Չի՞ ազդելու

28/09/2010

Հոկտեմբերի 4-14-ը ԵԱՀԿ եւ ՄԱԿ-ի փորձագետները Դաշտային գնահատման առաքելություն են իրականացնելու ԼՂՀ հարակից տարածքներում: Հայ Ազգային կոնգրեսում այս նախաձեռնությունը համարում են Բաքվի քարոզչական հնարք եւ գտնում, որ խմբի` Արցախ ուղեւորության մասին Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել ավելի վաղ: «Կարծում եմ, որ նման քննարկումներ եղել են, բայց Ադրբեջանը բանաձեւի նախագիծը խաղացնելով կամ միգուցե շանտաժով, կարելի է ասել, փոխանակեց փաստահավաք առաքելության հետ ավելի շուտ, քան հայկական կողմը կենթադրեր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարթա Այվազյանը: Այն, որ փաստահավաք խումբը բաղկացած է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետներից, ըստ ընդդիմության ներկայացուցչի, վկայում է մեկ իրողության մասին: «Այս հանձնաժողովը հիմնականում զբաղվելու է փախստականների վերադարձի հարցերով: Հիմա տպավորությունը այնպիսին է, թե բոլոր հարցերը լուծված են, ու քննարկվում է վերադարձի զուտ տեխնիկական եւ ֆինանսական կողմը»,- նշել է Մարթա Այվազյանը: Իսկ իշխանական քաղաքական ուժերը համարում են, որ փաստահավաք առաքելությունից հետո Հայաստանի ո՛չ դիվանագիտությունը կփոխվի, ո՛չ էլ զիջումներ կլինեն: «Նման բան չի կարող լինել, քանի որ Հայաստանը միշտ բարձր մակարդակով հայտարարել է, որ առանց ԼՂՀ կարգավիճակի որոշման, այլ հարցեր չեն քննարկվի: Կարգավիճակն էլ, իր հերթին, չի կարող ավելի ցածր լինել, քան այսօր է»,- ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա` խնդրի լուծման համար պետք է առաջին հերթին վերացվեն հակամարտության պատճառները եւ ոչ թե հետեւանքները, ինչին ձգտում է Ադրբեջանը: ՀՀ իշխանությունները եւ ընդդիմությունը համակարծիք են մեկ հարցում. առաքելության անդամները պետք է փաստեր հավաքեն նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում: