Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, նախօրեին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանում` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, ասել է, որ շարունակվող հակամարտությունը սպառնում է միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը: Հակամարտության արդյունքում, Ալիեւի խոսքերով, Ադրբեջանը զրկվել է իր տարածքի մեկ հինգերորդից, իսկ 9 բնակիչներից 1-ը դարձել է ներքին տեղահանված կամ փախստական: «Հակամարտության կարգավորումը նախատեսում է բոլոր հայկական ուժերի դուրսբերում օկուպացված տարածքներից որոշակի ժամանակահատվածում, բոլոր հաղորդակցությունների վերականգնում, բոլոր փախստականների վերադարձ իրենց հարազատ քաղաքներն ու գյուղերը, անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում՝ խաղաղարար ուժերի տեղակայում, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները բարի կամքի ոգով Ադրբեջանական Հանրապետության կազմում Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տալու համար»,- ասել է Ալիեւը: Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ներկա փուլին` Ալիեւը նկատել է, որ «Ադրբեջանն ընդունել է 2009թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, սակայն, ցավոք, Հայաստանը պատասխան չի տվել համանախագահների առաջարկին»: Նաեւ հավելել է, թե «միջազգայնորեն ճանաչված փաստ է այն, որ Հայաստանն է պատասխանատվություն կրում Ադրբեջանի տարածքները գրավելու եւ հակամարտության ընթացքում հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ էթնիկ զտումների միջոցով գրավված տարածքներում մոնոէթնիկ մշակույթ ստեղծելու համար»: Ըստ Ալիեւի` «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունած 4 բանաձեւերով ամբողջությամբ եւ անվերապահորեն աջակցություն է հայտնել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանից պահանջել է դուրս հանել զորքը գրավված բոլոր տարածքներից»: Նրա հավաստմամբ` ՄԱԿ-ից զատ, նմանօրինակ դիրքորոշում են ցուցաբերել ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, Իսլամական համագումարի կազմակերպությունը: Նույն օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Անդրադառնալով Հարավային Կովկասին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նա ընդգծել է խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: «Կովկասի հարցում մենք հավատարիմ ենք մնում ջանքեր գործադրելուն` համընդհանուր ու կայուն խաղաղություն գտնելու տարածաշրջանում` հարգելով տարածքային ամբողջականության սկզբունքը: Վերջին տարիներին մենք բոլորս ականատես դարձանք, թե ինչպես «սառեցված հակամարտությունները» կարող են հեշտությամբ վերածվել ակտիվ բախումների տարածաշրջանում»,- ասել է Թուրքիայի նախագահը` այս համատեքստում, մասնավորապես, նշելով, որ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը:
Ի դեպ, երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը շտապել է պատասխանել Ալիեւին` ասելով. «Դա նրանից է, որ Ալիեւը հաճախ է հալվա ասում, բայց բերանը չի քաղցրանում: Իզուր է Ալիեւը Ղարաբաղի մասին խոսում տարբեր ամբիոններից, ԼՂՀ-ն երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Որքան շուտ հասկանա, այնքան ավելի լավ՝ իր համար»: Մեկնաբանելով Ալիեւի հայտարարությունը, թե միջազգային հանրությունն աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում, Մելիքյանը նշել է, թե Բաքուն խճճվել է իր հայացքների եւ հայտարարությունների մեջ: «Դեռ մեկ ամիս առաջ, երբ ստորագրվեց Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագիրը, Ադրբեջանի տարատեսակ բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես` այդ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը մեղադրում էին ԱՄՆ-ին, Ռուսաստանին, անգամ միջազգային ողջ հանրությանը ղարաբաղյան հարցում հայկական կողմին միակողմանի աջակցելու մեջ»,- news.am-ին ասել է Մելիքյանը: