ՀՀԿ-ն ուզում է ուժեղ ԲՀԿ-ին

23/09/2010

«Եթե մենք իսկապես փորձեինք քայլեր ձեռնարկել ԲՀԿ-ն թուլացնելու համար, ԲՀԿ-ն իսկապես կթուլանար»,- երեկ ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` հավելելով, որ զարմացել է այդ լուրերը լսելով: «Ինքը մեր կոալիցիոն գործընկերն է, եւ մենք այդպիսի բաներ թույլ չենք տալիս մեզ: Մանր-մունր խոսակցություններ միշտ էլ լինում են ցանկացած կոալիցիայում: Պատկերացրեք` ՀԱԿ-ում ինչ է կատարվում, ամբողջ օրը տարաձայնություններ կան»,- ասել է նա: Անդրադառնալով ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանին՝ Զոհրաբյանն ասել է, որ դա ԲՀԿ ներքին խնդիրն է. «Իրենք իրավունք ունեն փոխելու, հիմա լավ է աշխատում, թե վատ է աշխատում, իրենք պետք է գնահատեն: Ես չեմ ուզենա այդ հարցերին խառնվել, որովհետեւ վաղը նորից կսկսվի` ասեց սա, ասեց նա: Թե ով կլինի թեկնածու, չեմ կարող ասել, կարծում եմ` առաջիկա քառօրյայում այդ հարցը կդրվի քվեարկման: Իրենք ում թեկնածությունն էլ առաջարկեն, մենք կողմ ենք քվեարկելու, որովհետեւ դա իրենց քվոտան է: Այ, տեսնում եք, այստեղ տարաձայնություն չկա կոալիցիայում»: Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կանի ՀՀԿ-ն, եթե կրկին մեծամասնություն ստանա ԱԺ-ում, նա ասել է, թե ՀՀԿ-ն կրկին կոալիցիա կձեւավորի, սակայն զուտ այն պատճառով, որ «հասարակության մեջ դժգոհություններ չառաջանան»: «Մենք չենք ցանկանում, որ միայն ՀՀԿ-ն ուժեղանա, եւ միակուսակցական իշխանությունը վերականգնվի, ինչպես խորհրդային տարիներին: Մյուս ուժերին էլ պետք է թույլ տալ, որ զարգանան, աճեն ու մասնակցեն կառավարմանը»,- ասել է նա: Զոհրաբյանը նշել է նաեւ, որ չնայած գործող բազմաթիվ կուսակցություններին, կայացած են 4-5-ը: Դրանք, ըստ նրա, կոալիցիայի կուսակցություններն են, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, իսկ «Ժառանգությունը» կայացման ճանապարհին է: Մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 17-ի հանրահավաքի ելույթը, ասել է, որ նա եւ՛ հնարավորություն է տեսնում երկխոսության համար, եւ՛ պայմաններ է առաջադրում` «այդ կալանավորների» ազատ արձակում, արտահերթ ընտրություններ եւ հրաժարական: «Եթե ցանկանում են, որ հրաժարական տանք, էլ երկխոսության իմաստը ո՞րն է, ո՞ւմ հետ են երկխոսելու»,- հարցրել է Զոհրաբյանը: