Եթե չլիներ «եթե» բառը

25/09/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե վաղվանից մեր ֆուտբոլի հավաքականն ու կառավարությունը տեղերով փոխվեն։ Այսինքն՝ ՀՀ ներկայիս կառավարությունը իր ներկայիս կազմով ֆուտբոլ խաղա, իսկ ֆուտբոլիստները սկսեն զբաղվել պետական գործերով։

Զուտ ֆուտբոլի տեսանկյունից՝ ողբերգություն դժվար թե լինի. կշարունակենք պարտվել, ինչպես նախկինում։ Միգուցե պարտություններն ավելի խոշոր հաշվով լինեն (ներկայիս 1-0, 2-0-ի փոխարեն՝ 6-0, 7-0), բայց պարտությունը մնում է պարտություն։ Իսկ ի՞նչ կլինի երկրի տնտեսական վիճակի տեսանկյունից։ Շատ վատ։ Ճիշտ է՝ մեր տնտեսապես ակտիվ բնակչությունը կառավարության հետ առանձնապես մեծ հույսեր չի կապում, սակայն որոշ ֆորմալ գործառույթներ կառավարությունն ամեն դեպքում կատարում է. հարկեր է հավաքում, թոշակ-մոշակ է բաժանում, բանակցում է, վարկեր է հայթայթում եւ այլն։ Մեր ֆուտբոլիստները՝ իրենց գիտելիքներով, չէին կարող այս ամենով զբաղվել, էլ չենք խոսում առավել բարդ բաների՝ ասենք, «Հայկական աշխարհի», կամ «Աշխարհի քաղաքի» մասին։ Դրանք ընկալելու համար փիլիսոփայական մտածելակերպ է պետք։ Ու հենց այն պատճառով, որ ֆուտբոլիստները ֆուտբոլ են խաղում, նախարարներն էլ նախարարություն են անում, պետք է շատ լավ զգանք մեզ ու շնորհակալություն հայտնենք կառավարությանը։

Եթե այս փաստարկը ձեզ համոզիչ չի թվում, ու դուք շարունակում եք պնդել, որ կառավարությունը վատ է աշխատում, ու տնտեսության վիճակն էլ սրանից ավելի վատ լինել չի կարող, տեղեկացնենք, որ վերը նշված «եթե»-ի տրամաբանության հեղինակը ոչ թե մենք ենք, այլ իշխող կուսակցության ղեկավարները։ Սակայն ամեն ինչ` հերթով։

Նկարում հոծ գծով պատկերված է այս տարվա տնտեսական աճի դինամիկան (թե ինչ է ցույց տալիս կետագիծը, կասենք քիչ հետո)։ Ինչպես տեսնում եք՝ 14.2% անկումից հետո մեր տնտեսությունն այս տարվա սկզբից կարծես սկսեց կենդանության նշաններ ցույց տալ։ ՀՆԱ-ի աճը սկզբում կազմում էր 2.2%, հետո աճի տեմպը գնալով մեծացավ եւ հունվար-մայիսին գերազանցեց 8%-ը։ Կարծում ենք, կարիք չկա հիշեցնելու, թե աճի տեմպի արագացմանը զուգահեռ՝ որքան լավատեսական էին դառնում մեր իշխանավորների տեսակետները, որքան հպարտ ու ինքնավստահ էր դառնում նրանց դեմքի արտահայտությունը՝ տնտեսության մասին խոսելիս։ Արդեն խոսում էին ճգնաժամը պատվով հաղթահարելու, երկնիշ աճին վերադառնալու հնարավորության եւ հարկման բազան վերանայելու (իհարկե՝ աճի ուղղությամբ) անհրաժեշտության մասին։

Հետո ՀՆԱ-ի աճի տեմպը սկսեց աստիճանաբար նվազել՝ 6.7%, 4%, հիմա էլ՝ 3.1%։ ՀՆԱ-ն աճել է ընդամենը 3.1 տոկոսով, շինարարությունը նվազել է 2.4 տոկոսով, իսկ գյուղատնտեսության վիճակը պարզապես ողբերգական է՝ 18 տոկոս անկում։ Պատկերն ավելի տխուր է դառնում, երբ հիշում ենք, որ այս ցուցանիշները բերված են ճգնաժամային տարվա հետ համեմատության մեջ։

Եթե ոմանք կարծում էին, որ իշխանական գործիչները գոնե համեստաբար կլռեն եւ չեն շարունակի գովաբանել իրենց հանճարեղ հակաճգնաժամային քաղաքականությունը, նրանք չարաչար սխալվեցին։ Մերոնք դեռ շարունակում են հիանալ դրանով եւ մեզ էլ համոզում են նույնն անել։ Այսինքն, մեր իշխանությունների ոգեւորությունը սեփական գործունեությամբ ամենեւին կախված չէ կոնկրետ արդյունքներից եւ մարելու միտում չունի։ Նկարում կետագծով փորձել ենք մաթեմատիկական տեսք տալ այդ ոգեւորությանը (իհարկե, սուբյեկտիվ գնահատականների հիման վրա)։

«Կառավարության հակաճգնաժամային ծրագիրը գործողության մեջ է եւ տալիս է իր ռեալ արդյունքները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ ավելացնելով, որ եթե կառավարությունը հակաճգնաժամային միջոցառումներ չիրականացներ, վիճակն ավելի վատ կլիներ։

Մեր գործընկերներից մեկը շատ դիպուկ բնութագրում է տվել այս դիրքորոշմանը՝ ունիվերսալ արդարացման մեխանիզմ։ Ընդ որում, բանախոսներն այդ մեխանիզմը նույն ասուլիսի ընթացքում մեկ անգամ չէ որ օգտագործել են։ Օրինակ՝ սահմանված ցուցանիշը մի քանի տոկոսով գերազանցող գնաճի մասին խոսելիս՝ Գ. Մինասյանն ասել է. «ԿԲ-ն ողջ տարվա ընթացքում տոկոսադրույքի նվազեցման ճանապահով փորձել է զսպել գնաճը եւ, եթե այդ քայլին չգնար, ապա գնաճի ցուցանիշը կարող էր ավելի մեծ լինել: Համապատասխան քայլեր է իրականացնում նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Մի բան ակնհայտ է, որ տարվա ընթացքում էական քայլեր են կատարվել գնաճի բարձր մակարդակը նվազեցնելու ուղղությամբ, եւ այդ քայլերը դեռ կշարունակվեն»: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ ավելացրել է, որ գնաճի ցուցանիշի վրա ազդում են նաեւ արտաքին գործոնները: «Ոչ ոք չէր կանխատեսում, որ Ռուսաստանի կամ Ուկրաինայի նման երկիրը կարգելափակեր ցորենի վաճառքը, ինչը միջազգային շուկայում կհանգեցներ գների կտրուկ աճի, եւ մեր երկրի վրա դա անշուշտ իր ազդեցությունը պետք է ունենար»,- ասել է նա։ Այս ամենը լսելիս, ինչպես Արտաշես Գեղամյանն էր սիրում ասել, ակամայից հիշում ես «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի դրվագը, երբ սարի գխին հերոսները դատ են բեմադրում.

– Քաղաքացի Ռեւազ Անտոնյան, դուք համոզվա՞ծ եք, որ եթե դեպքին վրա չհասնեիք, նրանք կվճարեին ձեր ոչխարների համար։

– Եթե չհասնեի՞։ Միգուցե վճարեին… միգուցե եւ չվճարեին… Եթե… Եթե Հիտլերը փոքր ժամանակ քարից ընկներ…

Ահա այսպես, մերոնք լրագրողների հիպոթետիկ հարցերին, որպես կանոն, չեն պատասխանում, սակայն սեփական նախաձեռնությամբ մեծ հաճույքով օգտագործում են «եթե, ապա» մեխանիզմը, քանի որ հակառակն ապացուցել հնարավոր չէ. ժամանակի մեքենա դեռ գոյություն չունի ասվածը ստուգելու համար։

Ավելացնենք, որ «եթե»-ների մեխանիզմը, թերեւս, ամենաընկալելին է մեր իշխանավորների զինանոցում։ Առավել վիրավորական է, երբ տհաճ հարցերի դեպքում նրանք «չորով» հերքում են ակնհայտ ճշմարտություններն ու մինչեւ վերջ պնդում իրենց ասածը։ Օրինակ, խոսելով աշխատավարձի մասին, բանախոսներից մեկն այսպիսի հայտարարություն է արել. «Ես համաձայն չեմ, որ միջին աշխատավարձի մեր ցուցանիշներն ավելի ցածր են, քան տարածաշրջանի մյուս երկրներում»։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այսօր Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է 105,6 հազար դրամ (շուրջ 280 դոլար)։ Ինչպես գրում է news.am-ը՝ Վրաստանում միջին աշխատավարձը 572,7 լարի է (մոտ 318 դոլար), Ադրբեջանում` 317,4 մանաթ (396 դոլար), Ռուսաստանում ՝ 15.200 ռուբլի (մոտ 490 դոլար)։ Փաստորեն, կամ մեր երկիրը գտնվում է աֆրիկյան տարածաշրջանում, կամ էլ՝ 280-ը մեծ է 318-ից: Այնպես որ` մեր ֆուտբոլիստներն էլ բոլոր նախադրյալներն ունեն կառավարության հետ տեղերով փոխվելու համար։