Սալյուտը ներսի՞ց, թե՞ դրսից

23/09/2010

«Եթե մենք իսկապես փորձեինք քայլեր ձեռնարկել ԲՀԿ-ն թուլացնելու համար, ԲՀԿ-ն իսկապես կթուլանար»,- երեկ հրավիրած ասուլիսում նման հայտարարություն է արել ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` պատասխանելով հարցին, թե իսկապե՞ս այդ երկու կուսակցությունների միջեւ լարվածություն կա: Իսկ մեր թղթակցի հարցին, թե ՀՀԿ-ն կարո՞ղ է ԲՀԿ-ին թուլացնել, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը պատասխանել է, թե իր կուսակցությանը սպառնացող վտանգը կարող է միայն ներսից լինել: «Ես էլ ուզում եմ ասել, որ ԲՀԿ-ն մեծ, հզոր կուսակցություն է, եւ մեզ սպառնացող վտանգը միայն մեր ներսից է: Մեզ դրսից ոչ ոք չի կարող քանդել, վնասել: Բայց ներսում մենք անընդհատ պիտի աշխատենք, որ մեր ներքին համերաշխությունն ու միակամությունը որեւէ կերպ չխաթարվի»,- ասել է Ա.Սաֆարյանը` ակամայից ակնարկելով, որ իրենց կուսակցության ներսում այնպիսի խնդիրներ կան, որոնք կարող են ԲՀԿ-ն թուլացնելու պատճառ դառնալ: