«Մենք Ձեր երկարաշունչ եւ մանվածապատ ելույթները երբ լսում ենք հաճախ հեռուստատեսությամբ, այն տպավորությունը չենք ստանում, որ Դուք օտար լեզուներ գիտեք, Ձեր խոսքը հստակ եւ տրամաբանված չէ»,- երեկ Ազգային ժողովում «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության առաջարկած նախագծերի համար հրավիրված հասարակական լսումների ժամանակ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանին դիմելով` հայտարարեց արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուգասզյանը` ավելացնելով. «Բացի դրանից, Դուք բազմաթիվ օտարաբանություններ եք գործածում, որոնց համարժեքները կան հայերենում, եւ դա կասկած չի թողնում, որ Դուք բավականաչափ գրագետ չեք տիրապետում հայերենին: Եթե երեխան լսում է հեռուստատեսությամբ Ձեր ելույթը, ուրեմն նա այն տպավորությունն է ստանում, որ կարելի է նախարար դառնալ հայերենը վատ իմանալով, եւ ինչո՞ւ պետք է այդ երեխան հայերենը լավ սովորի: Ի վերջո, ես առաջարկ եմ անում կառավարությանը՝ Ձեզ փոխադրել այնպիսի մի աշխատանքի, որը համապատասխանում է Ձեր կարողություններին»։
Ա.Աշոտյանն էլ հակադարձեց, թե ինքը մասնագիտությամբ բժիշկ է եւ կարող է պարոն Չուգասզյանի առողջական նկարագիրը ներկայացնել, բայց չի անի: «Այլ բան ավելացնել չեմ կարող, քանի որ, բացի իմ անձին վերաբերող խնդիրներից, հարցադրում կոնկրետ օրենքի հետ կապված չտեսա, այնպես որ, մնացած հարցերով դիմեք երկրի նախագահին կամ վարչապետին»,- հայտարարեց Ա.Աշոտյանը:
Ահա այսպիսի մթնոլորտում երեկ ծավալվեց օտարալեզու դպրոցների բացման ծրագրի շուրջ հասարակության եւ իշխանության ներկայացուցիչների քննարկումը: Հիշեցնենք, որ այդ օրենքներով կառավարությունն առաջարկում է Հայաստանի հանրակրթական դպրոցների բարձր դասարաններում իրականացնել օտարալեզու կրթություն: Այդ օրինագծերը գարնանային նստաշրջանում առաջին ընթերցմամբ թեեւ ընդունվեցին, բայց արժանացան բուռն քննադատության: Կառավարությունն իր նախագծով առաջարկում է օտարալեզու ուսուցում իրականացնել հանրապետության 11 դպրոցներում, որոնցից երկուսը պետք է լինեն մասնավոր: Երեկվա լսումների ժամանակ հասարակական կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, մասնագետներ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ նորից քննադատեցին օրինագծերը եւ բազմաթիվ մտահոգություններ ու առաջարկություններ ներկայացրեցին: Նախ՝ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ առաջարկեց՝ «հարցը կարգավորել միայն «Հանրակրթության մասին օրենքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու միջոցով, սահմանել այլընտրանքային կրթական ծրագիր, հեղինակային կրթական ծրագիր, փորձարարական կրթական ծրագիր, միջազգային կրթական ծրագիր հասկացությունները»: Առաջարկեց նաեւ սահմանափակել նման դպրոցների հիմնադրումը եւ կառավարությանը հորդորեց քննարկել իր առաջարկությունները: Ակնհայտ էր, որ այս որոշումները կայացվել են մինչեւ Հ.Աբրահամյանի երեկվա ելույթը եւ ոչ միայն իր նախաձեռնությամբ: Դա երեկ անուղղակիորեն հաստատեց նաեւ Ա.Աշոտյանը: «Հանրապետական» կուսակցության ներսում, նաեւ կոալիցիոն գործընկերների հետ միասին ծավալված քննարկման արդյունքում է ի հայտ եկել այն փաթեթը, որի մասին ԱԺ նախագահը խոսք ասաց»,- ասաց նախարարը:
Դեռեւս ԱԺ գարնանային նստաշրջանի ժամանակ Հ.Աբրահամյանը քննադատել էր օրինագիծը եւ հայտարարել, որ եթե կառավարությունը չընդունի օտարալեզու կրթությունն ավագ դպրոցում կիրառելու առաջարկը, ապա ինքը կօգտագործի իր հեղինակությունը եւ թույլ չի տա, որ այն ընդունվի ԱԺ-ում: Նույն պահանջն ուներ նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
«Ես մինչեւ վերջ պայքարելու եմ դրա համար, չեմ թողնելու, որ ընդունվի` իմ հնարավորությունների չափով: Իհարկե, ես մի ձայն ունեմ` քվեարկելու կողմ կամ դեմ, բայց ես նաեւ իմ հեղինակությունը եւ ամեն ինչն օգտագործելու եմ, որ կառավարությունն ընդունի այդ առաջարկը…Դա ինձնից, մեր թիմից պահանջելու է մեծ ջանքեր: Վարչապետը, Ա.Աշոտյանը, չնայած երկուսն էլ մեր թիմից են, բայց նրանց տեսակետն այլ է»,- հայտարարել էր ԱԺ նախագահը:
Ամեն դեպքում հայտնի է, որ կառավարությունը ցանկանում է օտարալեզու ուսուցումն իրականացնել 7-րդ դասարանից, ինչն ամենեւին էլ ավագ դպրոց չէ, դա միջին դպրոց է: Արդյո՞ք այս փոփոխությունը բավարարել է խորհրդարանի նախագահին ու ԱԺ ԲՀԿ խմբակցությանը: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե քննարկումների ժամանակ իրենց մտահոգություններն ընդունվել են: Կառավարությունը վերջերս ներկայացրել էր նախագծի երկրորդ ընթերցման տարբերակը, բայց այն ետ է կանչել լրամշակելու համար: Իսկ երեկվա քննարկումը տեղի էր ունենում առանց կոնկրետ նախագծի, կարելի է ասել՝ «օդի մեջ»: Նախագծում կառավարության կատարած հիմնական փոփոխությունն այն է, որ հրաժարվել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելուց: Սակայն այն առաջարկությունը, որն արվել էր այդ օրենքում, տեղափոխվելու է «Հանրակրթության մասին» օրենք: Այսինքն՝ առաջարկության էությունը չի փոխվել: «Ռազմավարությունը չի փոխվել, փոխվել է մարտավարությունը, թե ինչպես հասնել Ա կետից Բ կետ: Ճանապարհները կարող են լինել տարբեր, այս իրավական լուծումը տալիս է ամենակարճ լուծումը Բ կետին հասնելու համար: Հանրակրթության օրենքում ի հավելումն եղած դրույթների՝ կկորպորացվեն դրույթներ, որոնք կվերաբերեն այլընտրանքային, միջազգային, նորարարական-փորձառական դպրոցների սահմանմանը»,- հաստատեց Ա.Աշոտյանը:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ կառավարության նախագիծն իրականում ոչ մի էական փոփոխության չի ենթարկվել, եւ նրանց առաջարկությունները չեն փարատում իրենց մտահոգությունները: «Պարզապես մտածում են, որ «Լեզվի մասին» օրենքը հասարակության մեջ գոյություն ունի որպես սրբություն, եւ որոշել են դրան չկպնել: Եթե ես դեմ եմ օտարալեզու դպրոցներին, ապա որքա՞ն է ինձ համար սկզբունքային, թե դրանք որ օրենքով են բացվելու: ՀՀ-ում կա 91 ավագ դպրոց, 11-ը 12-13 տոկոսն է: Առաջին ռուսական դպրոցը բացվեց անցած դարի 30-ական թվականներին, իսկ արդեն 80-ականներին երեխաների 30-40 տոկոսը ռուսական դպրոց էր գնում: Սրանք 11 դպրոցից են սկսում, այսինքն՝ 10 անգամ ավելի մեծ թափով են սկսում»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:
Ա.Հովհաննիսյանի կարծիքով՝ հայոց լեզուն Հայաստանում պետք է դուրս լինի մրցակցությունից, որովհետեւ այն ապահովում է անվտանգության, լեզվապահպանման, ազգային անկախության եւ սոցիալական արդարության խնդիր: «Այդ դպրոցները բառիս բուն իմաստով արտադրելու են քաղաքացիներ, որոնք դաստիարակվելու են այլ արժեքներով եւ այլ լեզվամտածողությամբ: Այդ քաղաքացիները պետք է մասնակցեն մեր բոլորիս հետ մեր սոցիալ-քաղաքական կյանքին: Սա շատ լուրջ խնդիր է, առավելեւս` այդ դպրոցներն էլիտար են լինելու, եւ նրանք հենց այնպես չեն մասնակցի, մասնակցելու են՝ որպես ղեկավար, որպես տեր: Այս համակարգը բերելու է մի խումբ ընտրյալ մարդիկ, որոնք կունենան ամեն ինչ, այն էլ՝ այլ լեզվով: Մենք ունենալու ենք վերնախավ, ռուսալեզու, ռուսամետ կրթությամբ անգլալեզու ամերիկամետներ: Դրանք բոլորը երբ գան իշխանության, ոչ թե պայքարելու են, թե ինչպես ավելի լավ կառավարեն երկիրը, այլ, թե որ պապան պիտի կառավարի մեր երկիրը: Մեր պատմության մեջ եղել է պարսկամետ եւ հունամետ խավեր»,- իր մտահոգությունը հայտնեց Ա.Հովհաննիսյանը:
Հ.Գ. Վերոհիշյալ օրինագիծն ԱԺ առաջիկա քառօրյայում թերեւս քննարկման չներկայացվի, քանի որ ՀՀ կառավարությունը չի հասցնի ներկայացնել լրամշակված տարբերակը: