Երեկ ԱԺ-ում լսումներ են կայացել կրթության ոլորտում օրենսդրական փոփոխությունների այն նախագծի շուրջ, որոնց արդյունքում հնարավոր կլինի Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել: Միանգամից ասենք, որ արդյունքում որեւէ բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել: Այդ փոփոխությունները կրծքով պաշտպանող կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույն եռանդով վերահաստատել է կառավարության մտադրությունը, դեմ արտահայտվողներն էլ նախկինի պես քննադատել եւ անընդունելի են համարել ՀՀ-ում օտարալեզու դպրոցների բացման հնարավորություն ընձեռող որեւէ օրինագծի ընդունում: Մինչդեռ երեկ ԱԺ-ում տեղի են ունեցել ոչ այնքան կրթության խնդիրների մասին մտքերի, որքան փոխադարձ հայհոյանքների լսումներ: Ակադեմիական եւ կառավարական մակարդակով: Եվ վերջում հայտնի է դարձել, որ փոփոխություններ արվելու են արդեն ոչ թե «Լեզվի մասին», այլ «Հանրակրթության մասին» օրենքում, եւ այդ նոր փոփոխությունների մասին օրինագիծը երեւի չի մտնի ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգ: Իրականում այս քննարկումներն արդեն հասնում են գռեհկության մակարդակի: Տարեսկզբից մեկնարկած այս քննարկումները կարծես միանգամայն այլ նպատակ ունեն, ինչպես ասում են՝ «գոլորշի բաց թողնել»: Այսինքն` հասարակության հնարավորինս տարբեր շերտերի հնարավորինս մեծ թվով ներկայացուցիչների ներգրավել տվյալ հարցի շուրջ քննարկումներում եւ խթանել, որ կրքերը որքան հնարավոր է թեժ լինեն: Այսինքն` իշխանություններին պետք էր հասարակության ուշադրությունը շեղել մի շարք այլ խնդիրներից, ինչը բարեհաջող կերպով իրականացվեց եւ շարունակում է իրագործվել: Այլապես տարօրինակ է այն նախանձախնդրությունը, որով կառավարությունը վերաբերվում է այս հարցին: Այն դեպքում, երբ Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրները (որի ստեղծման շուրջ սկսվեց այս գործընթացը) շուրջ երկու ամիս առաջ հայտարարեցին, որ այդ դպրոցի համար որեւէ օրենք պետք չէ փոփոխել: Ավելին, ՀՀ-ում այսօր էլ գործում են միջազգային տարբեր դպրոցներ եւ այլ կրթական հաստատություններ: Այսինքն, եթե կառավարության խնդիրն իսկապես մեկ կամ երկու հեղինակավոր միջազգային դպրոցի բացման համար հնարավորություններ ստեղծելը լիներ (ինչը միայն ողջունելի կլիներ), ապա դա կարելի էր անել նաեւ առանց օրենսդրական փոփոխությունների ու նման թամաշաների: Արդյունքում՝ ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու գործող իշխանություններն օգտագործելով այդ լավ գաղափարը, նման քննարկումների միջոցով կարողացան եւ՛ «քաղաքացիական հասարակության ներգրավվածության» պատրանք ստեղծել, եւ՛ տապալել գոնե կրթության ոլորտի համար դրական հեռանկարներ խոստացող այդ նախաձեռնությունը: