մտքերի բնական պատմության առավել համակարգված եւ կարգավորված ստեղծման մասին, եւ ում հետ, ի դեպ, Սենտ-Բյովը տարաձայնություններ ուներ ցեղի նշանակության մասին հարցում, իր` Սենտ-Բյովին նվիրված գովաբանական խոսքում, ասել հենց այսպես. «Պարոն Սենտ-Բյովի մեթոդը պակաս արժեքավոր չէ, քան նրա ստեղծագործությունը: Դրանում նա նորարար էր: Նա մտքերի պատմության մեջ ներմուծեց բնագիտական հնարքները: Նա ցուցանեց…»: Եվ, ընդ որում, նա հավելում էր. «Մնում է սոսկ կիրառել դրանք…» Թենն այդպես էր խոսում, քանի որ նրա գոյության ինտելեկտուալիստական կոնցեպցիան ճանաչում էր միայն գիտության ճշմարտությունը: Սակայն, ունենալով ճաշակ եւ հիանալով մտքի զանազան դրսեւորումներով, նա վերջիններիս նշանակությունը բնութագրելու համար դրանք դիտարկում էր որպես գիտությանը նպաստող օժանդակ տարրեր: (Տես. «Մտքի մասին» աշխատության առաջաբանը): Սենտ-Բյովը պատկերանում էր նրան՝ որպես ռահվիրա, իր ժամանակի երեւելի արտահայտիչ, որ համարյա թե հասու է եղել հենց իր` Թենի մեթոդին:

Բայց չէ՞ որ արվեստում (համենայն դեպս, բառիս գիտական իմաստով) ռահվիրաներ չկան: Ամենայն ինչ կենտրոնացած է անհատի մեջ, յուրաքանչյուր անհատ նորիցնոր, ինքն իրենով, գեղարվեստական կամ գրական փորձեր է ձեռնարկում, իսկ նրա նախորդների ստեղծագործությունները ինքնաստաց ճշմարտություն չեն, որից օգտվում է յուրաքանչյուր ետքից եկող: Հանճարեղ գրողին այսօր վիճակված է անձամբ անցնել ողջ ճանապարհը: Նա ավելի առաջ չի գնացել, քան Հոմերոսը:

Սակայն փլիսոփաները, ովքեր չեն կարողացել հասկանալ, թե արվեստում ինչ կա ճշմարիտ եւ անկախ որեւէ գիտությունից, ստիպված էին պատկերել արվեստը, քննադատությունը եւ այլն, որպես գիտության բնագավառներ, որոնցում հետնորդը նախորդից առաջ է անցնում:

Ի դեպ, ինչո՞ւ թվարկել բոլոր նրանց, ովքեր դրանում են տեսնում Սենտ-Բյովի մեթոդի յուրօրինակությունն ու բացառիկությունը: Խոսքը տանք հենց իրեն. «Ինձ համար գրականությունը գոյություն ունի մարդու հետ անխախտելի կապի մեջ, համենայն դեպս անբաժան է նրա մեջ եղած մնացյալ բոլոր բաներից… Մարդուն ամբողջովին հասկանալու համար, այսինքն՝ այլ մի բան, քան նրա ինտելեկտն է, նրան լիովին ուսումնասիրելը չի խանգարի: Մինչեւ որ ինքդ քեզ որոշակի քանակի հարցեր չտաս գրողի մասին եւ չպատասխանես դրանց, թեկուզ միմիայն ինքդ քեզ համար եւ ինքդ քո մեջ, չի կարելի վստահ լինել, որ նա լիովին բացվել է քեզ, թող որ այդ հարցերդ առաջին հայացքից հեռու թվան նրա ստեղծագործությունից, ինչպիսի՞ն են եղել նրա հարաբերությունները կրոնի հետ: Ինչպե՞ս է նրա վրա ազդել բնությունը: Ինչպե՞ս է նա վերաբերվել կանանց, փողին: Հարո՞ւստ է եղել, թե՞ աղքատ, ինչպիսի՞ն էր նրա օրակարգը, ինչպիսի՞ն էր նրա կենցաղը: Ինչպիսի՞ արատներ կամ թուլություններ էին նրան բնորոշ: Այդ հարցերից յուրաքանչյուրի պատասխանը կարեւոր է հեղինակի, ինչպես նաեւ` ստեղծագործության գնահատման համար, եթե այդ ստեղծագործությունը` երկրաչափության մասին տրակտատ չէ, այլ գրական գործ, այսինքն, այնպիսի մի բան, ուր ներառնվում է ամեն ինչ, եւ այլն»:

Ողջ կյանքի ընթացքում բնազդաբար կիրառվող այդ մեթոդն ի վերջո տվեց գրական բուսաբանության առաջին ծիլերը:

Իր իսկ՝ Սենտ-Բյովի ստեղծագործությունը խորունկ չէ: Ըստ Հիփոլիտ Թենի, Պոլ Բուրժեի եւ շատ այլոց կարծիքի, ովքեր նրան հռչակեցին՝ որպես 19-րդ դարի քննադատության անգերազանցելի մետր, նրա հանրահայտ մեթոդի էությունն այն է, որ ստեղծագործությունների մասին դատես դրանք ստեղծած մարդուց անբաժան, որպեսզի գրքի հեղինակին գնահատելիս, եթե միայն դա «երկրաչափությանը վերաբերող տրակտատ չէ». անկարեւոր չհամարել սկզբում հարցերին պատասխանելը, թվում է թե, ստեղծագործո ւթյան հետ կապ չունեցող (ինչպես է ստեղծագործողը կյանքում իրեն պահում…), զանազան տեղեկություններ քաղել գրողի մասին, համեմատել նրա նամակները, հարցուփորձել նրան ճանաչող մարդկանց, զրուցելով նրանց հետ կամ ընթերցելով, թե ինչ են նրանք գրել նրա մասին, եթե նրանք արդեն ողջ չեն: Այդ մեթոդը հակառակ է գնում այն բանին, ինչը մեզ ուսուցանում է ինքներս մեզ առավել խորունկ ճանաչելը` գիրքը` այլ «եսի» ծնունդ է, քան այն, ինչը որ դրսեւորվում է մեր առօրյա սովորույթներում, շփման մեջ, արատներում: Այդ «եսը» հասկանալ ջանալու համար, պետք է խրվես ինքդ քո խորքերը, փորձես քո մեջ այն վերարտադրել: Ոչինչ չի փոխարինի մեր սրտի այդ ջանքերը: Այդ ճշմարտությանը հարկ է հասու լինել ցանկացած օրինակով… Չափազանց պարզունակ կլիներ մտածելը, թե մի հիասքանչ առավոտ մենք այն փոստով կստանանք չհրատարակված նամակի տեսքով, որ մեզ ուղարկել է մեր գրադարանավար ընկերը, կամ հանկարծ լսենք ինչ-որ մեկի շուրթերից, որ լավ է ճանաչել այդ հեղինակին: Խոսելով նոր սերնդի շատ գրողների ահագին հիացմունքի մասին, Սենտ-Բյովը գրում է. «Թող նրանք ինձ թույլ տան ասելու նրանց, որ այդ բարդ մտքի էությանը հասու լինելու համար, ոչինչ չչափազանցնելով, ես, իմ իսկ տպավորություններից անկախ, գերադասում եմ դիմել նրա կյանքի լավագույն պահերին նրան ճանաչածների եւ այդ մտքի ակունքները ճանաչած մարդկանց վկայություններին, պարոններ Մերիմեին եւ Ամպերին, ես կունկնդրեի նաեւ Ժակմոնին, եթե նա ողջ լիներ, մի խոսքով, բոլոր նրանց, ով շատ է զննել Ստենդալին եւ իր վրա է զգացել նրա անձի անմիջական ազդեցությունը»: Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ Ստենդալի հետ ծանոթ լինելու փաստը թույլ է տալիս դատելու նրա մասին: Հնարավոր է, ընդհակառակը, խանգարում է: Ստեղծագործողի «եսը» ծանոթների համար ծածկված է այլ «եսով», որը շատ բաներում զիջում է այլ մարդանց արտաքին «եսին»: Ի դեպ, դրա լավագույն ապացույցը կարող էր ծառայել այն, որ Սենտ-Բյովը, որ անձամբ ճանաչում էր Ստենդալին, եւ որ պարոններ Մերիմեից ու Ամպերից տարաբնույթ տեղեկություններ էր քաղել նրա մասին, մի խոսքով, զինված այն ամենով, ինչը, ըստ իր կարծիքի, թույլատրում է քննադատին ավելի ճիշտ դատել գրքի մասին, հետեւյալ եզրահանգումն է արել. «Ես վերընթերցեցի կամ, ավելի շուտ, փորձեցի դա անել, Ստենդալի վեպերը, դրանք պարզապես զազրելի են»: Մի այլ տեղ նա խոստովանում է, որ «Կարմիրն ու սեւը» վեպը, «լիովին հասկանալի չէ, թե ինչու այդպես վերնագրված, այսինքն՝ սիմվոլով, որ վերծանման կարիք է զգում, գործողությունից զուրկ չէ: Առաջին հատորն անհետաքրքիր չէ, չնայած գրելաեղանակին եւ անճշմարտանմանությանը»: Նրանում գաղափար կա: Ըստ Բեյլի` Ստենդալի հավաստիացման վեպի վրա աշխատելու ազդակ է եղել իր ծանոթներից մեկի կյանքի օրինակը, եւ քանի դեռ նա մնում է այդ օրինակի շրջանակներում, նրան հաջողվում է ճշմարտանման թվալ: Ամաչկոտ պատանու հապճեպ ներմուծումը բարձրաշխարհիկ հասարակություն, որի համար նա չէր դաստիարակված, եւ այլն` այդ ամենը վատ չի տրված, համենայն դեպս, վատ չէր ներկայացվի, եթե հեղինակը, եւ այլն: Դրանք կենդանի մարդիկ չեն, այլ հնարամտորեն կառուցված ավտոմատներ… Իտալական թեմաներով պատմվածքները նրան ավելի շատ են հաջողվել… «Պարմի մենաստանը» որոշ մարդկանց առավելագույնս լիարժեք պատկերացում է տալիս վիպագրի իր տաղանդի մասին: Ինչպես տեսնում եք, «Պարմի մենաստանի» առթիվ ես ոգեւորությունից հեռու եմ, որով այն դիմավորեց Բալզակը: Վեպն ընթերցելուց հետո, բնականաբար, ինչպես ինձ թվում է, վերադառնում ես ֆրանսիական ոգուն եւ այլն: Դրանում ինչ-որ բան կա Մանձոնիի «Նշանվածներից», Վալտեր Սքոթի ուզածդ լավագույն վեպից կամ Քսավյե դե Մեստրի հիրավի անպաճույճ պատմվածքներից: Մնացածը` ավելին չէ, քան խելոքություն անելը…»:

Շարունակելի