Ընդունված կարգի համաձայն

23/09/2010

Անցած ամիսներին հայկական բանակն ու բանակին առնչվող խնդիրները դարձել են հասարակական-քաղաքական դաշտում թերեւս ամենաշատ քննարկվող թեմաները: Ոմանք իրավացիորեն եւ ազնիվ մտահոգությամբ են քննադատում առկա արատավոր երեւույթները` արձանագրելով, որ այսպես շարունակվելու դեպքում դա կարող է իրական սպառնալիք դառնալ բանակի համար: Շատերն էլ, այդ թվում` եւ ընդդիմադիր, եւ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները, բանակում տեղի ունեցող երեւույթները քննարկում են միանգամայն այլ` քաղաքական հարթությունում` քաղաքական նպատակներով: Եվ վերջին ամիսներին ստեղծվել է յուրատեսակ մի մթնոլորտ, որում բանակի մասին այլ կարծիք արտահայտելը, բանակում տասնյակ տարիներ շարունակ կատարվող երեւույթների պատճառների մասին խոսելը դարձել է ոչ միայն ոչ մոդայիկ, այլեւ իշխանություններին ծախված-չծախված լինելու չափորոշիչ: Բնականաբար, խոսքն առաջին հերթին ընդդիմադիր գործիչների մասին է: Այդ առումով Պաշտպանության նախկին նախարար, Հայ Ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանի` մեր թղթակցին տված հարցազրույցը պարարտ հող կարող է դառնալ հերթական «դավաճանության» մասին քննարկումների համար: Վ. Հարությունյանը խոսելով բանակում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, քննադատելով դրանք, միաժամանակ արձանագրում է որոշակի հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծվեն նման երեւույթները կանխելու համար: Նույն կերպ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը խոսում է նաեւ Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին` հայտնելով ընդդիմության գնահատականներից արմատապես տարբերվող կարծիքներ: Դրանց հետ շատերը կարող են համաձայն չլինել, սակայն դրանք կարելի է քննարկել, հակափաստարկներ բերել, ընդունել կամ մերժել: Եթե, իհարկե, նպատակը իսկապես բանակում առկա խնդիրների լուծումն է: Սակայն հաշվի առնելով Հայաստանում առկա ստերեոտիպերը եւ հատկապես վերջին շրջանի փորձը, Վ. Հարությունյանին կարելի է միայն համբերություն մաղթել՝ իր «դավաճանության» մասին առաջիկա քննարկումներին դիմակայելու համար: Առաջին հերթին սեփական թիմակիցների շրջանում: