Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Նյու Յորքում Բալկանյան երկրների առաջնորդների գագաթաժողովի ժամանակ դիտավորյալ ոտքի չի կանգնել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ողջունելու համար, որը գագաթաժողովին մասնակցում էր՝ որպես պատվավոր հյուր: Այս մասին է գրում Բուլղարիայում լույս տեսնող «Trud» թերթը: Պարբերականը, վկայակոչելով բուլղարացի դիվանագետներին, գրում է, որ գագաթաժողովը, որին, ներառյալ Սերբիան, մասնակցում էին Բալկանյան բոլոր պետությունները, «չափից դուրս ցուցադրական էր» եւ նպատակ ուներ ընդգծել «Թուրքիայի ազդեցությունը»: Ըստ թերթի, երբ Աբդուլլահ Գյուլը` որպես պատվավոր հյուր, մտել է Նյու Յորքի Waldorf Astoria հյուրանոցի սրահ, որտեղ ընթանում էր գագաթաժողովը, բոլոր ներկա գտնվողները, բացառությամբ Բոյկո Բորիսովի, ոտքի են կանգնել Թուրքիայի առաջնորդին ողջունելու համար: «Իսկ Մակեդոնիայի նախագահ Գեորգի Իվանովը եւ Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան միմյանց հերթ չէին տալիս Գյուլին ողջունելու համար»,- գրում է պարբերականը` մեջբերելով Բոյկո Բորիսովի խոսքերը. «Ոտքի չկանգնեցի: Գյուլը տեսավ, որ ես նստած եմ: Իմ նպատակը հասկացավ եւ մոտենալով ինձ` ձեռքս սեղմեց»:
Այնուհետեւ Բուլղարիայի վարչապետը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում խոսել է Օսմանյան կայսրությունից Բուլղարիայի անկախացման մասին եւ շնորհավորել Բուլղարիայի անկախության տոնը, որը նշվում է սեպտեմբերի 22-ին: Իր ելույթից հետո Բուլղարիայի վարչապետը մոտեցել է Գյուլին` ասելով` «ավելի կարեւոր գործեր ունեմ», եւ լքել է դահլիճը: