Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում տեղի կունենա «Հայֆեստ» 8-րդ միջազգային թատերական փառատոնը, որն ավանդույթի համաձայն՝ հայաստանցի հանդիսատեսին բազմաժանր ու էքսպերիմենտալ թատերական աշխատանքներ կներկայացնի։ Փառատոնի հիմնադիր նախագահ, դերասան Արթուր Ղուկասյանը համոզված է, որ «Հայֆեստի» նպատակը թատրոնը տարբեր շրջանակներից ու սահմանափակումներից ազատելն է։ «Մենք Հայաստան ենք բերում այն ներկայացումները, որոնցից կարելի է ինչ-որ բան սովորել։ Չէ՞ որ մենք նայելով ենք սովորում։ Օրինակ՝ նայելով ենք էթիկետի կանոններին ընտելանում ու սովորում ճիշտ բռնել, ասենք՝ պատառաքաղը»,- ասում է նա։ «Հայֆեստն» ընդհանրապես իր գոյության առաջին իսկ օրից սկսած փորձ է անում ալեկոծումներ առաջացնել մեր հանդարտ ու խորհրդային թատերական մոդելին սովոր հանդիսատեսի շարքերում։ Շատ հաճախ ալեկոծումների հիմքում պրովոկացիոն, ոչ միանշանակ ընդունվող ներկայացումներն են։ Հենց «Հայֆեստի» շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք տեսնել փողոցում, ավտոբուսների ու խանութների մեջ ծավալվող թատերական գործողությունները, ծանոթանալ ստվերների, պարի, մատների, իրերի ու լուսային թատրոնների մոդելների հետ։ Այս տարի այդ ավանդույթը շարունակվելու է, թեեւ, ինչպես նկատում է Ա.Ղուկասյանը՝ փողոցային ներկայացուցիչները քիչ կլինեն։ «Հասկանում եմ, որ փողոցը թատրոնի համար շատ հարմար հարթակ է, սակայն այս տարի մենք միայն մեկ՝ աֆրիկյան ուրախ, տամ-տամների ուղեկցությամբ անցնող բացօթյա ներկայացում կունենանք։ Բացօթյա ներկայացումներ բերելը թանկ գործ է»,- ասում է նա ու ափսոսում, որ հիմնականում գումարի սակավության պատճառով իրենք ստիպված են եղել հրաժարվել մի քանի լավ ներկայացումներից։
«Հայֆեստն» այս տարի հյուրընկալելու է սանկտպետերբուրգյան «Միգ»՝ երիտասարդական թատերախումբը, որը «նոր դրամա» ժանրի երկու ներկայացում կցուցադրի, չեխական «Լուդեմ» թատրոնը կներկայացնի «Ծնունդ» կոմեդիան։
Փառատոնի հայտնությունից կլինի իրանական ծրագիրը, որը կազմված կլինի վիզուալ, շարժման ու պարային ներկայացումներից, ինչպես նաեւ՝ կատակերգություններից։ Ըստ Ա.Ղուկասյանի՝ անգամ կրոնական ու այլ տաբուների գոյության պայմաններում Իրանում այսօր ավանգարդիստական թատերական ներկայացումներ են ծնվում։ Հայ հանդիսատեսը «Հայֆեստի» բացման օրը կարող է դիտել «Էմրուզ» թատրոնի «Ավաժիկ՝ արտադրված է Իրանում» տրագիկոմեդիան, որի համար արտահայտչամիջոցներ են ծառայել զարդանախշերն ու գորգերը (գույնզգույն թելերը գործվածքներ են դառնում ճիշտ այնպես, ինչպես բառերն են պոեզիա դառնում)։ Իրանական ուղղվածությունը այս տարի ցայտուն կերեւա: Ա.Ղուկասյանը նկատում է, որ այն երկրներում, որոնք երկար ժամանակ փակ ու իզոլյացված են ապրում, շատ հաճախ օրիգինալ թատերական մոդելներ են ծնվում։ «Այդպիսին է նաեւ ԱՄՆ-ը, որը, թեեւ մեծ ուշադրություն է դարձնում թատրոնին, սակայն ամերիկյան ներկայացումները հիմնականում նախատեսված են ներքին օգտագործման համար»,- ասում է նա։ Չարլզսթոնի թատրոնը կցուցադրի «Ոդիսական» դրաման։ Իսկ Բոստոնի թատերախումբն ու Երեւանի «Փոքր թատրոնը» այս տարի նաեւ համատեղ ներկայացում կբեմադրեն, որը հաջորդ տարվանից կշրջի աշխարհով։ Թատերական կոպրոդուկցիան (այնպես, ինչպես եւ կինոյում) այսօր շատ գրավիչ ու հետաքրքիր արդյունք է տալիս։ Այս տարի, օրինակ, կարելի է ռուս-ֆիննական «Ցելոֆան» ներկայացումը դիտել, ինչպես նաեւ՝ լեհ-ուկրաինական «Վոյցեկ» դրաման։ Ռուսաստանցի Վլադ Դեմչենկոն կխաղա «Մահով տարված» մոնոներկայացումը, իսկ փառատոնի փակման օրը Միացյալ Թագավորությունից ժամանող «Imitaiting the Dog»՝ «Նմանակելով շանը» թատերախումբը կներկայացնի «Հոթել Մեթյուսելա» դրաման, որի կենտրոնում ուրվականներով լի հյուրանոցի պորտյեի կերպարն է։ Վախի, միայնության, անհայտ անցյալի ու տագնապով լի ներկայի մասին պատմող այս ներկայացման մեջ օգտագործվել են նաեւ կինոէֆեկտները։ Հայկական թատրոնները նույնպես ներկայացված կլինեն (դրանք 15-ն են)։ Առաջին անգամ «Հայֆեստին» մասնակցելու ցանկություն է հայտնել Սունդուկյանի անվան թատրոնը, որը կցուցադրի «Գոյա» եւ «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացումները։
«Հայֆեստն» ամեն տարի հասարակական հնչեղություն ունեցող յուրատեսակ կարգախոսներով է ուղղորդվում։ Անցյալ տարվա կարգախոսը «Վերափոխենք մեր քաղաքն» էր, իսկ այս տարվա կարգախոսը հարցի տեսք ունի։ «Who`s the next»՝ «Ո՞վ է հաջորդը», հարցնում են կազմակերպիչներն ու հիմնականում երիտասարդ բեմադրիչներին առաջարկում արտահայտվել՝ նոր թատերական խմորումների միջոցով։ «Կան փառատոներ, որոնք շատ երկար են տեւում, ասենք՝ մի ողջ ամիս, ու օրական մեկ, սակայն շաա՜տ լավ ներկայացում են ցուցադրում, իսկ մենք օրական 16 ներկայացում ենք առաջարկում դիտել։ Թող մարդիկ ընտրեն, շփվեն, քննարկեն, ու մեկ էլ տեսար՝ «Ո՞վ է հաջորդը» հարցի պատասխանը ծնվեց», – նկատում է Ա.Ղուկասյանը, ում համար ոչ թե ներկայացման ժանրն է կարեւոր, այլ՝ հետաքրքրության աստիճանը։ «Թող տոն լինի, շփում, եռուզեռ։ Դա է մեր փառատոնի ուղղվածությունը։ Ամեն ինչն էլ ողջունելի է։ Փառատոնային ներկայացումներն ընտրելու ընթացքում միայն մեկ սահմանափակում կա, դա Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն է։ Եթե ներկայացումը հետաքրքիր է ու պետական եւ բարոյական օրենքները չի խախտում, ուրեմն իրավունք ունի ապրել»,- ասում է նա։
Փառատոնի օրերին Երեւանում առաջին անգամ կանցկացվի IFEA (Միջազգային փառատոների ու իրադարձությունների ասոցիացիայի) խորհրդի տարեկան նիստը, որին կմասնակցեն թատրոնի փորձագետները, պրոդյուսերները, թատերական ակադեմիայի ռեկտորները։ Նախկին ԽՍՀՄ երկրների տարածաշրջանում «Հայֆեստը» գլխավոր թատերական փառատոն է հռչակված։ Իհարկե, եթե բացառենք Մոսկվայի փառատոները։