Ամեն տարի, տնտեսական արդյունքներն ամփոփելիս, Հայաստանի տարբեր տրամաչափի չինովնիկները` փորձելով իրարից առաջ անցնել, հասարակությանն անընդհատ փորձում են հրամցնել, թե առանձնապես իրենց ջանքերի շնորհիվ` Հայաստանում ներդրումներ են իրականացվել:
Ընդ որում, որոշ չինովնիկների առանձնակի պարծանքն է հանդիսանում արտասահմանյան ներդրումների ներգրավումը հայրենի տնտեսության մեջ: Եվ իրոք, ոչ ոք չի վիճում, որ որոշ արդյունքներ այս բնագավառում կան: Այլ հարց է, թե որքանով են այդ ներդրումները Հայաստանում իրականացվում` շնորհիվ այդ չինովնիկների: Նման կասկածներ հայտնելու համար կարող ենք բազմաթիվ օրինակներ հիշել, երբ արտասահմանյան կապիտալ ներդրումները հայաստանյան տնտեսություն իրականացվում են ոչ թե շնորհիվ, այլ` ի հեճուկս որոշ պաշտոնյաների կամքի: Որոշ դեպքերում այդ անձնականը նույնիսկ գերիշխում է միջպետական շահի նկատմամբ: Թերեւս նույն միտումն այսօր նկատվում է հայ-ռուս-ֆրանսիական հաջողված hամագործակցության արդյունքում Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում արդյունավետ գործող «Ագրոհոլդինգ» ընկերության պարագայում, որի գործունեությանը վերջերս անդրադարձել էր եւ իշխանամետ, եւ անկախ մամուլը: «Ագրոհոլդինգի» օրինակը հատկանշական է նրանով, որ սա այն բացառիկ դեպքերից մեկն է, երբ գործ ունենք կայացած եւ բավականին հզոր ֆերմերային տնտեսության հետ: Իսկ սա շատ կարեւոր է, քանի որ, գաղտնիք չէ, Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը հիմնականում արտադրվում է մանր գյուղացիական տնտեսությունների կողմից: Եվ որքան էլ վերջին 15 տարվա ընթացքում իրար փոխարինող իշխանությունները չէին հայտարարում գյուղատնտեսությունում խոշորածավալ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին, դրանք լոկ գեղեցիկ խոսքեր էին մնում, քանի դեռ ոչ պետությունը եւ ոչ էլ գործարարները խոշոր ներդրումներ չէին կատարում այդ ոլորտում: «Ագրոհոլդինգի» հաջողությունները, բնականաբար, նախեւառաջ պայմանավորված են խոշոր` 2,6 մլն դոլարի հասնող, ռուսական ծագում ունեցող կապիտալի ուղղակի ներդրումներով, որի շնորհիվ «Ագրոհոլդինգի» հիմնադիրներ Գոռ եւ Արմեն Խեչոյանները կարողացան ոչ միայն կայացնել իրենց ֆերմերային տնտեսությունը Հայաստանի երկու մարզերում (Շիրակում եւ Լոռիում), այլեւ` այն դարձնել բարգավաճ բիզնես, որի շնորհիվ, ի դեպ, այսօր լուծվում են տվյալ գյուղերի բնակիչների մի շարք սոցիալական եւ դեմոգրաֆիական խնդիրները: Հաջողության կարեւոր գրավականներից մեկը, բացի ռուսական կապիտալի ներգրավումից, դարձավ համագործակցությունը Ֆրանսիայի համապատասխան գործընկերների հետ, որի արդյունքը եղավ Ֆրանսիայից ներմուծված մսատու «Լիմուզին» ցեղատեսակի 45 խոշոր եղջերավոր անասունների ներմուծումը Հայաստան: Եվ հակառակ որոշ պաշտոնյաների (շատ դեպքերում` տնտեսության հետ որեւէ առնչություն չունեցող) մռայլ կանխատեսումների, նրանք ոչ միայն ընտելացան հայաստանյան պայմաններին, այլեւ արդեն իսկ սկսել են բազմանալ: Եվ բնական է, որ «Ագրոհոլդինգի» գործունեությունը չվրիպեց ՀՀ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ամենաբարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությունից, ինչպես նաեւ` ՀՀ նախագահի, որը դեռ 2002-ին այցելել էր «Ագրոհոլդինգի» Ամասիայի տնտեսություն եւ իր գոհունակությունը հայտնել այդ ամենասակավաբնակ (ի դեպ, նախկինում ամբողջովին ադրբեջանաբնակ) եւ բնակլիմայական առումներով ամենախիստ պայմաններում գործող ընկերության աշխատանքի արդյունքներից: Սակայն, որքան էլ տարօրինակ է, ոչ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների սրտով է, թե «Ագրոհոլդինգի» գործունեությունը, թե ՀՀ նախագահի գնահատականը: Այսօր դժվար է միանշանակ ասել, թե կոնկրետ ինչով է պայմանավորված ոմանց, մեղմ ասած, «սառը» վերաբերմունքը Հայաստանում խոշոր ներդրումներ կատարած եւ նոր աշխատատեղեր ստեղծած «Ագրոհոլդինգի» նկատմամբ, սակայն, ինչպես պնդում են լավատեղյակ աղբյուրները, ինչպես միշտ մեզանում, այստեղ նույնպես, գաղտնիքը ոմանց շահի մեջ է:
Ս. Բ.