«Ազատ բանավեճի ասպարեզ»

28/09/2010

Շաբաթ օրը տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի (ՔԴԵԴ) 2010-2011թթ. ուսումնական տարվա բացման պաշտոնական արարողությունը: Այս տարի ձեւավորված դասարանը թվով 6-րդն է ՔԴԵԴ-ի ձեւավորման օրվանից ի վեր: Պաշտոնական բացմանը զուգահեռ՝ ՔԴԵԴ-ի հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանն այս տարվա շրջանավարտներին` դպրոցի 5-րդ դասարանն ավարտած մասնակիցներին, հանձնեց Ստրասբուրգում անցկացված սեմինարի սերտիֆիկատները: Ավարտական դիպլոմները կհանձնվեն հոկտեմբերին։

Եվրոպայի եւ ետխորհրդային 16 երկրներում գործող քաղաքական դասընթացների դպրոցների շարքում Երեւանի դպրոցը առաջինն է, որը ստեղծվել է ԵԽ Վարշավյան գործընթացից հետո: Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցում սովորել են քաղաքական գործիչներ, պատգամավորներ, դատական, գործադիր մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, նույնիսկ հոգեւորականներ: Եվ 6-րդ դասարանի բացման պաշտոնական արարողության ժամանակ ՔԴԵԴ-ի շրջանավարտներից՝ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Արտակ Զաքարյանը հանդես եկան ողջյունի խոսքով: Իսկ դպրոցի նոր սաներին շնորհավորական ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, հետեւաբար անհրաժեշտ է կրթություն ստանալ ամբողջ կյանքի ընթացքում: ՔԴԵԴ-ը հայ իրականության այն օջախներից է, որը շեշտադրում է հենց այդ գաղափարը»,- ասված էր վարչապետի ուղերձում:

ՔԴԵԴ-ի Հայաստանյան սեմինարները դպրոցի սաներին հնարավորություն են տալիս մասնակցել Հայաստանում եւ աշխարհում ծավալվող քաղաքական ու տնտեսական իրադարձությունների մասին դասախոսությունների, ծավալել դրանց շուրջ բազմակողմանի քննարկումներ: Դասախոսություններով հանդես են գալիս հայ եւ միջազգային հեղինակավոր գործիչներ ու փորձագետներ, նաեւ` պետական պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագետներ: Իսկ Ստրասբուրգյան սեմինարի ժամանակ բացառիկ հնարավորություն է ընձեռվում մասնակցել միջազգային հեղինակություն ունեցող փորձագետների կողմից ներկայացվող դասախոսություններին, քննարկումներ ծավալել արդեն ԵԽ քաղաքական դասընթացների` 16 երկրների դպրոցների սաների հետ:

Իսկ ՔԴԵԴ-ն այս 5 տարիներին ունեցել է շուրջ 170 շրջանավարտներ։ «Սա ազատ բանավեճի, հնարավորությունների ասպարեզ է, որտեղ մարդիկ հավաքվում են եւ անկաշկանդ խոսում ամեն խնդրի մասին, փոխադարձ հարգանքով, սակայն ամենահրատապ հարցերին անդրադառնում ենք։ Հիշում եմ, 2005թ. սահմանադրական բարեփոխումների հարցերն էին հրատապ, այդ հարցերն էինք քննարկում, իսկ անցած տարի՝ հրատապ էր հայ-թուրքական հարցը, դա էինք քննարկում: Մենք նաեւ անդրադառնում ենք եվրաինտեգրման ընթացքին, ժողովրդավարական զարգացումներին, գլոբալացվող աշխարհում Հայաստանի դերին, այսինքն՝ այստեղ հարցադրումներն ավելի շատ են հնչում, թե ինչպիսի աշխարհում ենք մենք ապրում, իսկ աշխարհը շատ արագ փոփոխվում է,- լրագրողների հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը` ավելացնելով,- Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը` իբրեւ եվրոպական ինքնության դրսեւորում, Հայաստանում մասնակցում է Եվրոպայի խորհրդի թվով 16 դպրոցների բոլոր նախաձեռնություններին: Եվ մինչ այսօր կարծես թե առիթ չենք ունեցել դժգոհելու, որ Հայաստանի խնդիրները ոչ պատշաճ են ներկայացվել»: Խոսելով անցած տարիներին ՔԴԵԴ-ի մասնակիցների ու շրջանավարտների մասին, Ա. Զաքարյանն ընդգծեց, որ դրանց մեծ մասը մարդիկ են, ովքեր ազդում են Հայաստանում որոշումների կայացման ու հասարակական կարծիքի ձեւավորման գործընթացի վրա: «Դպրոցում ընդգրկված են նրանք, ովքեր հետաքրքրված են քաղաքականությամբ, քաղաքագիտությամբ։ Մենք ունենք Ազգային ժողովի 6 շրջանավարտ պատգամավոր, մենք ունենք քահանաներ, մենք ունենք հայտնի լրագրողներ, հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, պետական հաստատություններում՝ ՀՀ նախագահի աշխատակազմում, նախարարություններում, դատախազությունում, դատարաններում աշխատող սաներ։ Բացի այդ, ՔԴԵԴ-ը Հայաստանի հետ Եվրոպայի խորհրդի համագործակցության լավագույն օրինակներից մեկն է»,- հայտարարեց Ա. Զաքարյանը։