Մերժել են

28/09/2010

Երեկ ՀԱԿ լիազոր-ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը հերթական իրազեկման դիմումն է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան` հոկտեմբերի 14-ին եւ 15-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Սակայն մինչեւ կստանա այս երկու օրերի վերաբերյալ քաղաքապետարանի որոշումը, երեկ առավոտյան լրացել է մեկ այլ իրազեկման դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու 72 ժամը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին ՀԱԿ ներկայացուցիչը իրազեկման դիմում էր ներկայացրել` հոկտեմբերի 13-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում զանգվածային միջոցառում անցկացնելու մասին: «Քանի որ այսօր առավոտյան լրացավ 72 ժամը, եւ որոշում չստացանք, նշանակում է, որ Երեւանի քաղաքապետարանը իրազեկումն ի գիտություն է ընդունել, եւ մենք կարող ենք հոկտեմբերի 13-ին Ազատության հրապարակում հանրահավաք անել»,- ասել է Տիգրան Առաքելյանը: Սակայն Երեւանի քաղաքապետարանից «Ա1+»-ին ասել են, որ որոշում է կայացվել հանրահավաքը արգելել, իսկ ընդդիմությանն այն ուղարկվել է փոստային տարբերակով: Ի դեպ, մերժման պատճառը Ազատության հրապարակի մանկական ատրակցիոններն են: