Երազում չենք ապրում

23/09/2010

Թուրքիայի ԱԳ նախարարի օգնական Սելիմ Էները օրեր առաջ հայ լրագրողների հետ հանդիպելով՝ նկատել է, որ նոր Թուրքիան քաղաքական ասպարեզ է դուրս գալիս` աշխարհաքաղաքական բոլոր պրոցեսների ակտիվ մասնակիցը դառնալու նպատակով. «Մենք ավելի հավաք ու համարձակ ենք եւ այլեւս չենք սպասելու Ամերիկայի կամ Սովետի քայլերին, այլ` ինքնուրույն ենք գործելու»: Հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսելիս՝ թուրք դիվանագետը նշել է. «Թեեւ արձանագրությունների մեջ նախապայմաններ չեն նշվում, սակայն մենք ոչ թե հեքիաթի, այլ իրականության մեջ ենք ապրում: Թուրքիան չի կարող Ադրբեջանի ձայնը անտեսել, եւ քանի դեռ դուք օկուպացրել եք Ղարաբաղը, հայ-թուրքական սահմանը չի բացվի»: Ս. Էները նաեւ ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործին մեծ վնաս է հասցնում հայկական Սփյուռքը, որը պահանջում է ընդունել Ցեղասպանությունը: «Նոր Թուրքիան փորձում է անտեսել Օսմանյան կայսրության անցյալը, եւ հարկ է սպասել այնքան, մինչեւ մեր հասարակությունը կցանկանա քննարկել ու բացահայտել անցյալը: Թուրք հասարակությունը ինքը պետք է ցանկություն հայտնի անցյալը ուսումնասիրել»,- ասել է նա` հավելելով, որ անձամբ ինքը միշտ անհամբեր սպասում է ապրիլ ամսին տեղի ունեցող Բարաք Օբամայի ելույթին. «Ինչպես դուք, ես էլ գիշերը չեմ քնում ու հետեւում եմ` արդյոք Օբաման «գենոցիդ» բառը կասի՞, թե՞ ոչ: Կարծես ֆուտբոլային մի հանդիպում եմ դիտում ու փորձում խաղի հաշիվը գուշակել: Իհարկե, դա սխալ է, բայց դա է մեր իրողությունը»: