Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան մասնավորեցվեց 2005 թվականին: Պետությունը, չցանկանալով կինոարտադրող ստուդիան իր հովանու ներքո պահպանել, այն հանձնեց «Գաֆէսճեան ընտանիքին» պատկանող SC MEDIA CITY հոլդինգին, որն էլ, իր հերթին, ներդրումային մի շարք պարտավորություններ ստանձնեց: Այդ թվում` շինության լայնածավալ վերանորոգում, տեխնիկական վերազինում, հանրության սեփականությունը հանդիսացող (եւ որոշ դեպքերում էլ՝ հեղինակային սեփականություն համարվող) հայաստանյան արտադրության ֆիլմերի թվանշայնացում:
«Գաֆէսճեան ընտանիքը» մասնավորեցումից անմիջապես հետո հայտարարեց իր հսկայածավալ ու հավակնոտ ծրագրերի մասին: Խոսքը մեր տարածաշրջանում ամենախոշոր ու եզակի (տաղավարներով, լաբորատորիաներով, հյուրանոցային համալիրով ու արդիական տեխնիկայով հագեցած), ժամանակակից կինոստուդիա կառուցելու մասին էր: Խոստումները մեծ ու պարտավորեցնող էին, քանի որ հիշեցնում էին «Հայոց կինոաշխարհի» մոտալուտ գալստյան մասին: 2005թ. մասնավոր դարձած «Հայֆիլմ» կինոստուդիայի ղեկավար նշանակված կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը վստահեցնում էր, որ 2 տարի անց (այսինքն՝ 2007-ին), ստուդիան ամբողջովին վերազինված կլինի ու կսկսի ֆիլմարտադրությունը` գրավիչ դաշտ դառնալով վրացի ու իրանցի, ինչո՞ւ` ոչ, նաեւ` ողջ աշխարհի կինոգործիչների համար: Նա նշում էր, որ պետական ստուդիան բարոյապես մաշվել է, ու միակ փրկությունը ստուդիան մասնավոր անձանց վաճառելն է: «Գաֆէսճեան ընտանիքի» ներկայացուցիչ եւ «Արմենիա TV»-ի համասեփականատեր Բագրատ Սարգսյանն էլ նշում էր, որ «Հայֆիլմը» նոր Հոլիվուդ է դառնալու:
Հիշեցնենք, որ սեփականատերը 770 հազար դոլարով պետությունից գնելով «Հայֆիլմը»` պարտավորվել էր նվազագույնը 70 մլն դոլարի ներդրում կատարել ստուդիայի շենքը կարգի բերելու, նոր տեխնիկայով համալրելու ու նկարահանման տաղավարները զինելու նպատակով: Այնինչ, 5 տարիների ընթացքում «Հայֆիլմում» ոչ միայն վերանորոգման լուրջ աշխատանքներ չեն կատարվել, այլեւ` մնացած սարքավորումներն ու սենյակներն են շարքից դուրս եկել: Մերկ պատերը ռմբակոծման տպավորություն են թողնում: Մինչդեռ «Գաֆէսճեան ընտանիքը» վստահեցրել էր, որ ստուդիայում շինարարական աշխատանքները նախատեսվում է ամբողջովին ավարտել 2009 թվականի հոկտեմբերին:
Սեփականաշնորհման պայմանագիրը ստորագրելուց անցել է 5 տարի: Այս ընթացքում «Գաֆէսճեան ընտանիքին» պատկանող «Արմենիա» հ/ը եթերում պարբերաբար խրոխտ ու լավատեսական ռեպորտաժներ են հնչում այն մասին, թե ինչպես են ընթանում վերանորոգման աշխատանքները, ինչպես է փոխվում «Հայֆիլմի» արտաքին տեսքն ու նոր տեխնիկա է մուտք գործում ստուդիայի բակ: Եթե այդ բոլոր ռեպորտաժները հավաքագրվեն ու մեկ առանձին ֆիլմի տեսք ստանան, ապա շարքային հանդիսատեսին պարզ կդառնա, որ ստուդիան արդեն վաղուց պետք է կառուցված ու զինված լիներ (ռեպորտաժներում նաեւ ասվում էր թափանցիկ վերելակների կառուցման, ժամանակակից կահավորման, օդափոխման ու ջեռուցման համակարգերի տեղադրման մասին): Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակ պատկերն է ցուցադրում. ստուդիայի ներսում ամայություն ու կիսավեր վիճակ է: Ինչպես հայտնի է, լրագրողների եւ ընդհանրապես կողմնակի անձանց մուտքը «Հայֆիլմ» արգելված է: Սակայն կիսագաղտնիության պայմաններում կատարված նկարահանումները (տեսանյութը մեր ձեռքին է) փաստում են, որ երբեմնի փառք ունեցող ու աշխատանքային եռուզեռով լի ստուդիան այսօր ամբողջովին քանդուքարափ վիճակում է գտնվում: Իսկ հեռուստառեպորտաժներում հնչեցված տեղեկությունը պարզապես իրականությանը չի համապատասխանում: Մի քանի տարի առաջ, օրինակ, եթերից հայտարարվեց, որ ստուդիան նոր հզոր լուսային գեներատոր է ձեռք բերել, որը թույլ կտա նկարահանումներն անխափան իրականացնել: Ռեպորտաժում ցուցադրվեց, թե ինչպես են գեղեցիկ եւ գունազարդ հսկայական տուփերը բեռնատարներից հանվում: Սակայն հայտնի է, որ այդ գեներատորն այդպես էլ «Հայֆիլմ» մուտք չի գործել, այլ իր գնման առաջին իսկ օրից սկսած շահագործվել է «Արմենիա» հ/ը-ում, իսկ «Հայֆիլմի» բակում հայտնվել է միայն ռեպորտաժի նկարահանման օրը: Նույն ճակատագրին են արժանացել նաեւ տեսախցիկներն ու այլ արդիական օպտիկական սարքավորումները, որոնք ծառայեցվել են մասնավոր հեռուստաալիքի կարիքների համար` ոչինչ չտալով կինոստուդիային:
Որտե՞ղ են խոստացված նկարահանման տաղավարներն ու լաբորատորիան: Ինչպես ասում է մեծ աշխատանքային փորձ ունեցող բեմադրող կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը` նախկինում «Հայֆիլմը» սեւ-սպիտակ ֆիլմերի ժապավենների մշակման եզակի լաբորատորիա ուներ, որի նմանը միայն «Մոսֆիլմում» էր: Այժմ այդ լաբորատորիան չքացել է, հինը ապամոնտաժվել է, իսկ նորը չի կառուցվել: Հատուկ ակուստիկա ունեցող 2 հսկայական տաղավարներից նույնպես ոչինչ չի մնացել: «Նկարահանման, մոնտաժային, ձայնագրման, երեւակման սարքավորումներ կային, որոնք, իհարկե, հնացած էին, սակայն աշխատում էին: Այդ ամենը ոչնչացվեց, ու մեզ ֆանտաստիկ վերափոխումներ խոստացվեցին, որոնց ոչ մի կետը չկատարվեց»,- նշում է վաստակավոր կինոօպերատորը: Անհետացել են նաեւ մուլտֆիլմերի պատրաստման համար անհրաժեշտ հաստոցները, ինչպես նաեւ` դեկորացիաները, որոնք ցրտից ու խոնավությունից ճաքճքել, բորբոսնել ու փչացել են: Իրականում, նյութական արժեքներից բացի (որոնց շարքում է նաեւ 150 մեքենայից բաղկացած ավտոպարկը, որի արժեքը մի քանի անգամ ավելի մեծ է, քան այն գումարը, որով սեփականաշնորհվել է ամբողջ «Հայֆիլմն»` իր հարակից տարածքով ու ունեցվածքով), մեծ վնաս է հասցվել նաեւ մասնագիտական կոլեկտիվին: Դեկորացիաներ պատրաստող նկարիչները, դերձակները, գրիմյորները, կոշկակարներն ու մոնտաժողներն այլեւս տեղ չունեն մասնավոր կինոստուդիայում: Նախկինում «Հայֆիլմում» 275 մասնագետ էր աշխատում, իսկ այսօր՝ ընդամենը 6-ը, որոնց շարքում ոչ մի կինոմասնագետ չկա:
Եվ բնական է, որ այդ պայմաններում սեփականատերերը չեն կատարել իրենց մեկ այլ պարտավորությունը, այն է` ֆիլմերի արտադրության համար նպաստավոր պայմանների ապահովումը: Փաստերը մեկնաբանության կարիք չունեն. 5 տարիների ընթացքում «Հայֆիլմը» ոչ մի կինոֆիլմ չի արտադրել: Այդ փաստերը բավարար հիմք են հանդիսանում պետության համար` շուտով իր 90-ամյա պատմությունը տոնող «Հայֆիլմ» կինոստուդիայի մասնավորեցումը անվավեր ու ձախողված փորձ համարելու համար:
«Դա Վինչին» ու հայ կինոն
Կինոստուդիան սեփականաշնորհելու գործընթացում ամրագրված է եղել, որ մասնավոր տերերի առաջին պարտավորությունը ազգային մշակութային ժառանգություն հանդիսացող ֆիլմադարանի ֆիլմերի թվանշայնացումը պետք է լինի: 1 տարվա ընթացքում պետք է վերականգնվեին ու թվանշանային կրիչների վրա փոխանցվեին շուրջ 400 հայկական ֆիլմերը: «Հայֆիլմի» մասնավորեցման տարիներից ի վեր ընդհանուր առմամբ վերականգնվել ու թվանշայնացվել է 47 խաղարկային լիամետրաժ ֆիլմ, իսկ 58 ֆիլմ անցել է թվանշայնացման առաջին փուլը: Սակայն խոսելով թվանշայնացված ֆիլմերի քանակի մասին, հաճախ անտեսվում է կատարված գործի որակը: Թվանշայնացված ֆիլմերի տեխնիկական պարամետրերի ստուգման նպատակով ՀՀ Մշակույթի նախարարությունը 2009 թվականին հատուկ հանձնաժողով էր ստեղծել: Կինոռեժիսորներից, կինոինժեներներից, օպերատորներից բաղկացած այդ հանձնաժողովը խիստ դժգոհ է մնացել կատարված աշխատանքից: «Գործը կատարված է պահանջների հանդեպ անթույլատրելի մոտեցմամբ, ֆիլմերում խեղաթյուրված են բեմադրողների (ռեժիսորների, օպերատորների, կոմպոզիտորների եւ մյուսների) գեղարվեստական ու տեխնիկական որակները, խախտված, այլափոխված են գունալուսային համադրումները: Առկա են լույսի ու գույնի աղավաղումներ` անհավասար բաշխում, միատոնություն, բացակայում են սեւի ու սպիտակի երանգները, այսինքն՝ սեւ-սպիտակ ֆիլմերը գորշացած են: Հաշվի չեն առնված յուրաքանչյուր դրվագի պայծառության ու գունային խտության առանձնահատկությունները»,- ասվում է հանձնաժողովի մասնագիտական եզրակացության մեջ:
Այդ եզրակացությանը զուգահեռ՝ «Արմենիա» հեռուստաընկերությունը ռեպորտաժ արձակեց, որի մեջ ասվում է, թե «CS ֆիլմզը» չգնաց հեշտ ճանապարհով ու էժան սարքավորումների փոխարեն՝ ձեռք բերեց ամենաթանկն ու լավագույնը` «Դա Վինչի» համակարգը: Ըստ մասնագետների` «Դա Վինչին» իրականում ոչ թե թվանշայնացման, այլ գունաշտկման սարք է: Կինոինժեներ Սաթիկ Ստեփանյանը, ով սովորել է եզակի մասնագետներ պատրաստող Լենինգրադի Կինոինժեներների ինստիտուտում, նկատում է. «Թվանշայնացման պրոցեսը պետք է սկսել կինոժապավենի մշակումից: Այն պետք է ձեռքով մաքրվի, շտկվի, ճաքերի ու չորացման դեպքում` խոնավացվի, եւ հետո միայն սքաների մեջ մտնի: Որակյալ թվանշայնացում անելու համար պետք է միայն ժապավենի նեգատիվները օգտագործել, ինչը չի արվել»:
Այդ մասին նշել են նաեւ թվանշայնացման որակը գնահատող հանձնաժողովի անդամները: «Տարիների ընթացքում ժապավենի չորանալուց ու պերֆարացիայի ֆիզիկական վնասվածքների հետեւանքով` սքանավորման արդյունքում առաջացել են թվանշայնացված պատկերի ուղղահայաց ու հորիզոնական տատանումներ (կադրի թրթռոց): Ֆիլմերի թվանշայնացման համար հիմք է հանդիսացել պոզիտիվ մաշված ֆիլմակոպիան, որի արդյունքում ժապավենի խազերը, բծերը, քերծվածքները մնացել են պատկերի վրա»:
Առանց լուրջ մասնագիտական վերլուծության էլ ցանկացած դիտող կարող է համոզվել, որ հայկական կինոֆիլմերը` ռեստավրացիոն փուլ անցնելուց հետո, ներկայանում են լղոզված գունային գամմայով: «Սեւի ու սպիտակի երանգների, լույսի ու ստվերի հարաբերության, պայծառության ու կոնտրաստի աղավաղման հետեւանքով կորել է պատկերի խորությունը»,- եզրակացրել են հայ մասնագետները, որոնք Մշակույթի նախարարությանն են ահազանգել համակարգչի միջամտությամբ մոնտաժված, վերաձեւափոխված ու բնօրինակից տարբերվող կադրերի առկայության մասին:
Շատ դեպքերում խախտվել է նաեւ ձայնի ու պատկերի սինքրոնացումը, քանի որ հաշվի չի առնվել կադր/վայրկյանում հարաբերակցությունը: Համակարգիչը աշխատում է 25 կադր/վայրկյանում` ձեւաչափով, իսկ կինոժապավենը վայրկյանում 24 կադր է ընդգրկում: Եվ այդ հակասությունն էլ ձայնի ու պատկերի ոչ սինքրոն համադրման պատճառ է դարձել: «Ֆիլմի օրիգինալ ձայնային որակը ստանալու համար պետք է օգտագործել 35 մմ մագնիտային ժապավենի վրա եղած ելակետային ձայնագրությունը։ Երբ լուսանկարչային վնասված ֆոնոգրաման փոխարինվում է ելակետային օրիգինալով, ապա ոչ մասնագիտական մոտեցման դեպքում, ձայնը երբեք չի համապատասխանի պատկերին» – նկատում է Ս. Ստեփանյանը:
Կարեւոր չի համարվել ֆիլմերի վերականգնման որակը, փոխարենը՝ հույժ կարեւորվել է արված աշխատանքի գեղեցիկ ներկայացումը: «Արմենիա» հեռուստաընկերությամբ հնչող ու ցուցադրվող դիֆերամբներում անընդհատ շեշտվում է արված գործի բացառիկությունը: Եվ տարօրինակ համառությամբ անտեսվում ու կոծկվում է մասնագիտական կարծիքը:
Հանձնաժողովը նաեւ կինոդարանի ռեստավրացիան գնահատելիս` նշել է, որ շատ հաճախ թվանշայնացվել են հայկական ֆիլմերի ռուսական կոպիաները, ինչի արդյունքում մակագրերը` տիտրերը, ռուսերեն լեզվով են պահպանվել:
«Թվանշայնացման աշխատանքներին պետք է ճաշակ ունեցող կոլորիստ, նկարիչ մասնակցի, այլապես` ֆիլմերը անդեմ կդառնան: Տպավորություն է, որ 80 տարիների ընթացքում բոլոր հայկական ֆիլմերը մեկ օպերատոր է նկարահանել, քանի որ բոլոր ֆիլմերը նույն դեմքն ունեն»,- ասում է Լ. Աթոյանցը: Շատերը նշում են, որ թվանշայնացումը կատարվել է ինքնուսների ձեռքերով: «Չի պահպանվել ֆիլմերի հեղինակային մտահղացումները»,- նկատում է կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը:
Վերջիվերջո, պետք է հաշվի առնել, որ ֆիլմերը փչանում են, երբ մեկ անգամ գծված տրաֆարետով են թվանշայնացվում: «Եթե պետք է այսպես կատարվեր թվանշայնացման գործը, ապա եկեք ընդունենք, որ այն տապալվել է»,- ասում է Լ. Աթոյանցը:
«Հայֆիլմի» ճակատագրով մտահոգված կինոգործիչները նշում են, որ միակ փրկությունը ստուդիան կրկին պետական սեփականություն դարձնելն է: Այն պետք է ազգայնացնել ու դասել այնպիսի ռազմավարական ձեռնարկությունների շարքը, ինչպիսին են Մատենադարանը կամ Օպերայի ու բալետի ազգային թատրոնը (որոնք, բարեբախտաբար, դեռ չեն հայտնվել պետությունից օտարվող հիմնարկների շարքում): Փաստը մնում է փաստ. «Հայֆիլմի» սեփականատերերը խախտել են պայմանագրի կետերն ու ի վիճակի չեն ստուդիան ոտքի կանգնեցնել: Զարմանալի է միայն պետական այրերի դանդաղկոտությունը, որոնք ոչ միայն մասնագիտական կարծիքներն են անտեսում, այլեւ ամեն կերպ խուսափում են վճռական քայլերի դիմել ու կինոֆաբրիկան կրկին հանրային սեփականություն դարձնել: