Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանում` անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, հայտարարել է, թե «օր առաջ լուծում որոնելու փոխարեն՝ Հայաստանը նախընտրել է լարվածությունը սրելու ուղին, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով»: Նրա խոսքով` «Հայաստանը գրավված տարածքներում գործադրած քայլերով փորձում է ամրագրել ստատուս-քվոն, բնակեցնում է այդ տարածքները եւ այնտեղ ոչնչացնում է ադրբեջանական պատմական եւ մշակութային արժեքները եւ սրբավայրերը»: Նա ներկայացրել է հակամարտության կարգավորման Ադրբեջանի համար ընդունելի ուղին` կոնկրետ ժամկետում հայկական զորքի դուրսբերում, կոմունիկացիաների վերականգնում, փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձ, անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում` խաղաղապահների տեղակայում, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ: «Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը Ադրբեջանի Հանրապետության կազմում որոշելու համար», – հայտարարել է Ալիեւը: