Օբյեկտներ` ինստիտուտի փոխարեն

16/10/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեւանի քաղաքապետարանը` բնակելի շենքերի բակերը քիչ համարելով՝ արդեն անցել է գիտական ինստիտուտների բակերի վաճառքին, որոնք, անկեղծ ասած, ավելի յուղոտ պատառներ են: Այդ ինստիտուտները գտնվում են քաղաքի լավ հատվածներում եւ ունեն շատ ավելի մեծ կանաչապատ բակեր:

Այս անգամ քաղաքապետարանի սեփականատիրական նկրտումների ցայտուն դրսեւորումներից էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի (ԸԱՔ) ինստիտուտին պատկանող բակային տարածքների վաճառքն` առանց ինստիտուտի ղեկավարությանը տեղյակ պահելու: Մինչդեռ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի համաձայն, պետական նշանակության հողերը հնարավոր է օտարել միայն հողամասերի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը սահմանված կարգով դադարացնելուց հետո: Պարզ է, որ այս դեպքում դա չի արվել: Եվ քաղաքապետարանն այդ հողակտորները վաճառել է իբր թե աճուրդով ու ջրի գնով: Առաջին աճուրդի ժամանակ վաճառել է 5800 քմ-ն, որի վրա արդեն կառուցվել են 3 ավարտված եւ 1 անավարտ շինություններ: Շինություններից մեկը գտնվում է անմիջապես Գրիբոյեդովի փողոցի վրա եւ հյուրանոցային համալիր է, երկրորդը դեռ անավարտ է: Մյուս երկուսը փողոցից մի փոքր հեռու են, ինստիտուտի վարչական շենքերին շատ մոտ, եւ աշխատակիցների կարծիքով` դրանք նույնպես «օբյեկտներ» են: Այդ 4 շինությունները ԸԱՔ ինստիտուտից եւ շրջապատից «պաշտպանված» են 3-4 մ բարձրության տուֆե պարսպով: Այս տարածքը 2003թ. ձմռանը, նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարության ժամանակ է աճուրդի դրվել: Արդյունքները 2003թ. օգոստոսի 6-ի 1499-Ա որոշմամբ հաստատել է արդեն Երվանդ Զախարյանը: Նույն թվականին՝ արդեն Ե. Զախարյանի օրոք, 3 քաղաքացիների վաճառվել է բակի մնացած մասը. 800 քմ-ն գնել է ոմն Սուրեն Մկրտչյան, 400 քմ-ն՝ Իվետա Դավթյանը, իսկ 3000 քմ-ն էլ գնել է Արմեն Գեւորգյանը: Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` Ա. Գեւորգյանն իր 3000 քմ-ն գնել է ընդամենը 3,4 մլն դրամով: 26.12.03թ. Երվանդ Զախարյանին ուղղված եզրակացության մեջ Կադաստրի պետական կոմիտեի պետ Մանուկ Վարդանյանը նշել է, որ «Աճուրդներն ըստ էության կրել են ձեւական բնույթ, եւ աճուրդի ընթացքում ձեւավորված գինն ամենեւին չի համապատասխանում հողամասերի շուկայական արժեքին, ավելին, Ա. Գեւորգյանի 3000 քմ հողամասից 500 քմ-ն օգոստոսին վաճառվել է 8 մլն դրամով»: Վաճառվել է նաեւ մնացած 2500 քմ-ն, իհարկե, ոչ պակաս գնով: Այդ ամբողջ հողակտորը նրան բերել է մոտ 40 մլն դրամի շահույթ: Ինչ խոսք, դժվար է հավատալ, որ Ա. Դավթյանն ընդամենը 3,4 մլն դրամ է վճարել այդ մեծ կտորի համար:

Իսկ վաճառված հողերի սեփականատերերն արդեն կառուցապատումներ կատարելու որոշ փորձեր ձեռնարկել են. այրել են այդ տարածքի չորացած խոտը, վերամբարձ կռունկ են բերել եւ փորձել պարիսպը քանդել: Ինստիտուտի աշխատակիցները հավաքվել եւ դուրս են արել իրենց ասելով` «այդ բռնազավթողներին», բայց դա դեռ հարցի լուծում չէ: Իսկ հարցի լուծման համար տնօրինությունը դիմել է վարչապետին եւ այլ պատկան մարմինների, մի քանի անգամ դատի է տվել քաղաքապետարանին: Երեք ատյանների դատարաններում էլ վճիռը կայացվել է քաղաքապետարանի օգտին: Ի դեպ, 2002թ. աշնանը կառավարության որոշմամբ` Կադաստրի աշխատակիցներն ինստիտուտի տարածքում անվճար չափագրումներ են անցկացրել, որին էլ հետեւել է այս ամբողջ պատմությունը: Ու տպավորություն է ստեղծվում, որ այս չափագրումները կատարել են, որպեսզի ճշտեն, թե վաճառքի ենթակա որքա՞ն տարածք կա: Ճշտել են միայն մակերեսի չափը, այլ փորձաքննություն չեն անցկացրել: Մինչդեռ 3000 քմ հողակտորի միջով է անցնում բարձր ճնշման Դ 729 մմ տրամաչափի ստորգետնյա գազատարը: Իսկ «Գազաբաշխիչ համակարգերի» եւ գազի տնտեսության անվտանգության կանոնների համաձայն` շենքերի հիմքերը այդ գազատարից պետք է հեռու լինեն 7 մետրից ոչ պակաս: Այդ նույն տարածքով է անցնում նաեւ ԸԱՔ ինստիտուտի ջրատարը, կոյուղին ու գազատար ամբողջ ցանցը: Այսինքն` նոր սեփականատերերն իրենց օբյեկտները կամ բնակարանները կառուցելու են անմիջապես կոմունիկացիոն այս համակարգի վրա: Ու որեւէ երաշխիք չկա, որ շինարարության ժամանակ չի պայթի, ասենք, բարձր ճնշման գազատարը՝ պայթեցնելով նաեւ իր վրա գտնվող շինությունները, բնականաբար, վնասելով նաեւ ինստիտուտին: Պաշտպանված չի լինի նաեւ կոմունիկացիոն ցանցը, որի ոչնչացումն, ինստիտուտի տնօրեն Ս. Դավթյանի ասելով՝ հավասարազոր է հենց ինստիտուտի ոչնչացմանը:

Ընդհանուր անօրգանական քիմիայի ինստիտուտը զբավում է Հայաստանի ընդերքով: Իսկ Հայաստանի ընդերքի հարստության լավագույն մասն այսօր հոշոտվում է մեր օլիգարխների եւ օտար սեփականատերերի կողմից: Այս պայմաններում մեր պետական այրերի համար ԸԱՔ ինստիտուտի գոյությունը հավանաբար ավելորդ է թվում, դրա համար էլ գիտական այդ հիմնարկի ոչնչացումը նրանց ցավ չի պատճառում: Իսկ այդ ինստիտուտում այսօր նաեւ բարձր տեխնոլոգիաներ՝ նանոտեխնոլոգիաներ են մշակվում:

«Հայաստանում կան սերպենտին տեսակի հանքաքարեր, որոնք պարունակում են երկաթի օքսիդներ,- ասում է տնօրեն Ս. Դավթյանը: -Եթե մենք այդ օքսիդները ստանանք այլ՝ փոքր չափսերով, դրանց արժեքը կտրուկ կբարձրանա եւ մեծ կիրառում կունենա, պահանջարկ կունենա եւ՛ Հայաստանում, եւ՛ դրսում: Մենք այդ օքսիդներն այստեղ արդեն ստանում ենք: Կամ, եթե ալյումինի օքսիդի չափերն իջեցնենք նանոչափսերի, տեխնոլոգիայի մեջ հսկայական էներգետիկ եւ ֆինանսական շահումներ կունենանք: Դրանք կիրառվում են տեխնիկական նշանակության սապֆիրներ ստանալու համար: Մենք այդպիսի երկու գործարաններ ունենք: Իսկ մենք արդեն այն վիճակում ենք, որ կարող ենք առաջարկություններ անել: Ու փոխանակ ես մտածեմ գիտությունը զարգացնելու եւ կիրառելու մասին, ամբողջ ժամանակս ծախսում եմ կռիվների վրա: Ես հոգնել եմ այս պայքարից ու արդեն մտածում եմ նորից Ռուսաստան վերադառնալու մասին: Այս տարիների ընթացքում ես հասկացա, որ մեզ գիտություն պետք չէ: Տեսեք, հունվարից Ռուսաստանի գիտական աշխատողի միջին աշխատավարձը դառնալու է մոտ 1000 դոլար, իսկ մեզ մոտ ընդամենը 22.000 դրամ է: Նույնիսկ այս պայմաններում չեն թողնում հանգիստ աշխատես, անընդհատ ինչ-որ պրոբլեմներ են ստեղծում»:

Փորձեցինք ճշտել, թե գիտությունից խլած տարածքներն ովքե՞ր եւ ինչի՞ համար են օգտագործում: Ինստիտուտի աշխատակիցների կարծիքով` դեռ 2003 թվին իրենցից «խլած» տարածքների վրա կառուցած 3 շինությունները պատկանում են նույն մարդուն: Շինություններից առաջինը հյուրանոց-ռեստորան էր, ներսում երկու տղամարդ ներկայացան որպես սեփականատերեր: Ու երբ փորձեցի զրուցել նրանց հետ, զայրացած դուրս հրավիրեցին` միայն պատասխանելով, որ մյուս երկու օբյեկտներն իրենցը չեն: Իսկ անվտանգության աշխատողը խորհուրդ տվեց իզուր տեղը «էղած-պրծած» բաների համար վատամարդ չդառնալ: Երկրորդ շինությունը, ինստիտուտի աշխատակիցների կարծիքով, նույնպես հյուրանոց է, բայց թաքնված:

«Գիշերն այստեղ ինչ ասես կատարվում է,- ասում է աշխատակիցներից մեկը: -Բայց չէ՞ որ սա գտնվում է ինստիտուտի բակում, մուտքն էլ մեր բակից է: Հիմա էլ ուզում են մեր ավտոճանապարհը վերցնել, որ ազատ ելումուտ անեն: Էս նոր հողերն էլ որ վերցրել են, էլի օբյեկտներ են սարքելու: Իսկ մենք ի՞նչ անենք, փակենք ու թողնենք-գնա՞նք»:

Ի դեպ, նույն ճակատագրին է արժանացել նաեւ Ազատություն պողոտայի վերջնամասում՝ 26/1 հասցեում գտնվող Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի բակը: Այստեղ էլ փողոցի կողմից կառուցվել է երկհարկանի մի շինություն, որը, ասում են, պատկանում է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Խաչիկ Ասատրյանին: Պարոն Ասատրյանն, իհարկե, հերքեց սա եւ խորհուրդ տվեց Կադաստրից ու քաղաքապետարանից ճշտել: Մեր տվյալներով` Խաչիկ Ասատրյանն այդ շինությունը գրանցել է իր բարեկամի անունով: