2005թ. «Հայֆիլմ» կինոստուդիան` 34 հա տարածքով` շենքերով եւ ողջ գույքով հանդերձ, վաճառվեց «Գաֆէսճեան ընտանիքին» պատկանող «Սի-Էս մեդիա սիթի» (SC Media City) հոլդինգին` 770.000 դոլարով եւ մոտ 70 մլն դոլար ներդրում անելու եւ այլ պարտավորություններով: Այդ թվում` շինության լայնածավալ վերանորոգում, տեխնիկական վերազինում, հանրության սեփականությունը հանդիսացող (եւ որոշ դեպքերում էլ հեղինակային՝ սեփականություն համարվող) հայաստանյան արտադրության ֆիլմերի թվանշայնացում: Ընկերությունը հայտարարեց տարածաշրջանում ամենախոշոր ու եզակի (տաղավարներով, լաբորատորիաներով, հյուրանոցային համալիրով ու արդիական տեխնիկայով հագեցած), ժամանակակից կինոստուդիա կառուցելու մասին: 2005թ. մասնավոր դարձած «Հայֆիլմի» ղեկավար, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը նշում էր, որ ստուդիան բարոյապես մաշվել է, ու միակ փրկությունը այն մասնավոր անձանց վաճառելն է: «Գաֆէսճեան ընտանիքի» ներկայացուցիչ եւ «Արմենիա TV»-ի համասեփականատեր Բագրատ Սարգսյանն էլ նշում էր, որ «Հայֆիլմը» նոր Հոլիվուդ է դառնալու: Պայմանագիրը ստորագրելուց անցել է 5 տարի: Այս ընթացքում «Արմենիա» հ/ը եթերում պարբերաբար խրոխտ ռեպորտաժներ են հնչել, թե ինչպես են ընթանում վերանորոգման, տեխնիկական վերազինման աշխատանքները, ինչպես է փոխվում «Հայֆիլմի» արտաքին տեսքը… Իրականությունը, սակայն, ճիշտ հակառակն է: «Հայֆիլմի» ճակատագրով մտահոգ կինոգործիչներն այսօր ահազանգում են, որ միակ փրկությունը ստուդիան կրկին պետական սեփականություն դարձնելն է: Այն պետք է ազգայնացնել ու դասել այնպիսի ռազմավարական ձեռնարկությունների շարքը, ինչպիսին են Մատենադարանը կամ Օպերայի ու բալետի ազգային թատրոնը: Ստուդիայի սեփականատերերը խախտել են պայմանագրի կետերն ու ի վիճակի չեն ստուդիան ոտքի կանգնեցնել: 5 տարիների ընթացքում «Հայֆիլմը» չդարձավ Հոլիվուդ, սակայն Սարգսյանների ընտանիքը հասցրեց տեղավորվել ԱՄՆ-ում` Հոլիվուդին շատ մոտ…