Բայց ինչպես էին չրխկում բաժակները

23/09/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Վերջին օրերին Հայաստանի քաղաքական դաշտում բոլորի ուշադրությունը սեւեռված է այն հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Արեւիկ Պետրոսյանի փոխարեն ում է առաջադրելու Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում:

Եվ ԲՀԿ-ն այս առումով առայժմ իր վրա է վերցրել քաղաքական աշնան թեժությունն ապահովող ֆունկցիան: Բացի այդ, քննարկվում է նաեւ, թե այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ մյուս անդամների նման, իրե՞ն է համարում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտարարության հասցեատերը, թե՞ ոչ: Մի խոսքով, քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում առայժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ու նրա ներսում տեղի ունեցող խմորումները:

Ա.Պետրոսյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ի կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնի հավակնորդների ցանկում նշվում էին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Արամ Սաֆարյանի, վերջերս այդ կուսակցությանն անդամակցած նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանի ու Վարդան Բոստանջյանի անունները: Առաջին երկուսը կարծես թե հրաժարվեցին` հայտարարելով, թե նման հավակնություններ չունեն: Ներկայումս ավելի շատ հավանական է համարվում Վ.Բոստանջյանի թեկնածությունը: Ինքը` պարոն Բոստանջյանը, երեկ հայտարարել է, որ եթե իրեն առաջարկեն ստանձնել ԱԺ փոխնախագահի պաշտոնը, կհամաձայնի: Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Վ.Բոստանջյանին այդ պաշտոնը տալով` Գ.Ծառուկյանն այդպիսով կփոխհատուցի Վ.Դալլաքյանի հետ քավորությունից հրաժարվելու նրա բարոյական վնասը:

Ա.Սաֆարյանը երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, թե հաջորդ չորեքշաբթի տեղի է ունենալու ԲՀԿ խմբակցության նիստ, որի ժամանակ էլ քննարկվելու է, թե ով է լինելու հաջորդ փոխնախագահը: Ավելի շուտ Գ.Ծառուկյանը կտեղեկացնի, թե ով է փոխարինելու Ա.Պետրոսյանին, իսկ իրենց կմնա միայն դա հաստատել: Ա.Սաֆարյանի խոսքերով՝ Գ.Ծառուկյանն առայժմ խորհրդակցություններ ու քննարկումներ է անցկացնում այդ հարցի շուրջ: Պարզ է, որ Գ.Ծառուկյանը վերը նշված թեկնածուներից ամենահարմարին ընտրելուց զատ՝ պետք է համոզված լինի, որ այն ընդունելի կլինի նաեւ իշխանական վերնախավի ու հատկապես իշխող Հանրապետական կուսակցության համար: Որքան էլ որ այդ պաշտոնը ԲՀԿ-ին է պատկանում, եւ այդ կուսակցությունն է անդամ առաջադրում դրա համար, Հայաստանի քաղաքական դաշտի կառուցվածքը ենթադրում է, որ այդ թեկնածուն պետք է ընդունելի լինի նաեւ իշխանական մեծամասնության կողմից: ՀՀԿ-ն այսօր չի քննարկում ԱԺ փոխնախագահի պաշտոնում կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի առաջադրած վերը նշված թեկնածուի հարցը, հատկապես, որ առաջադրելուց հետո այդ պաշտոնյան պետք է ընտրվի փակ-գաղտնի քվեարկությամբ: Ճիշտ է, ընտրությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կամ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իրենց կուսակիցներին կարող են հորդորել, որ ընտրեն ԲՀԿ-ի առաջադրած թեկնածուին, բայց ԲՀԿ-ում էլ հասկանում են, որ այդ մարդը պետք է ընդունելի լինի ՀՀԿ-ի համար: Հակառակ դեպքում չի բացառվում, որ նրա քվեարկությունը տապալվի: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ի համար ընդունելի թեկնածու է Վ.Բոստանջյանը: Ս.Բալասանյանը, ճիշտ է, այդ կուսակցությանն է անդամագրվել նաեւ այն պատճառով, որ հետագայում պաշտոն ունենա, սակայն նա ընդունելի թեկնածու չէ որոշ շրջանակների կողմից: Նախ՝ դրան նպաստում է այն հանգամանքը, որ նա հրաժարվել է «Օրինաց Երկիր» կուսակցությունից, ու այդ մասով նրա թեկնածությանը կարող է խոչընդոտել Արթուր Բաղդասարյանը: Բացի այդ, անցած տարի ՀՀԿ-ն այլ անկախ պատգամավորների հետ միասին՝ Ս.Բալասանյանին էլ էր տվել անստորագիր դիմումի ձեւ, որ նա ստորագրի եւ դառնա նույնանուն խմբակցության փաստացի անդամ: Մինչդեռ Բալասանյանին կարողացավ «տանել»

ԲՀԿ-ն: Ամեն դեպքում, այսօր Ս. Բալասանյանի եւ Վ.Բոստանջյանի թեկնածությունները գնահատվում են հավասարապես:

Մյուս կողմից, մեր տեղեկություններով՝ Վ.Բոստանջյանի «վրա աշխատում են» նաեւ հակառակ նպատակներով: Դալլաքյանի հետ քավորությունից հրաժարվելու մասին իր հայտարարությունից հետո Վ.Բոստանջյանը խուսափում է տարատեսակ հանդիպումներից, չի պատասխանում լրագրողների հարցերին, խուսափում է գործընկեր պատգամավորների հետ շփվելուց: Ակնհայտ է, որ նա վատ է զգում իր այդ քայլից, եւ ակնհայտ է, որ նա այդ քայլին գնացել է ստիպողաբար: Եվ հիմա, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ից փորձում են հորդորել, որ Վ.Բոստանջյանը հրաժարվի մանդատից եւ դուրս գա ԲՀԿ շարքերից: Այդպիսով փորձ է արվում եւս մեկ հարված հասցնել Գ.Ծառուկյանին: Եվ դա արվում է 2012թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ այդ ընտրությունների համատեքստում: Ճիշտ է, այս երկու կուսակցություններից էլ հավատացնում են, որ իրենց մեջ ոչ մի հակասություն չկա: Նման խոսակցությունների պատճառը ԲՀԿ-ում բացատրում են իրենց ունեցած բարձր վարկանիշով: Վ.Բոստանջյանն էլ մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց, որ որեւէ հարցում իրեն հորդորում են կամ ստիպում են:

«Մեր ռեյտինգը քաղաքական դաշտում ու հասարակության մեջ շատ բարձր է, ու դա մեր ժողովուրդը գիտի: Հատկապես Ծառուկյանի հեղինակությունը շատ բարձր է մեր ժողովրդի մեջ: Այս պարագայում հասկանալի է, որ մեր կուսակցության ներսում ընթացող խմորումները, խոսակցություններն ու ասեկոսեները անմիջապես տարածում են գտնում»,- բացատրում է Ա.Սաֆարյանը:

Ա.Սաֆարյանը նաեւ տեղեկացնում է, որ Անկախության օրվան նվիրված ընդունելության օրը Գ.Ծառուկյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը բաժակ բաժակի են խփել, կողք կողքի կանգնել եւ շատ ջերմ հայացքներ փոխանակել: Դա Սաֆարյանն ասում է՝ ի պատասխան երկու ուժերի միջեւ առկա հակասությունների մասին խոսակցությունների: Բայց ակնհայտ է, որ հաջորդ խորհրդարանում իշխանություններն ավելի քիչ տեղեր են նախատեսել ԲՀԿ-ի համար: Իսկ Վ.Բոստանջյանի ու ԱԺ փոխնախագահի հարցը կպարզվի հաջորդ շաբաթ, որպեսզի ԱԺ հաջորդ նիստին` հոկտեմբերի 4-ին, ԲՀԿ-ն հարցերը լուծած գա խորհրդարան: