Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման բանակցությունների երրորդ կողմ անվանել հնարավոր չէ, այլապես նման ձեւաչափով կողմերը պարզապես չեն կարողանա ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել: Այս մասին, ըստ APA գործակալության, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Անդրեյ Կելինը: «Իսկապես, Երեւանը նախկինում իր պայմաններում առաջ էր քաշում ԼՂ-ի պարտադիր մասնակցությունը բանակցային գործընթացին: Բայց դա այն փուլում էր, երբ ՀՀ-ում հիմնականում կարծում էին, թե Ղարաբաղը պետք է լինի ՀՀ-ի մաս, կամ լիովին անկախ պետություն: Եվ որոշ նախագահների օրոք, անունները չտամ, որոշվել է, որ ավելի լավ է յոլա գնալ առանց դրա, քանի որ դա ոչ կառուցողական մթնոլորտ է ստեղծում: Երկու կողմերը կարող են պայմանավորվել, իսկ նման ձեւաչափով պայմանավորվել հնարավոր չէ»,- նշել է նա: Կելինի խոսքով, ներհայկական քննարկումներում Ղարաբաղը, այդուհանդերձ, բանակցություններում քաղաքական դիրքորոշման մշակման սեգմենտ է. «Բայց նրան ուղղակիորեն կողմ ասելը պարզապես անհնար է: Քանի որ Ադրբեջանը կարծում է, որ դա իր տարածքն է, եւ ոչ մի համաձայնագիր, ոչ մի փաստաթուղթ չի կարող պատրաստվել նման կերպ»: Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԼՂՀ կատարելիք գնահատման առաքելության մասին՝ նա ասել է, թե իր գերատեսչությունում դրա հետ մեծ հույսեր չեն կապում: Նա հիշեցրել է, որ առաքելության իրականացումը այն պայմաններից մեկն էր, որով Ադրբեջանը հանում է ՄԱԿ ԱԽ-ից ՀՀ-ի դեմ իր բանաձեւի քննարկումը, որը կարող էր սրել իրավիճակը: «Միջնորդ երկրները կանցկացնեն այդ առաքելությունը, կտեսնեն, թե ինչպես են գործերը, բայց ավելի բան չենք ակնկալում: Բանը ոչ թե առաքելության, այլ սահմանին էսկալացիայի դադարեցման մեջ է, պետք է սկսել քննարկել լարվածության հանումը տարածաշրջանից»,- ասել է նա: