Մարզպետներն իրենց թագավոր են զգում

25/09/2010

ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին մարզային դպրոցներից կրկին ահազանգել են, որ մարզպետները չարաշահում են իրենց պաշտոնական լիազորությունները` պարտադրելով դպրոցների տնօրեններին՝ աշխատանքի ընդունել իրենց ուղարկած մարդկանց՝ ուսուցիչներից մինչեւ հավաքարարներ: Երեկ Ա. Բախշյանը ԶԼՄ-ներին «Հայաստանում մարզպետներն իրենց թագավոր են զգում» վերնագրով հաղորդագրություն է ուղարկել: «Ի գիտություն մարզպետների եւ բոլոր նրանց, ովքեր իրենց միջամտություններով խանգարում են դպրոցների տնօրեններին կադրերի ընտրության հարցում` պատգամավորը հայտնում է, որ շուտով պատրաստ է լինելու ուսուցչի թափուր տեղի համար ուսուցիչների ընտրության կարգը, եւ տնօրենները պետք է առաջնորդվեն այդ կարգով: Չնայած տարիներ շարունակ դպրոցի ինքնավարությունն ու ինքնակառավարումը կրթական բարեփոխումների նպատակն է եղել, որը սահմանվել է նաեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով եւ կրթության պետական ծրագրերով, սակայն իշխանությունների կողմից քաղաքական կամքի բացակայության եւ մարզպետների անթաքույց դժկամության պատճառով արգելակվում է խորհուրդների միջոցով ինքնավարության իրականացումը եւ դպրոցների ինքնակառավարումը, որովհետեւ դպրոցի կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը, հակառակ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, դպրոցի կանոնադրությամբ վերապահված է մարզպետին: Արդյունքում՝ կախվածության մեջ գտնվելով մարզպետներից` սահմանափակվում է դպրոցների տնօրենների ինքնուրույնությունը, որը չի կարող նպաստել նրանց նախաձեռնող գործունեությանը»,- նշված է պատգամավորի հաղորդագրությունում։