Տեսողական խաբկանք

28/09/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Երբ Գալիլեո Գալիլեյը ստեղծեց խոշորացնող առաջին դիտակները եւ պնդեց, որ Լուսնի մակերեւույթը ծածկված է լեռներով եւ խառնարաններով, որ Երկրագունդը պտտվում է իր առանցքի եւ Արեգակի շուրջ, սուրբ ինկվիզիցիան դա համարեց ընդամենը «տեսողական խաբկանք» եւ ինը տարի շարունակ հալածում էր գիտնականին: Իսկ Գալիլեյի առաջարկին, թե, այնուամենայնիվ, նայեք դիտակի մեջ եւ դուք էլ կտեսնեք ու կհամոզվեք, ինկվիզիցիայի ներկայացուցիչներն, ինչպես պատմությունն է փոխանցում, պատասխանել են. «Իսկ մենք չե՛նք ուզում նայել»:

Այս պատասխանը դարերի ընթացքում իր թարմությունն, ինչպես տեսնում ենք, չի կորցրել: Երկրի առաջին դեմքերից սկսած` մտավորականներով վերջացրած, ոչ ոք չի ցանկանում, պայմանականորեն ասած, նայել հեռադիտակով, որպեսզի հանկարծ իրականությունը չտեսնի:

Այդպես, օրինակ, իշխանություններն ու նրան հարող մտավորականությունը չեն ցանկանում ընդունել, որ մեր երկրում կան քաղբանտարկյալներ: Իշխանությունները, հասկանալի է, ընդունելու դեպքում պիտի պատասխան տան տասը զոհերի համար եւ նաեւ խոստովանեն, որ իրենք են բեմադրել կեղծ ցուցմունքներով ու կեղծ վկաներով դատերը եւ մարդկանց տարիներով զրկել ազատությունից: Մտավորականներն էլ չեն ընդունում, որպեսզի հանկարծ ստիպված չլինեն այդ մասին բարձրաձայն խոսելու եւ փչացնելու այնքան դժվարությամբ հասած ներդաշնակությունը իշխանությունների հետ:

Ճիշտ այդ սկզբունքով իշխանությունները ոչ մի կերպ չեն ցանկանում լսել օտար լեզուներին տիրապետող, կրթված այն մարդկանց կարծիքը, ովքեր պնդում են, որ «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» օրենքներում փոփոխությունները պարզապես վտանգավոր են մեր ինքնության համար, եւ, որ չտեսնված բան է, երբ երկրի իշխանությունները իրենց համաձայնությունն են տալիս սեփական լեզուն սեփական երկրում առաջնահերթությունից զրկելու որոշմանը: Սակայն այս դեպքում եւս ավելի հարմար է ձեւացնել, թե փոփոխությունների կողմնակիցները լավ չեն պատկերացնում` ինչի մասին է խոսքը, եւ, ահա, օրենքների նախագծերը պատրաստվում են ԱԺ երկրորդ ընթերցմանը:

Բանակում սպանություններն, ինքնասպանություններն ու դժբախտ պատահարներն արդեն գրեթե ամենօրյա լրատվություն են: Օրերս Ազգային բանակում արձանագրվեց հերթական միջադեպը` մահվան ելքով («սեպտեմբերի 25-ին համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Նորայրի Մխիթարյանը` ծնված 1991թ.-ին»):

Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից շփման առաջին գծում, որպես կանոն, բանակ զորակոչված երիտասարդ տղաներ են, ովքեր կա՛մ սեփական ցանկությամբ են մեկնել սահմանամերձ գոտի, կա՛մ միջոցներ չեն ունեցել կաշառք տալ եւ ազատվել առաջին գծում հայտնվելուց: Այսինքն` կա՛մ ամենաազնիվ, կա՛մ ամենախեղճ մարդիկ են: Եվ նրանք էլ, որպես կանոն, զոհվում են հակառակորդի գնդակից: Եվ երբ հուլիսի 19-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի դիրքերի վրա հարձակվեց ադրբեջանցիների դիվերսիոն խումբը, զոհեր եղան թե՛ մեր կողմից, թե՛ հակառակորդի: Ի դեպ, ադրբեջանական կողմը զոհվածներին հերոսի կոչում շնորհեց` մինչ մենք դեպքից օրեր անց իմացանք զոհված տղաների անունները:

Պարզվում է, որ այդ խմբի սպանված անդամ Մ. Իբրահիմովի դին հայկական կողմը մինչ օրս չի վերադարձրել հակառակորդին: Գուցե դա հակամարտող կողմերի միջեւ ընդունված պրակտիկա է, սակայն սպանված մարդու դին չվերադարձնել նրա որդեկորույս (թող որ` ադրբեջանցի) ծնողներին (այս դեպքում` հասցեատերը նրանք են, ոչ թե պետությունը, ում համար երիտասարդ տղաների կյանքն, ինչպես համոզվել ենք, գրոշի արժեք չունի), այնքան անհասկանալի է: Բանը հասել է նրան, որ նախագահ Սերժ Սարգսյանին օրերս անձամբ հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ նրան փոխանցել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի խնդրանքը: Կիրիլ Առաջինին էլ, իր հերթին, խնդրել էր Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Փաշազադեն` խնդրելով Ադրբեջանին վերադարձնել Իբրահիմովի դին: Որը, փաստորեն, հայկական կողմը այսքան ժամանակ խնամքով պահում է համապատասխան վայրում:

Թեեւ շփման կետից, սահմանային միջադեպերից ոչ ամբողջ տեղեկատվությունն է հրապարակային քննարկումների դրվում, հետեւաբար չի բացառվում, որ հայկական կողմն էլ Ադրբեջանից համանման քայլի է սպասում` վերադարձնել ամիսներ առաջ զոհված հայ զինվորի մարմինը: Սակայն այս տեղեկատվությունն այնքան դառը էմոցիաներ է առաջացնում: Անկախ այն բանից, որ սպանվածն ադրբեջանցի է, չտեսնված դաժան է նրա դին ամիսներով պահել ու չվերադարձնել ծնողներին: Անկենդան մարմնի հանդեպ նման մոտեցումը հակասում է Բնության օրենքներին եւ մեր համառ պնդումներին, թե 1700-ից ավելի տարիների քրիստոնեական արմատներ ունենք:

Պաշտոնական մարմինները կարող են ասել, թե սա պատասխան է հակառակորդ կողմին մեր զոհված զինվորների համար: Սակայն դրան ոչ ոք չի հավատա. բոլորս լավ հիշում ենք, թե ազգային բանակում վերջերս զոհված հայ զինվորների մարմիններն ինչ վիճակում հանձնեցին իրենց ծնողներին: Այսինքն` ակնհայտ է, որ խնդիրը ազնիվ ցասումը կամ վրեժխնդրությունը չեն:

Սա` խնդրի մի կողմն է: Սակայն մյուս կողմում Ամենայն Հայոց կաթողիկոսն է` իր խնդրանքով, որ երկրի նախագահն ընդառաջի Կիրիլ Առաջինի խնդրանքին: Եվ որքան հզոր քայլ կաներ Ամենայն Հայոց կաթողիկոսն, ով այնքան հարգում է իր ռուս կոլեգային, եթե իր հայրապետական խոսքով փորձեր սփոփիչ խոսքեր ասել իրենց զինվոր որդիներին կորցրած հայ մայրերին: Թող որ այդ մասին նրան ոչ ոք չէր խնդրել: Եվ գուցե թեմայից շեղվում եմ, սակայն մարդիկ այնքան կարոտ են լսել կաթողիկոսի խոսքը` կյանքի բոլոր երեւույթների մասին, անգամ ամենաաննշան թվացող, ինչպես, ի դեպ, անում է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը` ամեն շաբաթ հեռուստատեսությամբ դիմելով ժողովրդին:

Սակայն մեր եկեղեցին էլ աշխատում է չտեսնել այն, ինչ կարող է ստիպել նրան իր կոչմանը հավատարիմ` ըմբոստանալ: Պետական ողջ մեքենան խարսխված է քրիստոնեության կողմից մերժելի արատների հիման վրա` կոռուպցիա, բարոյական արժեքների ոտնահարում:

Սակայն տեսնել արատը, նշանակում է` արձագանքել դրան, պայքարել դրա դեմ: Եվ հետո, մի բանի դեմ պայքարելու իրավունք ունենալու համար առնվազն պիտի ինքդ անխոցելի լինես: Մեր երկրում անխոցելի չէ ոչ ոք: Այնպես որ, պետք է շարունակել կկոցել աչքերը` իբր իրականությունն այնքան էլ պարզ չի երեւում: Իսկ այն, ինչ այնքան ակնհայտ է, որ չտեսնել հնարավոր չէ, պետք է վերագրել «տեսողական խաբկանքի»: