ԼՂՀ 15 տոկոսը օկուպացված է

28/09/2010

ԼՂՀ հարակից տարածքներում դաշտային առաքելությունը ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը համարում է Բաքվի նախաձեռնություն եւ գտնում, որ այն Արցախի համար անընդունելի է: Հոկտեմբերի 4-14-ը ԼՂՀ հարակից տարածքներում իրականացվելու է դաշտային գնահատման առաքելություն, որին մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ կառույցի` փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետները: Մասիս Մայիլյանի կարծիքով` փաստահավաք խմբի առաքելությունը նպաստավոր կլիներ միայն այն դեպքում, եթե լիներ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ նախաձեռնությունը: «Բայց քանի որ դա պաշտոնական Բաքվի նախաձեռնությունն է, ապա դրա արդյունքները Ադրբեջանը, միանշանակ, օգտագործելու է քարոզչական նպատակներով: Այս է վկայում նաեւ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի` մի քանի օր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում ելույթը»,- «Ա1+»-ին ասել է նա: ԼՂՀ նախկին արտգործնախարարը առաքելությունը համարում է Արցախի համար անընդունելի: Բայց քանի որ որոշումն արդեն ընդունված է, ապա, ըստ նրա, հայկական կողմը գոնե պետք է հասնի նրան, որ միջազգային փորձագետներն այցելեն նաեւ ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններ, որոնք մինչ օրս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո: «Դա մոտ 1000 քմ տարածք է: Գոնե պետք է պահպանենք այդ հավասարակշռությունը եւ աշխարհին ցույց տանք, որ Արցախի Հանրապետության 15 տոկոսը դեռ օկուպացված է ադրբեջանցիների կողմից: Եթե հետամուտ լինենք այս դիրքորոշմանը, ապա, կարծում եմ, կհաջողենք»,- հավելել է Մասիս Մայիլյանը: