Ակտիվ, իրատեսական ու շրջահայաց

25/09/2010

Երեկ Կովկասյան ինստիտուտում հրավիրված կլոր սեղանի ժամանակ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, տարածաշրջանային քաղաքականության եւ անվտանգության փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարել է, թե «ռուսական քաղաքականությունը ներկայում տարածաշրջանում զբաղված է ամերիկյան քաղաքականության բացակայությամբ»: Ըստ նրա` այսօր Ռուսաստանը տարածաշրջանում ակտիվ է, ինչի պատճառը նաեւ հին մրցակիցների նահանջն է տարածաշրջանից: Իսկ ամերիկյան քաղաքականությունն, ըստ փորձագետի, այսօր Հարավային Կովկասում այլ գերակայություններ ունի: Երեկ Ռ. Կիրակոսյանը հրապարակել է իր` «Ռուսաստանի քաղաքականության նոր միտումները Կովկասում. սպառնալիքներն ու հնարավորությունները տարածաշրջանի համար» թեմայով զեկույցը, որին, ի դեպ, ներկա է եղել նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Ռուսական քաղաքականությունը, Ռ. Կիրակոսյանի դիտարկմամբ, այսօր ավելի շրջահայաց եւ իրատեսական է, ինչի լավագույն օրինակը Ղրղըզստանի դեպքերն են, որոնց ընթացքում, ըստ փորձագետի` Ռուսաստանը նախընտրեց ռիսկի չդիմել եւ չմիջամտել: «Հարմարավետության ձգտող ռուսական այսօրվա քաղաքականությունը տարածաշրջանում հիմնված է Արեւմուտքի հետ համագործակցության վրա, ինչի վառ ապացույցը Իրանին սպառազինություններ չվաճառելու նրա վերջին որոշումն էր»,- ասել է նա: Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգման մասին պայմանագրի կնքմանը՝ Ռ. Կիրակոսյանն ասել է, թե այն ՀՀ կառավարության սխալի հետեւանք էր։ «Ես դրական եմ վերաբերվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությանը, որովհետեւ Ռուսաստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որը բխում է իր շահերից: Ես Հայաստանի տեսակետից եմ քննադատաբար վերաբերվում, որովհետեւ ռուսական ռազմաբազաների մասին այդ պայմանագիրը ՀՀ կառավարության սխալի, ռազմավարական տեսլականի բացակայության հետեւանք էր»,- ասել է Ռ. Կիրակոսյանը: