Ներքին կարգով

23/09/2010

Վերջին շրջանում ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը կրճատումներ է սկսել իր ղեկավարած գերատեսչությունում: Մեր տեղեկություններով՝ նախարարը ոչ պաշտոնապես նման հրահանգ է ստացել վարչապետ Տիգրան Սարգսյանից: Կրճատումները սկսվել են նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովագրության պետական ծառայությունում: Թեեւ աշխատակիցները դեռ աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցագիր չեն ստացել, սակայն ծառայության տարածքային մասնաճյուղերի շատ աշխատակիցների արդեն տեղեկացվել է այդ մասին: Դեռեւս այս տարվա ապրիլին Տ. Սարգսյանը հայտարարեց, որ նախարարություններում կան ավելորդ գործառույթներ, այլ կերպ ասած` ավելորդ աշխատակիցներ, որոնցից պետք է ազատվել: Իսկ այդ աշխատակիցներից ազատվելու համար նախարարներին տրվեց 3 ամիս ժամանակ: Հայտնի է, որ գրեթե բոլոր գերատեսչություններում էլ նշված ժամանակահատվածում կրճատումներ իրականացվել են: Իսկ ահա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը լրացուցիչ հրահանգ է ստացել, քանի որ պարզվել է, որ նախկինում կրճատված աշխատակիցները ընդամենը մի քանի հոգի են, մինչդեռ նախարարը պարտավոր էր կրճատել իր գերատեսչության հաստիքացուցակը առնվազն 10 տոկոսով: Ինչպես հայտարարել էր վարչապետը, կրճատված աշխատակիցների աշխատավարձերի հաշվին խնայված գումարները կօգտագործվեն լավագույն աշխատողներին պարգեւատրելու կամ աշխատավարձերը բարձրացնելու նպատակով: Ըստ մեր տեղեկությունների, այդ գումարներն իրականում չեն տնօրինվում նախարարությունների կողմից, այլ կուտակվում են պետբյուջեում եւ հետագայում կօգտագործվեն թոշակների ու նպաստների բարձրացումը փոխհատուցելու համար: Խնդիրն այն է, որ ինչպես նախապես որոշվել է, նոյեմբերի 1-ից նպաստները կբարձրանան 3500 դրամով, իսկ թոշակները` 2650 դրամով: Հայաստանի 110 հազար նպաստառուներին եւ 520 հազար կենսաթոշակառուներին տրվող չնչին գումարները 2-3 հազար դրամով բարձրացնելու համար, պարզվում է, բյուջեում բավարար միջոցներ չկան: Կառավարությունն էլ որոշել է բյուջետային աշխատողների աշխատավարձի հաշվին խնայողություն անել եւ թոշակառուների մոտ «լավամարդ» երեւալ: Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Սոցիալական ապահովագրության պետական ծառայության աշխատակիցների միջին ամսական աշխատավարձը կազմում է 130 հազար դրամ: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ դեռեւս հստակեցված չէ, թե քանի աշխատակից է կրճատվելու. «Գիտենք, որ պետք է լինեն կրճատումներ, այդ գործողությունները ընթացքի մեջ են, դեռ որեւէ հստակ ինֆորմացիա չենք կարող ասել»: