Հետեւում են

28/09/2010

Երեկ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարությունը, թե` շփման գծից դիպուկահարներին հեռացնելը նշանակալիորեն կամրապնդի հակամարտող կողմերի միջեւ հաստատված հրադադարի ռեժիմը, ասել է, թե դա չի նպաստի հակամարտության կարգավորմանը: Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ հայկական կողմը բազմիցս հանդես է եկել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու նախաձեռնությամբ՝ գտնելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը եւ երկուստեք նվազեցնել կորուստները: Հիշեցնենք, որ նույն առաջարկով հանդես են եկել նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: «Տարօրինակ է, որ մշտապես հայկական կողմին հրադադարը խախտելու, դիվերսիոն գործողություններ իրականացնելու կեղծ մեղադրանքներ ներկայացնելուն զուգահեռ, ադրբեջանական կողմը չի ցանկանում արձագանքել դիպուկահարներին շփման գծից հեռացնելու նախաձեռնությանը: Ինչ վերաբերում է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին Սաբիրօղլուի հնչեցրած հերթական ապատեղեկատվությանը, ապա կրկին շեշտում ենք, որ հայկական կողմը խստորեն հետեւում է շփման գծում հրադադարի պահպանմանը, ինչը չի կարելի ասել ԱՀ զինված ուժերի մասին: Ասվածի վառ ապացույցն են վերջին ամիսներին ադրբեջանական դիվերսիոն խմբերի հայկական տարածք ներթափանցելու անհաջող փորձերը, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից սեպտեմբերի 17-ին զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանը: Այս միջադեպերի կապակցությամբ հայտարարություններով հանդես են եկել ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԵՄ ներկայացուցիչներ՝ նշելով, որ ուժի հետագա կիրառումը միայն բարդացնում է իրավիճակը եւ կարող է հանգեցնել տառապանքների, ավերածությունների եւ հակամարտության ու թշնամանքի շարունակության: Իրականությանը չի համապատասխանում նաեւ ԱՀ ՊՆ մամուլի խոսնակի պնդումը հայկական կողմից ադրբեջանական քաղաքացիական բնակչության գնդակոծության մասին: Հարկ ենք համարում եւս մեկ անգամ նշել, որ ՀՀ զինված ուժերը խստորեն հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ համարժեք գործողությունների են դիմում միմիայն ի պատասխան հակառակորդի ոտնձգությունների»,- ասված է ՀՀ ՊՆ տարածած հայտարարության մեջ:

Հ.Գ. «Ճակատային գծից դիպուկահարների հեռացումը չի հանգեցնի հակամարտության վերջնական կարգավորման»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն` մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունի հայտարարությունը: «Հայերը քանիցս տարբեր մակարդակներով բարձրացրել են այդ հարցը: Դա նույնպես յուրատեսակ խորամանկություն է: Դեպքերի մեծ մասում դիպուկահարները օգտագործվում են հենց Հայաստանի կողմից»,- պնդել է Սաբիրօղլուն: Նաեւ հավելել է. «Ենթադրենք, հենց վաղն այդ առաջարկը կատարվի, եւ դիպուկահարները հեռացվեն ճակատային գծից: Արդյո՞ք դա կնշանակի, որ հրադադարը չի խախտվելու այլ զինատեսակներով: Հետեւաբար, առաջին հերթին պետք է ձգտել, որպեսզի Հայաստանը հրաժարվի իր օկուպացիոն քաղաքականությունից, հետեւի ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների բանաձեւերին»: