Պետական սեփականության տերերը փողատերերն են

28/09/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Այն, որ Հայաստանում տնտեսվարող սուբյեկտների շահը վեր է շարքային քաղաքացու շահից, հայտնի է բոլորիս:

Պետական սեփականություն հանդիսացող հողատարածքներն օտարելիս պետական կառույցները նախապատվությունը տալիս են մասնավոր ընկերությանը, այն դեպքում, երբ տվյալ հողատարածքի օգտագործման իրավունքը պատկանում է քաղաքացուն: Համաձայն օրենքի` հողատարածքն օտարելու գործընթաց իրականացնելիս՝ պետության կողմից լիազորված մարմինը պարտավոր է հաշվի առնել, որ նախապատվության իրավունքը պատկանում է հողօգտագործողին, հետեւաբար մասնավորեցվող տարածքը նախ պետք է առաջարկվի վերջինիս: Բազմաթիվ են օրինակները, երբ տնտեսվարող սուբյեկտը ցանկանալով տարածք ձեռք բերել` բախվում է հողոգտագործման իրավունք ունեցող քաղաքացու իրավունքին: Ու թեեւ օրենքը պաշտպանում է հողօգտագործողին, սակայն մեզ մոտ շատ դեպքերում խնդիրը լուծվում է հօգուտ փողատերերի:

Խմբագրություն դիմած Վերմիկ Կարապետյանի ընտանիքը, տեւական ժամանակ է, ենթարկվում է հալածանքների: Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 10 հասցեի բնակչուհին հայտնվել է դատական անիմաստ քաշքշուկների մեջ, քանի որ այն հողատարածքը, որն իր ընտանիքը տիրապետել է տասնյակ տարիներ, մասնավորեցվել է «Կաթկոմպլեկտ»

ՓԲԸ-ին: Վ. Կարապետյանի ամուսինը` Մանվել Սարգսյանը, 1976թ.-ից աշխատել է «Կաթ» արտադրական միավորումում: Որպես անօթեւան ընտանիք Սովետական տարիներին բնակարաններ տրամադրելու հերթացուցակում նրանք գրանցված են եղել: Մինչ այդ, սակայն, 1979թ. «Կաթ» արտադրական միավորման ղեկավարությունը որոշել է Մ. Սարգսյանին գործարանին պատկանող տարածքում, այսինքն` Ա. Սարգսյան 10 հասցեում, 37.8քմ բնակելի մակերեսով տարածք հատկացնել, որպեսզի ընտանիքն այնտեղ ապրի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանիքը բաղկացած է հինգ անձից, իսկ բնակելի մասը շատ փոքր է եղել` 1992թ. արդեն «Հայկաթարդի» «Նյութատեխնիկական մատակարարման եւ առգրավման ճյուղային» ֆիրմայի տնօրենի թույլտվությամբ իրենց հատկացված սենյակին կից Մ. Սարգսյանը զբաղեցրել է եւս 31քմ` կառուցելով սանհանգույց եւ խոհանոց: «Բնակարան ստանալու հույս այլեւս չկար: Տեսանք, որ էլ հնարավոր չէ այդ փոքրիկ սենյակում առանց զուգարան, առանց խոհանոց ու բաղնիք գոյատեւել: Խնդրեցինք, որ թույլ տան այդ հատվածում մեր միջոցներով խոհանոց եւ զուգարան կառուցել: Տնօրենը չառարկեց, իր համաձայնությունը տվեց, անգամ գրավոր թույլտվությունն ունենք, եւ բավականին ծախսեր կատարելով՝ կառուցեցինք»,- պատմում է Վ. Կարապետյանը, ում ընտանիքին, սակայն, այսօր ստիպում են քանդել եւ ազատել այդ տարածքը, քանի որ այն այլեւս ուրիշին է պատկանում: Նրա խոսքով` 2007թ. իրենց հատկացված 39քմ հողամասի եւ 37.8քմ տարածքի համար ստացել են սեփականության վկայական, որտեղ, սակայն, ներառված չէ իրենց կողմից փաստացի տիրապետվող 31.1քմ կազմող սանհանգույցի եւ խոհանոցի մակերեսը. «Մենք դիմումներ էինք ներկայացնում համապատասխան մարմիններ՝ մեր կողմից զբաղեցրած այդ տարածքն օրինականացնելու խնդրանքով, սակայն մշտապես ասում էին, որ կառավարության համապատասխան որոշում դեռեւս չկա: Մեզ վստահեցնում էին, որ, երբ գործարանի տարածքն ամբողջությամբ հանձնվի մասնավորին` այն ժամանակ հաշվի կառնվի նաեւ Ձեր կողմից այդ հատվածը փաստացի տիրապետելու հանգամանքը եւ կսեփականաշնորհվի Ձեր անվամբ»: Հարկ է նշել, որ Մ. Սարգսյանի դիմումին ի պատասխան՝ ՀՀ Պետական գույքի կառավարման վարչությունը տեղեկացրել է, որ` «Կաթկոմպլեկտ» ՊՓԲԸ-ն ընդգրկված է ՀՀ «2001-2003թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում, հետեւաբար՝ Ձեր ընտանիքի կողմից զբաղեցվող բնակելի տարածքի սեփականաշնորհման հարցը կարող է լուծվել վերը նշված ընկերության մասնավորեցման հետ միաժամանակ»: Իսկ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը Մ. Սարգսյանին հորդորել է. «ՀՀ Գյուղնախարարության «Կաթկոմպլեկտ» ՊՓԲԸ-ն ընդգրկված է մասնավորեցման ծրագրում, եւ 2004թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ընկերության գույքի գնահատման համար անհրաժեշտ փաթեթը պատրաստելիս նախարարությունը հաշվի կառնի Ձեր դիմումում բարձրացրած հարցը եւ կմիջնորդի ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչություն»: Ընդ որում` ՀՀ Գյուղնախարարի ստորագրությամբ եւս մի քանի գրություններով Մ. Սարգսյանին իրազեկվել է, որ մասնավորեցման գործընթացն իրականացնելիս անպայման հաշվի կառնվի իրենց կողմից տիրապետվող տարածքի հարցը եւ` «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող եք ձեռք բերել Ձեր զբաղեցրած տարածքը»,- նշված է գրությունների մեջ: Աջափնյակ համայնքի նախկին թաղապետերն իրենց գրություններով հաստատել են Մ. Սարգսյանի կողմից նշյալ տարածքն օգտագործելու փաստը եւ դիմելով Պետգույքի կառավարման վարչություն, ինչպես նաեւ՝ ՀՀ գյուղնախարարություն, խնդրել են տարածքը սեփականաշնորհման իրավունքով հանձնել Մ. Սարգսյանին: Մինչ Մ. Սարգսյանի ընտանիքը սպասել է ՀՀ Կառավարության որոշմանը, 2006թ. հունիսի 24-ին «Կաթկոմպլեքս» կոչվող ՓԲԸ-ն ստացել է սեփականության իրավունքի գրանցման վկայական, որտեղ ներառված է նաեւ Մ. Սարգսյանի կողմից տիրապետվող տարածքը: Հաշվի չի առնվել նաեւ այն հանգամանքը, որ Մ. Սարգսյանի ընտանիքը տասնյակ տարիներ վճարումներ է կատարել տարածքն օգտագործելու համար, ինչը նրանց կողմից հողատարածքն օգտագործելու փաստացի ապացույցն է: «Էդքան տարիներ սպասում, սպասում ենք, որ կառավարության որոշումից հետո մասնավորեցման գործընթացի ժամանակ մեր զբաղեցրած տարածքը կսեփականաշնորհեն մեր անվամբ, բայց հանկարծ պարզվում է, որ «Կաթկոմպլեքս» ՓԲԸ-ն ամբողջ տարածքի օրինական տերն է, որովհետեւ Պետգույքի, կառավարման վարչությունն ու ՀՀ գյուղնախարարությունը գործընթացը վաղուց կատարել են: Տասնյակ գրություններով մեզ ասում են՝ սպասեք, մինչեւ մասնավորեցման գործընթաց սկսվի, բայց գործընթացը գաղտնի իրականացնում են, իսկ մեր իրավունքը զրոյացնում: Ընդ որում` Պետգույքի կառավարման վարչությունը մինչեւ գործընթացը սկսելը հարցում է կատարել ՀՀ գյուղնախարարություն, որտեղից այն ժամանակվա նախարար Դավիթ Լոքյանի գրությամբ հաստատվել է Մ. Սարգսյանի ընտանիքի կողմից 31.1 քմ մակերեսը տիրապետելու փաստը: Պետգույքի կառավարման վարչությունը եւ կադաստրային մարմինները, սակայն, առանց ճշտում անելու, առանց տեղզննություն կատարելու՝ տարածքը գրանցել են որպես «Կաթկոմպլեքսի» սեփականություն: Մենք ընդամենը կոմունալ հարմարություն ենք կառուցել: Եթե երկու սենյակ ունենայինք` թող մեկը վերցնեին, բայց ախր էդպես հնարավոր չէր: Միջոցներ ենք ծախսել, էդքան տարի վճարումներ ենք կատարել, մշտապես հետաքրքրվել, հարցումներ ենք կատարել այդ 31.1քմ տարածքն օրինականացնելու համար…»: Դատական ատյանների միջամտությամբ իրենց կողմից օգտագործվող 31.1 քմ զբաղեցրած տարածքի նկատմամբ մեկ այլ անձի սեփականության իրավունքը դադարեցնելու պահանջը, բնականաբար, չի բավարարվել: Ներկայումս գործը գտնվում է ՀՀ Վարչական դատարանում, եւ Վ. Կարապետյանն, այնուամենայնիվ, հույս ունի, որ արդարության կհասնեն. «Չգիտեմ, հավատում եմ, որ դատավորներն անաչառ կգտնվեն եւ կհարգեն մեր իրավունքը: Ի վերջո, պետք է հասկանալ, որ փողատերերից բացի՝ Հայաստանի պետական սեփականությունը պատկանում է Հայաստանի քաղաքացիներին, ժողովրդին: Եթե պետությունն այդ սեփականությունը մասնավորեցնում է, ուրեմն` նախ եւ առաջ պետք է հաշվի առնի, թե այդ հողատարածքն ո՞վ է օգտագործել տարիներ շարունակ: Բացի դա, բազմանդամ ընտանիքի հետ այդպես վարվելն անմարդկային է»,- ասում է Վ. Կարապետյանը: Վերջինիս ասելով` «Կաթկոմպլեքս» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը զենքով է մտնում տարածք եւ սպառնում է իրենց: Վ.Կարապետյանի հավաստմամբ` իր բողոքի հիման վրա Գ. Խաչատրյանին հրավիրել են Ոստիկանություն: «Գ. Խաչատրյանն ասում է` իմ գլխին ինչքան մազ կա, ես էդքան էլ տեր ունեմ: Թիկունքին դեպուտատներ, փողատերեր են: Դուք մենակ պիտի տեսնեք, թե ոնց է տարածք ներխուժում ու սպառնում»,- ասում է Վ. Կարապետյանը: