«Հայկական աշխարհի» թագավոր ախպերը

25/09/2010

Կառավարության երեկվա նիստում հավանության են արժանացել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» եւ «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրինագծերը: Ըստ պաշտոնական լղոզված ձեւակերպման, «այս նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ծխախոտի արտադրանքի, ինչպես նաեւ բենզինի ու դիզելային վառելիքի գծով անցում կատարել հարկման առավել արդարացի` արժեքային համակարգի, ապահովել Առեւտրի համաշխարհային կազմակերպության առջեւ ՀՀ-ի ստանձնած պարտավորության կատարումը, բարելավել ծխախոտի արտադրանքի ոլորտից պետական բյուջե ստացվող հարկային եկամտի մակարդակը»: Ավելի պարզ ասած` այս փոփոխությունների արդյունքում 2014 թ.-ից թանկանալու են բենզինը, դիզելային վառելիքը եւ ծխախոտը: Թանկացումը լինելու է զգալի` հաշվի առնելով նաեւ այն, թե որքանով դրանք կթանկանան մինչեւ 2014 թ. «բնական ճանապարհով»: Այլապես, երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը չէր ասի, թե «այս հարցը երկար ժամանակ քննարկվել է վերը նշված ապրանքները ներմուծողների եւ արտադրողների հետ…»: Այն, որ իշխանությունները ժողովրդի հետ վարվում են՝ ինչպես ցանկանում են, ցանկացած ապրանք կարող են թանկացնել այնքանով, որքանով պետք է ներմուծողներին, վաղուց նորություն չէ: Սակայն կրկնակի տհաճ է, երբ դա անում են դեմքի լրջագույն արտահայտությամբ եւ «ժողովրդի շահերի մասին մտածողի վերամբարձ» հիմնավորումներով: «Խնդիրն այն է, որ ՀՀ-ում, օրինակ` ծխախոտը շատ էժան է եւ ամենքին մատչելի: Մեզանում խիստ տարածված են նաեւ ծխախոտի հետեւանքով առաջացող հիվանդությունները: Ուստի գները պետք է աստիճանաբար բարձրացնել, ինչը արդյունավետ կլինի ծխելու դեմ պայքարի իմաստով…»,- երեկ ասել է վարչապետը: Այն, որ ծխելը վնաս է առողջությանը, բոլորը գիտեն, եւ վարչապետի մտահոգությունը հազիվ թե որեւէ մեկին ստիպի հրաժարվել այդ սովորությունից: Մինչդեռ այդ «մտահոգության» արդյունքում մարդիկ ստիպված են լինելու շատ ավելի թանկ վճարել: Ի դեպ, հաճելիորեն հետաքրքիր է, որ կառավարությունը չի ցանկանում բարձրացնել նաեւ ալկոհոլային խմիչքներից գանձվող ակցիզային հարկը: Եթե չենք սխալվում, խմելը նույնպես առանձնապես օգտակար չէ առողջության համար: Հետաքրքիր է` ինչո՞ւ: Գուցե դա պայմանավորված է շատ «նուրբ» մի հանգամանքով: Ոչ, Տիգրան Սարգսյանը սեր չունի ալկոհոլի նկատմամբ: Պարզապես նա շատ է սիրում, երբ ուրիշներն են խմում` կոնկրետ կենացներ: Հավաստի տեղեկությունների համաձայն, վերջերս Տ. Սարգսյանը իր մտերիմների շրջանում տեղի ունեցող խնջույքների, միջոցառումների ժամանակ անձամբ առաջարկում է խմել ԻՐ կենացը: Հոգեբաններին միանգամից հորդորում ենք նրա վարքագծում նարցիսիզմի ախտանիշներ չփնտրել, քանի որ նա առաջարկում է խմել իր` ոչ թե` որպես Տիգրան Սարգսյանի, այլ իր` որպես Հայաստանի ամենալավ վարչապետի կենացը: Առաջ, «Հայկական աշխարհ»: