Արտաքին քաղաքատնտեսություն

16/10/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Դժվար է միանշանակ պնդել` խորհրդային մարդու գլխում տնտեսակա՞ն գիտելիքներն են ավելի պինդ նստած, թե՞ քաղաքատնտեսական։ Հետեւաբար ետխորհրդային մարդը դժվար է կողմնորոշվում. տնտեսական նպատակահարմարություն կոչվածը տնտեսակա՞ն երեւույթ է, թե՞ քաղաքական։ Վերջին 1-2 շաբաթը սովորական չես համարի։ Հայաստանն ապրում էր բուռն կյանքով։ Օդանավակայանից մինչեւ Մաշտոցի պողոտա մեկ Ֆինլանդիայի դրոշներ էին կախված, մեկ` Լատվիայի։ Իրար ետեւից Հայաստան էին ժամանել այդ երկրների նախագահները։ Հետո եկավ Հնդկաստանի փոխնախագահը։ Երեւանի կենտրոնական փողոցները պարբերաբար փակվում էին Մոսկվայի քաղաքագլխի ու նրան ուղեկցող շքախմբի երթուղիներով։ Այլ պատվիրակություններ էլ էին այցելել, բայց ես հատկապես այս 4 այցերն առանձնացրեցի։ Պատճառն այն է, որ զուտ քաղաքական խնդիրներից զատ` հասարակությունը դրանցից տնտեսական սպասելիքներ ունի։ Պետական լիդերներին պաշտոնական այցերի ընթացքում սովորաբար գործարարներ են ուղեկցում։ Նրանց խնդիրն այն չէ, որ հոգան պետության ղեկավարի ծախսերը օտար երկրում։ Գործարարները պաշտոնական հանդիպումների ընթացքում փորձում են տնտեսական խնդիրներ լուծել։ Հետեւաբար վերջին այցերն առաջարկում եմ դիտարկել զուտ տնտեսական տեսանկյունից։ Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության մեջ Ֆինլանդիան, Հնդկաստանը եւ Լատվիան էական մասնաբաժին չունեն։ Ֆինլանդիայից ներմուծումների ծավալը տարեկան կազմում է 2-2,5 մլն դոլար։ Լատվիայից` մինչեւ մեկուկես, Հնդկաստանից` կես մլն դոլարի չափով։ Արտահանումներն ավելի աղքատ տեսք ունեն։ Այդ երեք երկրները միասին վերցրած` մենք արտահանում ենք տարեկան մոտ 1 մլն դոլարի ապրանք։ Պաշտոնական բոլոր տեղեկագրերում մեր արտաքին տնտեսական գործունեության մեջ այդ երկրների մասնաբաժինը գնահատվում է 0-ից մինչեւ 0,5% գործակցով։Հետեւաբար այս երկրների լիդերների այցը տնտեսական իմաստով կարելի է զրոյական գնահատել։ Պաշտոնական լրատվությունը սկսել է շրջանցել տնտեսական թեման միջպետական հարաբերությունների եւ այցերի լուսաբանման ընթացքում։ Շրջանցել հնարավորինս։ Լատվիայի նախագահի այցի ընթացքում ընդգծվեց այն փաստը, որ նրան ուղեկցում էին մի քանի տասնյակ գործարարներ։ Թե վերջիններս ի՞նչ արեցին այցի ընթացքում, չարձանագրվեց։ Հավանաբար այն պատճառով, որ նման այցերը հարաբերությունների առաջընթացի չափանիշ չեն։ Օրինակ, 2002-ին մեր արտահանումների մասնաբաժնում Իտալիայի ցուցանիշը 3,7% էր։ ՀՀ նախագահի եւ նրան ուղեկցող գործարարների պաշտոնական այցից հետո, սպասումներին հակառակ, այդ ցուցանիշը նվազեց` դառնալով 2,8%։ Նույն պնդումը կարելի է կատարել Լեհաստանի հետ տնտեսական հարաբերություններն ուսումնասիրելով։

Պաշտոնական այս այցերի տնտեսական անարդյունավետության յուրատեսակ օրինակ էր Լիտվայի նախագահի այցելությունը Վերնիսաժ։ Տիկին Վայրա Վիկե-Ֆրայբերգան Վերնիսաժում որեւէ իր չգնեց։ Թեկուզ հանուն քաղաքավարության` որեւէ հուշանվեր։ Փոխարենն ասուլիսի ընթացքում բաց տեքստով ասաց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման կողմնակից է։ Այս թեման սակայն քաղաքականության ոլորտից է եւ մեր հետաքրքրություններից դուրս։ Ուստի այս օրինակն ընդհանրացնելով` կարելի է ենթադրել, որ մյուս այցերն էլ տնտեսական արդյունավետությամբ չեն առանձնանա։ Բոլորը, բացառությամբ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի այցի։ Ռուսական քաղաքական էլիտայի այս նահապետը, հայկական մամուլում եւ հայ հասարակության մեջ տարածված կարծիքի համաձայն, մեր երկրի համար լուրջ ներդրող է։ Նրա անվան հետ է կապվում Երեւանի կենտրոնի շինարարության մի մասը։ Լուժկովի այցի առիթով Հայաստանը երեւացող ծախսեր չէր արել։ Փոխարենը` Լուժկովն իրեն Երեւանում պահում էր այնպես, ինչպես տանը։ Հեռուստատեսությունները ցուցադրեցին Մոսկվայի տան հիմնարկեքը։ Պարզ նկատելի էր, թե ինչպես Լուժկովի հիմնարկեքի խորհրդանշական արարողության ժամանակ, մի կողմ թողնելով Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին, միայնակ կատարեց շաղախի լցման գործը։ Լուժկովի անմիջական պահվածքը երկու հնարավոր բացատրություն ունի` տնտեսական եւ քաղաքական։ Ռուսաստանը մեր երկրի արտաքին տնտեսական լուրջ գործընկեր է։ Ամեն տարի մեր արտահանումներում Ռուսաստանի բաժինը կազմում է 13-15 տոկոս։ Իսկ ներմուծումների մասով` 16-20%։ Ոչ պաշտոնական տվյալներով` Հայաստան փոխանցվող տրանսֆերների 55-60 տոկոսը Ռուսաստանից է։ Մոսկվան վաղուց արդեն հայ բնակիչների թվով աշխարհի երեք խոշոր քաղաքներից է։ Սա, իհարկե, բավարար չէ, որ Լուժկովը հյուրի փոխարեն` իրեն պահի տանտիրոջ նման։ Սրա բացատրությունն ավելի շուտ քաղաքական է եւ կապված է «ֆորպոստ» բնութագրի հետ։ Երեւի նրա համար էլ քաղաքատնտեսություն տերմինի մեջ դոմինանտը քաղաքականությունն է։ Տնտեսությունը Հայաստանի հետ հարաբերություններում առայժմ հիմնական չէ։ Այդ ապացուցվեց պաշտոնական բոլոր այցերի ընթացքում։ Նաեւ այն պատճառով, որ մեր տնտեսությունը եղանակի պես փոփոխական է։ Օրինակ, պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ օգոստոս ամսին արտահանումները հուլիսի հետ համեմատած կրճատվել են 14%-ով։ Փաստորեն մեր երկրում տնտեսական ցանկացած երեւույթ` լինի տարեկան աճ, թե մի ամսի տվյալների համեմատություն նախորդ ամսի հետ, երկնիշ է։ Այսինքն` նկատելի ու թռիչքաձեւ։ Կայունությունը, որով սիրում են հպարտանալ մեր իշխանությունները, Հայաստանում տնտեսական հիմքեր չունի։ Հետեւաբար մեր հանդեպ օտար երկրների ունեցած վերաբերմունքը եւս տնտեսական շահերի վրա չի կառուցված։ Որքան էլ որ օտար նախագահները Հայաստան այցելելիս, հավուր պատշաճի, իրենց հետ գործարարներ են բերում, նրանց այցելությունների հիմնական պատճառը քաղաքական է։ Դուք իհարկե ազատ եք պնդելու, որ նրանք Հայաստան են այցելում որպես զբոսաշրջիկ` տեսնելու հինավուրց մի երկիր, որը մշակութային փառահեղ անցյալ ունի։