Սեպտեմբերի 23-ին, ժամը 14:00-ի սահմաններում, NEWS.am-ն ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ ինչ-որ մարդիկ Կոմիտասի անվան պանթեոնում ծառահատումներ են իրականացնում: Կայքի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես էին մի քանի մարդիկ բեռնատար ավտոմեքենան բարձում արդեն կտրտված հաստաբուն առողջ ծառերը: Նրանք պատճառաբանում էին, թե իրենք կատարում են սանիտարական էտումներ: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են սանիտարական էտման տակ հատվում նաեւ առողջ հաստաբուն ծառեր, Շենգավիթի վարչական շրջանի կանաչապատման պետ ներկայացած Վահրամ Մխիթարյանը պատասխանել է, թե իրենք ոչ մի ծառ էլ չեն հատել, այլ մեկ փտած ծառ են կտրել, այնինչ լուսանկարներն այլ բան են ասում: Իսկ ո՞ւմ գիտությամբ են այդ աշխատանքները կատարվում։ Մխիթարյանն ասել է, որ իրենք դա կատարում են Հայ օգնության միության (ՀՕՄ) պատվերով եւ քաղաքապետի որոշմամբ, որտեղ ՀՕՄ-ն իր 100-ամյակի առթիվ տեղադրելու է ցայտաղբյուր եւ տնկելու է 100 ծառ: Ավելի ուշ Պանթեոնում նկարահանումներ կատարող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին է զանգահարել ՀՕՄ-ի ատենապետուհի Ալվարդ Պետրոսյանն ու ասել. «Էդտեղ ոչ մի ծառ էլ չի հատվել, ինձ անգամ ասել են, որ եթե հատվի էլ, ընդամենը մեկ ծառի մասին է խոսքը, այն էլ, եթե այն խանգարի ՀՕՄ-ի 100-ամյակի առթիվ տեղադրվող ցայտաղբյուրին: Խնդրում եմ՝ մի քանի օր սպասեք եւ կտեսնեք, թե ինչ գեղեցիկ պուրակ ենք սարքելու»: Նա նաեւ հավելել է, որ ցայտաղբյուրն արժենալու է 25.000 դոլար: