«Հոնդա»՝ «Ժիգուլու» փոխարեն

25/09/2010

Կառավարությունը երեկ որոշել է հոկտեմբերի 5-ին ուսուցչի օրվա առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տոնական միջոցառում եւ մրցանակների հանձնման արարողություն կազմակերպել: Նիստի ընթացքում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկել է Սփյուռքի ուսուցիչներին նույնպես ընդգրկել տոնական այս միջոցառմանը, ինչին ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է համապատասխան առաջարկ մշակել եւ ներկայացնել կառավարությանը: Իսկ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարությունից գումար է խնդրել «Լավագույն ուսուցիչ» եւ «Լավագույն տնօրեն» անվանակարգերում հաղթողներին ավտոմեքենայով պարգեւատրելու համար: Նա առաջարկել է այս տարի նրանց «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի փոխարեն՝ արտասահմանյան մակնիշի էժան ավտոմեքենայով պարգեւատրել: Ըստ նախարարի` նախատեսվում է գնել երկու մեքենա՝ յուրաքանչյուրը 3 մլն 650 հազար դրամ արժեքով: Ա. Աշոտյանի կարծիքով` այդքան գումարով հնարավոր կլինի գնել նաեւ «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա: Տ. Սարգսյանն առաջարկել է այդ հարցն առանձին քննարկել: