Ովքեր են հավակնորդները

25/09/2010

«Բարգավաճ Հայաստան» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունների միջեւ տարաձայնություններ չկան, կա պայքար, կա աշխատանք, քաղաքական դաշտում իրենց դիրքերն ուժեղացնելու ձգտում»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` մեկնաբանելով ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ առկա տարաձայնությունների մասին լուրերը: Նա քաղաքական ուժերին կոչ է արել ԲՀԿ-ին վերաբերող իրենց արտահայտությունների մեջ լինել կոռեկտ եւ զուսպ։ «Մենք մեր հերթին կոռեկտ ենք այլ քաղաքական ուժերի նկատմամբ: Այլ քաղաքական ուժերի դեմ ոչ կոռեկտ հայտարարություններով հանդես եկողները ցույց են տալիս իրենց թուլությունը»,- ասել է Գ. Ծառուկյանը: Հիշեցնենք, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել էր, թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ տարաձայնություններ չկան, եւ, որ ցանկության դեպքում ՀՀԿ-ն կարող է թուլացնել ԲՀԿ-ին, ինչը, սակայն, չի անում: ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն էլ news.am-ին ասել է, թե իրեն զարմացնում է Ռ. Զոհրաբյանի խոսքերի վերաբերյալ ԲՀԿ-ականների նման արձագանքը. «Չեմ հասկանում, թե ինչն է այսպես ազդել ԲՀԿ ներկայացուցիչների վրա: Ռ. Զոհրաբյանը մեկ անգամ եւս ասել է, որ կոալիցիայի շարքերում տարաձայնություններ չկան, եւ որ ամենաուժեղ քաղաքական ուժը՝ Հանրապետականը, չի ուզում թուլացնել իր կոալիցիոն գործընկերոջը»: Ի դեպ, անդրադառնալով ԱԺ փոխնախագահի թափուր պաշտոնի հավակնորդներին, Գ. Ծառուկյանն ասել է, որ նրանք չորսն են` Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սաֆարյանը, Վարդան Բոստանջյանն ու Սամվել Բալասանյանը: Սակայն այն, թե վերոնշյալ հավակնորդներից ով կզբաղեցնի այդ պաշտոնը, Գ. Ծառուկյանը դեռեւս չի ասել` վստահեցնելով, որ թեկնածուի անունը հայտնի կդառնա առաջիկա շաբաթ: