ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նախօրեին կայացած ասուլիսում հայտարարել էր, թե «կառավարության հակաճգնաժամային ծրագիրը գործի մեջ է եւ տալիս է իր էական արդյունքները»:
Առաջին հայացքից թվում է, թե տարօրինակ ոչինչ չկա: Անկախ իրականությունից` արդյունքներ կա՞ն, թե՞ ոչ, Վ.Այվազյանը հենց այդպես էլ պետք է ասեր, որովհետեւ նա իշխանական մեծամասնության ներկայացուցիչ է: Այն մեծամասնության, որի կազմում է նաեւ կառավարության ղեկավար, հակաճգնաժամային ծրագրի հեղինակ Տիգրան Սարգսյանը: Սակայն, երբ կառավարության գործունեությունը, կրկնում ենք՝ անկախ արդյունքներից, գովերգում է Վ. Այվազյանի մեկ այլ գործընկերը, ասենք՝ Գագիկ Մինասյանը, զարմանալի ոչինչ չի լինում: Բայց Վ.Այվազյանի այս հայտարարությունը ուշադրության է արժանի այն առումով, որ ընդամենը կես տարի առաջ նա համարձակություն էր ունեցել քննադատել ճգնաժամային իրավիճակում գտնվող նույն կառավարության գործունեությունը: Ավելի ճիշտ, պատգամավորը պաշտպանել էր կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի քննադատությունն՝ ուղղված էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին: Իսկ այդ պարագայում գրեթե նույնն էր, թե քննադատությունն ուղղված է Տ. Սարգսյանին: Հիշեցնենք, որ գարնանը Ն. Երիցյանը հայտարարել էր, թե «ճգնաժամն ավարտվել է»: Գ. Ծառուկյանն էլ հակադարձել էր` ասելով. «Նախարարն իր տեղում չէ, չի տիրապետում ոչ էկոնոմիկային, ոչ էլ տնտեսական վիճակին»:
Վ. Այվազյանը պաշտպանել էր իր կուսակցի հասցեին արված այս հայտարարությունն ու անմիջապես ստացել «արժանի» պատիժը: ՀՀԿ-ն կուսակցության գործադիր մարմնի նիստում խիստ նկատողության էր արժանացրել պատգամավորին: Ընդ որում, այդ նկատողությանը համարձակվել էր դեմ արտահայտվել ու նաեւ դեմ քվեարկել միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նկատողություն ստանալուց հետո Վ. Այվազյանը հայտնվել էր բավական ծանր վիճակում: Կարճ ժամանակ անց Վերահսկիչ պալատը հայտարարեց, թե Բնապահպանության նախարարությունում խոշոր չարաշահումներ են տեղի ունեցել: Հիդրոլոգիական նավ ձեռք բերելու համար կառավարությունը նախարարությանը հատկացրել էր 153 մլն դրամ, բայց ձեռք էր բերվել պահանջված չափանիշներին չհամապատասխանող նավ` 79,9 մլն դրամով: Գումարի մյուս մասի ճակատագիրը հայտնի չէր: Այդ գործարքը տեղի էր ունեցել այն տարիներին, երբ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր հենց Վ. Այվազյանը: Հիշեցնենք նաեւ, որ Գ. Ծառուկյանի ու Վ. Այվազյանի հայտարարությունները հնչել էին այն ժամանակ, երբ նոր էին թափ ստանում նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Ծառուկյանի միջեւ առկա հակասությունների մասին խոսակցությունները: Վ. Այվազյանը, մի շարք այլ նախկին նախարարների հետ միասին, այն ժամանակ համարվում էր Հ. Աբրահամյանի թիմի ներկայացուցիչներից մեկը: Իսկ այդ ժամանակ Հ. Աբրահամյան-Գ. Ծառուկյան տանդեմն իրեն բավականին ուժեղ էր զգում: Իշխանությունների կողմից պատժվելուց հետո պատգամավորը հասկացել է, որ սխալ է վարվել, որ Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ թեկուզ ճգնաժամի նման անկանխատեսելի իրավիճակներում գործընկերոջ նկատմամբ քննադատական խոսքը կարող է հանդուրժվել: Եվ պարզ է, որ այդքանից հետ Վ. Այվազյանը պետք է հայտարարեր, թե «կառավարության հակաճգնաժամային ծրագիրն արդյունք է տվել»: Ի՞նչ արդյունք է տվել. երեկ փորձեցինք պարզել Վ.Այվազյանից: «Համենայնդեպս՝ տնտեսական աճի համապատասխան ցուցանիշ, տնտեսության դիվերսիֆիկացիա»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց պատգամավորը:
Իսկ ո՞ր ոլորտում է նկատել այդ դիվերսիֆիկացիան ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը: «Համենայնդեպս՝ այդ ոլորտներից նաեւ մյուս բոլոր ոլորտների վրա ներդրումների ավելացում, ներմուծման ծավալների նկատմամբ 2 անգամ արտահանման աճը ֆինանսական ավելի է, քան ներմուծման ծավալները»,- պատասխանեց պատգամավորը:
Վ.Այվազյանի խոսքը ներկայացնում ենք առանց խմբագրումների, որպեսզի թյուրընկալման առիթ չտանք եւ փորձենք պաշտոնական տվյալներից ճշտել, թե արդյո՞ք նման տարբերություն է գրանցվել: Ազգային վիճակագրական ծառայության այս երկու տարիների տվյալների համեմատության մեջ աճի նման տեմպ չհայտնաբերեցինք: Ուստի ներկայացնենք ընդամենը մի ցուցանիշ: 2009թ. հունվար-հուլիսի նկատմամբ արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 26,5 տոկոսով: Ընդ որում, արտահանումը աճել է 43,3 տոկոսով, ներմուծումը՝ 22,8 տոկոսով: Բացարձակ թվերով՝ 2009-ի առաջին 7 ամիսներին ներմուծվել է 1,6 մլրդ դոլարի ապրանք, արտահանվել է ընդամենը 352 մլն-ի արտադրանք: Այս տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել է 2 մլրդ դոլարի ապրանք, արտահանվել է 0,5 մլրդ-ի արտադրանք: Հավանաբար, պրն Այվազյանն աճել ասելով՝ հենց այս թիվը նկատի ուներ: Սակայն այս աճ կոչվածի դեպքում կարեւոր է, թե որքանով է նվազել արտահանման ու ներմուծման միջեւ բացասական հաշվեկշիռը: Այդ ցուցանիշն անցած տարվա նույն ժամանակահատվածում եղել է 1,3 մլրդ դոլար, իսկ այս տարվա հունվար-հուլիսին աճել է մինչեւ 1,5 մլրդ դոլարի: Այնպես որ, այս պայմաններում խոսել այն մասին, որ կառավարության հակաճգնաժամային ծրագիրն արդյունք է տվել, առնվազն անհիմն է: Վստահաբար կարելի է ասել, որ Վ. Այվազյանը լավ է գիտակցում, թե որքան արդյունք է տվել, կամ ավելի ճիշտ` չի տվել կառավարության հակաճգնաժամային ծրագիրն իրականում: Պարզապես պատգամավորն այլեւս հասկացել է, որ իշխանությունների տեսակետին պետք չէ հակադարձել, որքան էլ որ այդ հակադարձումը հիմնավորված լինի: Երեկ պարոն Այվազյանին նաեւ հարցրեցինք, թե իսկապե՞ս իր ու Գ. Ծառուկյանի հայտարարությունից հետո մեր երկրի տնտեսության մեջ էական այնպիսի տեղաշարժ է եղել, որ արդեն կարելի է դրական արդյունքների մասին խոսել: «Ես ասել եմ, որ Գ. Ծառուկյանն արտահայտել է իր տեսակետը, իմ տեսակետը տվյալ պարագայում ըստ արժանվույնս գնահատել է՝ ըստ կատարված քայլերի: Հիմա տեսնում եմ կատարված քայլերը եւ կատարում եմ իմ հետեւությունը: Տեսակետը փոխելու հետ կապված՝ կթողնեմ ձեր մեկնաբանությանը»,- պատասխանեց պատգամավորը:
Քանի որ քաղաքական կուլիսներում որոշակի խմորումներ են ընթանում Ս. Սարգսյանի եւ Հ. Աբրահամյան-Գ. Ծառուկյան տանդեմի շուրջ, ապա ՀՀԿ խմբակցության մեջ նրանց կողմնակից պատգամավորները, այդ թվում եւ՝ Վ. Այվազյանը, փորձում են հենարաններ փնտրել Սերժ Սարգսյանի թիմում, որպեսզի առաջիկա ընտրություններից հետո քաղաքական դաշտում տեղ ունենան: Հաջորդ կառավարությունում ու ԱԺ-ում տեղ ունենալու համար այս բոլոր գործիչները պետք է անվերապահորեն գովերգեն Տ.Սարգսյանի ու Ն. Երիցյանի հակաճգնաժամային ու վիրտուալ ծրագրերը, անկախ այն հանգամանքից, թե ներմուծումը քանի անգամ կգերազանցի արտահանմանը: Կամ հակառակը: