– Ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում ՀՀ բանակում տեղի ունեցող իրադարձությունները` սկսած Չայլուի դեպքից՝ մինչեւ Youtube-ում տեղադրված հայտնի հոլովակը:
– Չայլուի դեպքն, իրոք, արտառոց էր, եւ մեր բանակը թերացավ, բայց դրանից հետո, երբ երկրորդ խումբը փորձեց հատել շփման գիծը, հայկական ուժերն արդեն պատրաստված էին, կանխեցին դիվերսիոն-հետախուզական գործողությունը, եւ ադրբեջանական կողմը զոհեր ունեցավ: Այս դեպքից հետո բանակի հանդեպ հասարակության ուշադրությունը մեծացավ: Անթույլատրելի են դրան հետեւած սպանության ու ինքնասպանության դեպքերը: Բանակի կարգապահության տեսակետից ես ավելի վտանգավոր եմ համարում ինքնասպանությունը, քան սպանությունը: Սպանությունը կարող է տեղի ունենալ, ասենք, իրադարձությունների արագ զարգացման դեպքում, պահի ազդեցության տակ, եւ սպան կարող է չնկատել այդ զարգացումը: Բայց ինքնասպանությունը միանգամից չի լինում, երկար ժամանակահատվածում է մարդը հասնում այդ մտքին: Ի՞նչ լուրջ պատճառ պետք է լինի, որ զինվորը դրան գնա: Սպայակազմի «բացակայությունն» է թույլ տալիս, որ զինվորն ինքնասպան լինի. այդպես է, եթե բանակում պատասխանատվության հարցը խիստ հիմքերի վրա չէ: Իմ ժամանակ ես ավելի խիստ էի պատժում հրամանատարական կազմին, եթե ինքնասպանություն էր եղել: Այսօր մեր բանակը լուծում է անվտանգության, պատերազմի չվերսկսման խնդիր: Մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը, թույլ չտանք, որ նման դեպքերը կոծկվեն: Ամեն դեպքում այսօր բանակը մեր պետության լավագույն կառույցն է, այս բարդ իրավիճակում լուծում է իր առաջ դրված խնդիրները, ինչը մյուս գերատեսչությունները չեն անում: Առաջին հերթին պետությունը պետք է վերանայի սպայի հանդեպ սոցիալական քաղաքականությունը: Գիշեր-ցերեկ խրամատներում գտնվող եւ ընտանիքի հետ նորմալ կյանք չունեցող սպայի ստացած գումարն անթույլատրելի քիչ է: Սպայի կոչման դրույքն էլ շատ ցածր է, գնդապետը 5-6 հազար դրամ է ստանում: Սա քաղաքական լրջագույն սխալ է: Բանակում պետք է սոցիալական արդարություն լինի: Պետությունը պետք է գտնի այդ միջոցները, ու կան դրանք:
– Բանակում էլ սպաների աշխատավարձը այլ ոլորտի պաշտոնյաների նման շատ սիմվոլիկ գումար է կազմում: Եվ գաղտնիք չէ, որ նրանցից շատերն ապրում են սեփական բիզնեսի կամ կոռուպցիոն այլ երեւույթների միջոցով:
– Եթե պետության նախագահը ի վիճակի չէ ապրել իր աշխատավարձով` 400.000 դրամով, վարչապետը` 350.000 եւ նախարարը` 300.000 դրամով, պարզ է, որ բանակում էլ է նույնը: Սա նշանակում է` իշխանությունները հասկանում են, որ աշխատավարձը սիմվոլիկ մի բան է, ու որ իրենք դրանով չեն ապրում: Այստեղից է ամեն ինչը սկսվում:
– Բանակի ղեկավարությունը վերը նշված դեպքերի համար նաեւ հասարակությանը մեղադրեց` նշելով, թե այդ արատները հասարակությունից են գալիս բանակ: Համամի՞տ եք:
– Դա սխալ մոտեցում է: Այդ խնդիրը կա, շատ բաներ հասարակությունից են գնում բանակ, բայց վերջին` խոշտանգման միջադեպը կապ չունի հասարակության հետ, դա բանակի խնդիրն է:
– Մեր բանակում այնպիսի իրավիճակ չի եղել, որ Գլխավոր շտաբի պետը բացահայտ հակասությունների մեջ մտնի նախարարի հետ: Ինչի՞ հետեւանք է դա:
– Բանակում ՆԱՏՕ-ի շրջանակում կատարվող բարեփոխումների արդյունքում պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է դառնում, շատ մասնագիտություններ քաղաքացիական են դարձնում, տարանջատում են շտաբի ու նախարարության գործառույթները: Այդ բարեփոխումների արդյունքում ընկնելու է բանակի մասնագիտական գիտելիքների մակարդակը, կորցնելու ենք մարտունակությունը: Դա բերելու է գլխավոր շտաբ-նախարար-գերագույն հրամանատար հակասությունների: Դա խորքային խնդիրներ է ստեղծելու:
– Այսինքն՝ այդ հակասությունները ոչ թե անձերի հետ են կապված, այլ այդ բարեփոխումների՞:
– Այո: Այս մոտեցումը Հայաստանի պայմաններում եւ մեր տարածաշրջանում սխալ է, որովհետեւ ՆԱՏՕ-ի չափանիշները հիմնված են բանակի գերտեխնիկայի, հզոր բյուջեների վրա եւ այլ ռազմավարությանն են ուղղված: Մեր պարագան թույլ չի տալիս ունենալ նման համակարգ: Այսօր Ս.Օհանյանը քաղաքացիական պաշտոնյա է, բայց նա նաեւ պատերազմի բոհով անցած զինվորական է: Վաղը ի՞նչ է լինելու: Ի՞նչ է նշանակում՝ բանակում ունենալ ոչ մասնագետ նախարար: Բանակն ամենաբարդ կառույցն է, որը պետք է կարողանա գործել երկու` խաղաղ ու պատերազմական պայմաններում:
– ՀՀ բանակը ավելի շատ ռուսական կառուցվածք ունի, զինված է ռուսական տեխնիկայով, իսկ դուք ռուսամետ գործիչի համարում ունեք: Միգուցե դա՞ է պատճառը, որ չեք ընդունում այդ բարեփոխումները:
– Ոչ, ես ռուսամետ չեմ, ես կայուն ռուսամետ եմ: Եվ անկախ Հայաստանի 20 տարվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի հետ մեր դաշնակցային հարաբերությունների արդյունքում ապահովված է մեր բանակի հզորությունը, ՀՀ անվտանգությունը, այդ համագործակցության արդյունքում ունեցանք հաղթանակ ԼՂ-ում եւ մինչ օրս պահպանվում է հրադադարը, ու չնայած ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններին` պատերազմը չի վերսկսվում: Ձեր նախորդ հարցով դուք ինքներդ փաստեցիք, որ առաջին անգամ հակասություն է նկատվում շտաբի պետ-նախարար հարաբերություններում: Իսկ այդ հակասության հիմքում ՆԱՏՕ-ի առաջարկած բարեփոխումների արդյունքում գործառույթների տարանջատումն է, եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում արված փոփոխություններն են: Նման կառույցը կարող է գործել ԱՄՆ-ում ու եվրոպական երկրներում, բայց ոչ ՀՀ-ում: Ինչո՞ւ Ադրբեջանը չի գնում այդ ճանապարհով: Նրանց նախարարը զինվորական է, եւ այլ հարցեր նույնպես չեն ընդունում: Նախարարի տեղակալներին, բուժծառայության պատասխանատուներին են քաղաքացիական դարձնում: Չի լինի, ՌԴ-ն գնաց այդ ճանապարհով: Որոշեցին, որ խոհարարներն ու բժիշկները պետք է լինեն քաղաքացիական անձինք, զորավարժությունների ժամանակ պարզվեց, որ այդ մարդիկ չեն կարող գնալ, ընտանիքը թույլ չի տալիս, բազմաթիվ այլ խնդիրներ են առաջանում: Բանակի նպատակը պատերազմում գործելն է, իսկ
ՆԱՏՕ-ի տարբերակը խաղաղ պայմաններում քիչ ծախսային լուծումներ գտնելն է: Մեր բանակը նրա համար է, որ պատերազմին պատրաստ լինի եւ պատերազմի ժամանակ կարողանա արդյունավետ գործել:
– Ինչո՞ւ համաձայն չեք այն տեսակետի հետ, ըստ որի՝ ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարացումը նվազեցնում է մեր երկրի ինքնուրույնության աստիճանը:
– Նախ` երկրի անկախությունն ու ինքնուրույնությունը նրա անվտանգության ապահովման մեջ է: Ի՞նչ անկախության մասին կարող է խոսք լինել, եթե պատերազմի վտանգը անխուսափելի է, իսկ անվտանգությունը ապահովված չէ: Մեր պարագայում, երբ կա ռազմական սպառնալիք երկու հարեւաններից, խոսքն ընդհանրապես պետության գոյատեւման մասին է:
– Հայտնի դարձավ, որ Ադրբեջանին վաճառվելիք ռուսական Ս-300 զինատեսակից Հայաստանում էլ կա: Դրանք ՀՀ բանակո՞ւմ են, թե՞ ռուսական ռազմաբազայում:
– ՀՀ-ն ՌԴ-ի հետ մտնում է հակաօդային պաշտպանության համակարգի մեջ: Ստեղծված է հրամանատարային կետ, որոշումներն ընդունում է հայկական կողմը: Ս-300-ը տեղակայված է ռուսական բազայում, բայց մտնում է այդ համակարգի մեջ:
– Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ, ռուսական ռազմաբազայի այդ հնարավորությունները կարո՞ղ են օգտագործվել:
– Պայմանագրով նշված է ՀՀ անվտանգության ապահովումը Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, թե ՀՀ-ում բոլոր թիրախները հասանելի են Ադրբեջանի զինված ուժերի համար: Երկրորդը` Ադրբեջանի դոկտրինայում ֆիքսված է, որ ՀՀ-ն է ագրեսոր: Եվ երրորդը` ԼՂ-ում հնարավոր չէ հաղթանակի հասնել, եթե ՀՀ-ն չներքաշվի պատերազմի մեջ: Դրա համար էլ արհեստական մոտեցում է ԼՂՀ-ի ու ՀՀ-ի անվտանգության տարանջատումը: Դա մի ճակատ է: Ադրբեջանի հետ սահմանը 1000 կմ է, որից 600 կմ-ն բաժին է հասնում ՀՀ-ին: Եթե ՌԴ-ն այս պայմանագրով ուժեղացնում է այդ 600 կմ-ի անվտանգությունը, դա չի՞ նշանակում, որ աջակցում է ԼՂ-ին:
– Այսինքն՝ ՌԴ-ն ՀՀ-ին կպաշտպանի, ՀՀ-ն՝ ԼՂ-ի՞ն:
– Այո: Հայաստանը ԼՂՀ անվտանգության երաշխավորն է: Իսկ եթե ՌԴ-ն այս պայմանագրով ապահովում է ՀՀ-ի անվտանգությունը, ՀՀ-ն էլ թող Ղարաբաղում ապահովի: Կարո՞ղ է ՌԴ-ն մեր փոխարեն լուծի մեր բոլոր հարցերը: Ռուսաստանը ստորագրել է Մայնդորֆյան հռչակագիրը, որտեղ ուժի չկիրառման պայման կա: Ակնհայտ է, չէ՞, որ դեմ է լինելու պատերազմի վերսկսմանը: Սա է նրա շահը տարածաշրջանում: Ադրբեջանում Դ.Մեդվեդեւը հայտարարեց, թե բազան տեղակայվում է ՀՀ-ում, որ տարածաշրջանում չլինի պատերազմ, եւ կարգուկանոն հաստատվի:
– Ադրբեջանը նույնպես ստորագրել է Մայնդորֆյան հռչակագիրը, բայց անընդհատ պատերազմը վերսկսելու մասին հայտարարություններ է անում: Եվ չի բացառվում, որ կարող է սկսի, այդ դեպքում ՌԴ-ն տարածաշրջանում ինչպե՞ս է կարգուկանոն հաստատելու:
– Նախ՝ նա ամեն ինչ անելու է, որ պատերազմ չլինի, իսկ եթե պատերազմ սկսվեց, գործադրելու է իր ճնշման մեխանիզմները` սկսած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից: Կարճ ասեմ` ՌԴ-ն ամեն ինչ անելու է, որ թույլ չտա պատերազմի վերսկսումը, որովհետեւ տարածաշրջանում դա չի բխում իր շահերից: Իսկ թե ինչ միջոցներով, ես չեմ ուզում քննարկել, դա ՌԴ-ի խնդիրն է: Բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ անելու է, որ չվերսկսվի: Ինչ վերաբերում է պայմանագրի ժամկետի երկարացմանը, դա երկու խնդիր է լուծում: Նախ՝ այն սպառազինության մրցավազքը, որ նախաձեռնում է Ադրբեջանը, դառնում է անիմաստ, քանի որ ստանձնելով ՀՀ սահմանների անվտանգության ապահովումը` ՌԴ-ն ըստ էության ապահովում է նաեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը: Այդ դեպքում արդեն փոխվում է սպառազինության մրցավազքի հարթությունը` ՀՀ-Ադրբեջանից տեղափոխվելով Ադրբեջան-ՌԴ հարթություն: Եվ երկրորդ, պայմանագրով ռուսական կողմը պարտավորվում է ապահովել Հայաստանին ժամանակակից ռազմական տեխնիկայով, սրանով` ռազմական առումով ապահովելով ուժերի երկարատեւ հավասարակշռությունը: Սա կանխում եւ անհնարին է դարձնում պատերազմը, ինչն էլ նշանակում է, որ մինչեւ 2044թ. անիմաստ է մտածել ԼՂՀ խնդիրը պատերազմով լուծելու մասին: Ի դեպ, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ադրբեջանում նավթի արտահանման ծավալը գնալով նվազում է, եւ տարբեր փորձագետների գնահատականներով՝ մինչեւ 2040թ. սպառվելու է: Իսկ Ադրբեջանը նավթային եկամուտների հաշվին է ապահովում իր ռազմական հզորությունը, եւ եթե Ադրբեջանը սթափ գնահատի իրավիճակը, իր դիրքորոշումները ԼՂ խնդրի լուծման հարցում ստիպված կլինի մեղմել:
– ՌԴ-ն ՀՀ-ի եւ Ադրբեջանի հետ ունի մեր 2 երկրների համար տնտեսական խոշոր համագործակցություն: ՀՀ-ում ՌԴ-ն շահագործում է գերշահութաբեր ոլորտներ եւ շահույթ է ստանում, մինչդեռ մեր հակառակորդ երկրից միջազգային գներով գազ է գնում եւ խոշոր գումարներ է տալիս: ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցությունից Ադրբեջանն է շահում: Չե՞ք կարծում, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների դեպքում հավասարակշռությունը Ադրբեջանի օգտին է:
– Սա տպավորություն է առաջին հայացքից: Այստեղ այլ նպատակներ են լուծվում: Ճիշտ է, ՌԴ-ն փող տալիս է ու գազ է վերցնում, բայց այլ տեղերում` ՆԱԲՈՒԿՈ եւ Հարավային հոսք, ավելի մեծ շահեր է հետապնդում: ՌԴ-ն ուզում է մնալ Եվրոպայի գազի հիմնական ապահովողը:
– Դ.Մեդվեդեւը նաեւ հայտարարեց, թե Ադրբեջանը ՌԴ-ի կարեւորագույն ռազմավարական դաշնակիցն է:
– Եթե ՀՀ-ն վարում է կոմպլեմենտար քաղաքականություն` ՀԱՊԿ-ում է, բայց համագործակցում է ՆԱՏO-ի հետ, ապա ՌԴ-ն էլ ունի նույն շահերը Ադրբեջանում, ով սահման ունի իրենց հետ եւ ԱՊՀ անդամ է: ՌԴ-ն այդ շահերը պաշտպանելու է, ու մենք չպիտի դրանից վախենանք: Մենք պետք է հստակ վերահսկենք, թե այդ համագործակցությունն անցնո՞ւմ է այն գիծը, որից հետո դա վնաս է ՀՀ-ի շահերին: Ռուս-հայկական եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունները չի կարելի դնել մի նժարի վրա եւ ասել, թե նույնն է: Առաջինը դաշնակցային է՝ 1997թ. պայմանագրով հաստատված: Պայմանագրում նշված է, որ ՌԴ-ն մասնակից է ՀՀ-ի անվտանգության ապահովմանը՝ անկախ նրանից, թե որ կողմից է սպառնալիքը գալիս: